«Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում բազմաթիվ հրապարակումներ ենք կատարել, որոնք խորհուրդ են տալիս սննդակարգը հարստացել բուսական ծագման սննդամթերքով, թարմ մրգերով, բանջարեղենի տարատեսակներով, սակայն գյուղմթերքի որակի հետ կապված վերջին հրապարակումները բավականին մտահոգիչ են․ ստացվում է՝ այն, ինչ պետք է որ օգներ, կարող է և վնասել։ Այս թեմայի շուրջ զրուցել ենք ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի հետ՝ փորձելով գտնել խնդրի արմատներն ու լուծման ուղիները։
– Նորություն ասած չեմ լինի՝ փաստելով, որ վերջին շրջանում քաղաքացիներին մտահոգող բազմաթիվ հարցերին գումարվել է նաև սննդի որակի խնդիրը։ Խոսքը, մասնավորապես, միրգ-բանջարեղենի կազմում հայտնաբերված թունաքիմիկատների, ծանր մետաղների և այլ նյութերի՝ առողջության համար սահմանված թույլատրելի մակարդակը գերազանցող տվյալների մասին հրապարակումներին է վերաբերում։ Արդյո՞ք այն պատկերը, որն այսօր մենք ունենք, իսկապես վտանգ է ներկայացնում հանրային առողջության համար։
–Թունաքիմիկատները, նիտրատները, ծանր մետաղները և նման նյութերը որոշակի կոնցենտրացիաներում և ազդեցության պայմաններում կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար, և դա վաղուց արդեն նորություն չէ ամբողջ աշխարհում՝ հետազոտություններով ու գիտահեն փաստարկներով ապացուցված։
Ցավոք, մեր երկրում արդեն նաև հասել ենք մի կետի, երբ այնպիսի զազրելի դեպքերի ենք ականատես լինում, որ կարելի է պարզապես վերցնել միջատասպան նյութը և փչել անմիջապես սննդի վրա։
Կարդացեք նաև
Մինչդեռ մենք բազմիցս զգուշացնում ենք՝ եթե տանը միջատներ կան, որոնց դեմ ուզում եք պայքարել, նման նյութեր կիրառելուց առաջ սննդամթերքն անպայման պետք է հավաքել, իսկ օգտագործելուց հետո բոլոր մակերեսները լվանալ և մաքրել, որովհետև այդ նյութերը կարող են վտանգավոր լինել առողջության համար։
Եվ այս առանձին դրվագով, և այն հրապարակումների մասով, որոնք եղան հայկական միրգ-բանջարեղենի կազմում թունաքիմիկատների, ծանր մետաղների պարունակության հետ կապված, սովորական քաղաքացիների մտահոգությունը տեղին ու արդարացված է։
Կախված նյութից, դեղաչափից և ազդեցության տևողությունից՝ հնարավոր են ինչպես սուր, այնպես էլ երկարաժամկետ առողջական հետևանքներ։ Որոշ նյութերի երկարատև ազդեցությունը կարող է կապված լինել նաև քրոնիկական հիվանդությունների, այդ թվում՝ որոշ չարորակ նորագոյացությունների զարգացման ռիսկի բարձրացման հետ:
Սակայն խնդիրը միայն առանձին դեպքերի կամ քաղաքացիների վարքագծի մեջ չէ։ Ես համակարգային վերահսկողության խնդիր եմ տեսնում։
Հայաստանը ժամանակին ունեցել է ուժեղ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ծառայություն, միասնական համակարգ, լաբորատոր բազա, սանիտարական բժիշկներ, համաճարակաբաններ և հիգիենիստներ։
2002 թվականին այդ միասնական ծառայությունը վերակազմավորվեց տեսչության։ 2013 թվականին տեսչությունը միավորվեց Աշխատանքի պետական տեսչության հետ, իսկ կանխարգելիչ, համաճարակաբանական և լաբորատոր գործառույթների մի մասը կենտրոնացվեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում։
Այսօր գործառույթները բաժանված են մի քանի կառույցների միջև։ Սանիտարահիգիենիկ վերահսկողությունը մի մարմնում է, սննդամթերքի անվտանգությունը՝ մեկ այլ մարմնում, համաճարակաբանական հսկողությունն ու կանխարգելումը՝ մեկ այլ համակարգում։
Այսինքն՝ մարմիններ կան, գործառույթներ և ստուգումներ ևս։ Բայց այլևս չկա այն միասնական սանիտարահամաճարակային մասնագիտական համակարգը, որը ռիսկը տեսնում էր մինչև այն խնդիր կդառնար։
Դրան ավելանում է նաև կադրային ճգնաժամը։
Տարիներ շարունակ Ագրարային համալսարանն իր վրա է վերցրել մասնագետներ պատրաստելու պատասխանատվությունը։ Բայց մենք գիտենք, թե որքան մեծ խնդիր են թափուր տեղերը Ագրարային համալսարանում։
2004 թվականին Բժշկական համալսարանում փակվեց սանիտարահիգիենիկ ֆակուլտետը։ Եթե նախկինում տարեկան պատրաստվում էր մոտ 50 մասնագետ, ապա հետագա տարիներին այդ թիվը կտրուկ նվազեց։
Այսօր հիգիենայի ամբիոնը գործում է, ունենք նաև հետբուհական պատրաստում։ Վերջին տարիներին ստեղծվեց Հանրային առողջության ֆակուլտետ։ Բայց հանրային առողջության մասնագետ պատրաստելը և սանիտարական բժիշկների հզոր դպրոց ունենալը նույնը չէ։ Բժիշկների՝ հանրային առողջության և հիգիենիկ ոլորտի մասնագետների խիստ սակավություն կա։ Մինչդեռ հենց այդ մասնագետները պետք է վերահսկեն կանխարգելիչ մասը՝ ամբողջ գործընթացը։
Սանիտարական բժշկի գործը միայն խախտում արձանագրելը չէ։ Նրա գործը վտանգը տեսնելն է մինչև հետևանքների առաջացումը։
– Ստացվում է՝ շատ դեպքերում կիրառվող թունաքիմիկատների վերահսկման ողջ գործառույթն ու պատասխանատվությունը հողը մշակողի վրա՞ է։ Դա ինչպե՞ս է կատարվում։
Շատ երկրներում թունաքիմիկատների շրջանառության տարբեր փուլերը՝ վաճառքից և կիրառությունից մինչև մնացորդների ու ժամկետանց նյութերի անվտանգ հեռացում, ենթակա են պետական կարգավորման և վերահսկողության:
Իսկ մեր երկրում կարելի է մտնել ցանկացած խանութ, որտեղ թունաքիմիկատներ են վաճառվում, և գնել՝ ինչ կամենաս։ Բայց հետո ի՞նչ է տեղի ունենում։ Որտե՞ղ է վերահսկողությունը։
Չէ՞ որ աշխարհում ձեռքբերման, կիրառման ու վերացման ողջ շղթան վերահսկվում է պետության կողմից։ Ո՞վ վաճառեց, ինչքա՞ն էր մնացորդը, իսկ երբ դրանց ժամկետն անցնում է, ի՞նչ է տեղի ունենում, ինչպե՞ս են դրանք ուտիլիզացվում։
Անվանեցին «օպտիմիզացիա», բայց իրականում մի քանի կառույց վերցրեցին և իրար միացրեցին, սակայն հարցը վերջնականապես չլուծվեց։
Գյուղացին գնում է խանութ և ասում՝ «թրթուր ունեմ, մի բան կտա՞ք թրթուրի դեմ»։ Կամ բերում է պտուղը և ասում՝ «պտղիս վրա այս վնասատուն է»։ Նրան ասում են՝ ինչ դեղ է պետք, նա գնում է, օգտագործում է, այդ տարի սրսկում է, իսկ հետո նյութի մի մասը մնում է իր դարակում։
Հաջորդ տարի նյութի ժամկետն անցնում է, և այստեղ արդեն հարց է առաջանում՝ որտե՞ղ և ինչպե՞ս է այն հեռացվում։ Եթե ժամկետանց նյութերի հավաքման և անվտանգ հեռացման հստակ մեխանիզմ չկա կամ չի կիրառվում, դրանք կարող են հայտնվել կենցաղային աղբի կամ կոյուղու մեջ։
Բայց իրականում այդ ամենը վերահսկվող գործընթացներ պետք է լինեն։
Մենք գիտենք, որ սնունդը մարդու առողջության վրա անմիջական ազդեցություն ունեցող ամենագլոբալ միջավայրային գործոններից մեկն է։
Դեռ Հիպոկրատի ժամանակներից ասում ենք՝ մենք այն ենք, ինչ ուտում ենք։ Սնունդը մի կողմից կարող է դեղ հանդիսանալ, մյուս կողմից՝ վնասակար ազդեցություն ունենալ։ Այսինքն՝ պետք է հասկանանք, թե ինչպես է պետք այս ամենը կառավարել և սա անհատի մակարդակով լուծելու խնդիր չէ։
Այս հարցերը պետք է պրոակտիվ կերպով լուծվեն։ Նախ և առաջ մենք պետք է առաջնորդվենք կանխարգելիչ նպատակներով։
Որքան ավելի զարգացած է պետությունը, այնքան այդ պետությունում ավելի զարգացած է կանխարգելիչ ճյուղը։ Որովհետև ցանկացած հիվանդություն անհամեմատ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել դրա հետևանքները, առավել ևս՝ չարորակ նորագոյացությունների ձևով։
Ես մոտ երկու ամիս առաջ իմ էջում հրապարակել էի Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալները, որոնք ցույց են տալիս չարորակ նորագոյացությունների գրանցված դեպքերի աճ, և դա ևս մեկ անգամ ընդգծում է կանխարգելման ու ռիսկի գործոնների վերահսկման կարևորությունը։
Վերջիվերջո այս ամենն իր հետ բերում է պատասխանատվություն, և ստացվում է՝ այս բոլոր համակարգային բացերի վերջնական գինը հաճախ վճարում է քաղաքացին՝ սեփական առողջությամբ։
Քաղաքացին իր մակարդակում կարող է մրգերն ու բանջարեղենը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով, անհրաժեշտության դեպքում հեռացնել արտաքին շերտերը կամ կեղևը։ Բայց պետք է հստակ հասկանալ՝ սննդամթերքի անվտանգության համակարգային խնդիրը միայն լվանալով լուծել հնարավոր չէ։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ


















































