Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրիցիա Կաասը՝ փայտի վրա

Ապրիլ 04,2003 00:00

Պատրիցիա Կաասը՝ փայտի վրա Վերջերս Փարիզում կազմակերպվել էր Գագիկ Դանիելյանի փայտե քանդակների ու խաչքարերի ցուցահանդեսը։ Կազմակերպիչը մեր ֆրանսաբնակ հայրենակից Հարութ Ավոյանն էր։ Նա Երեւան էր ժամանել 2001թ. սեպտեմբերին՝ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ։ Հենց այդ ժամանակ էլ բոլորովին պատահաբար ծանոթացել է Գ. Դանիելյանի հետ։ Վերջինիս ստեղծած խաչքարերն ու փայտակերտ գործերը այնպես են ապշեցրել հայրենիք ժամանած Հ. Ավոյանին, որ միանգամից 10 խաչքար է տարել Փարիզ։ Իսկ 2003-ի գարնանը նրա աջակցությամբ այնտեղ բացվել է հայ խաչքարագործի ցուցահանդեսը։ Գ. Դանիելյանը գոհունակությամբ նշում է, որ Ֆրանսիայում իր փայտե խաչքարերով հետաքրքրվում են ինչպես հայերը, այնպես էլ ֆրանսիացիները։ Ըստ նրա, «անգամ աշխարհահռչակ երգչուհի Պատրիցիա Կաասը, իմանալով ցուցահանդեսի մասին, իր խմբի անդամներից մեկին ուղարկել է խաչքար գնելու»։ Դրանից հետո վերջինս առաջարկել է փայտի վրա փորագրել Կաասին ու խոստացել, որ երգչուհին լավ կվարձատրի։ Գ. Դանիելյանը Պատրիցիա Կաասի ցանկությունը որոշել է իրականություն դարձնել հունիսին՝ Ֆրանսիա մեկնելուն պես։ Նա հավանաբար այս անգամ Փարիզ կմեկնի հայրենիք չվերադառնալու հստակ մտադրությամբ, քանի որ այնտեղ աշխատելու բացառիկ պայմաններ է տեսնում։ Նրան խոստացել են լավ արվեստանոց, բնակարան, ուր կարող է տեղափոխել նաեւ կնոջն ու դուստրերին։ Գ. Դանիելյանը ցավում է հայաստանաբնակ արվեստագետների համար, որոնք զրկված են ստեղծագործելու հնարավորությունից։ Ավելին, հաճախ ստիպված են լինում իրենց աշխատանքները վաճառել արվեստից ոչինչ չհասկացող մարդկանց եւ դրանց դիմաց ստանալ գրոշներ։ Նա հիշեց, թե ինչպես է Հայաստանում հայտնի գործարարներից մեկը իրեն առաջարկել «տան դռան վրա գեղեցիկ զարդեր փորագրել, սակայն դրա դիմաց ոչ մի լումա չի վճարել»։ Իսկ նրա աշխատողները արվեստագետին ծեծել են, երբ վերջինս իր աշխատանքի դիմաց պահանջել է խոստացված առանց այն էլ չնչին գումարը։ Գ. Դանիելյանը չցանկացավ հայտնել «քցող» գործարարի անունը, հետեւյալ մտավախությամբ. «Մեր կյանքը նման է ամերիկյան անմակարդակ ֆիլմերի։ Եթե ես նրա անունը հայտնեմ, հնարավոր է երեխաներիս որեւէ վատ բան պատահի, ինձ սպառնացել են»։ Ի դեպ, Գ. Դանիելյանը գայթակղիչ աշխատանքային առաջարկ է ստացել նաեւ Սանկտ Պետերբուրգից։ Նրա համար միեւնույն է, թե ուր կմեկնի, քանի որ հիասթափված է Հայաստանում տիրող վիճակից։ Իսկ դանիելյաններն այսօր, ցավոք, 1-2-ը չեն։ Ն. ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել