Այսօր արցախցի մի շարք հասարակական ու քաղաքական գործիչներ Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրվեց Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, որով ավարտվեց 44-օրյա արցախյան պատերազմը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած փաստաթուղթն ուժի մեջ մտավ նոյեմբերի 10-ից։
«Չեմ կարողանում այս օրը երբեք մոռանալ այն համատեքստում, որ դրանից հետո իշխանությունների համար հնարավոր էր այս դադարը տեղի ունենալ ավելի շուտ, քան նոյեմբերի 9-ին, և հետևաբար կունենայինք ավելի քիչ զոհեր, սակայն դա տեղի չի ունեցել ինչ-որ բացատրությունների համատեքստում. սա ինձ համար ամենացավոտն է»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
Ըստ նրա՝ այն, թե ինչպես հասանք այս վիճակին, ամեն անգամ խորհելու տեղիք է տալիս։
Կարդացեք նաև
«Չկա մի իշխանություն, որի օրոք սխալներ թույլ չեն տրվել, որոնք անդրադարձել են մեզ վրա նոյեմբերի 9-ի տեսքով, սակայն այն, ինչ արեց այս իշխանությունն այդ օրը, այդ օրերին ու դրանից հետո, ուղղակի համեմատության եզր չունի։ Տրված էր ժամանակ՝ մի կտոր Արցախը հայկական պահելու, վերակազմակերպվելու ու բարոյահոգեբանական վիճակից դուրս գալու, և այդ հինգ տարիների ընթացքում դիվանագիտությունն այն վիճակին պահելու, որ կարողանայինք Արցախը հայկական պահել։ Նոյեմբերի 9-ից հետո էլ չենք կարողացել վերաիմաստավորել պատահածը, ու այսօր էլ չի ստացվում»,- ասաց Թանդիլյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է համարում, որ այս իշխանությունների օրոք 44-օրյա պատերազմի իրական պատասխանատուները ենթարկվեն իրավական պատասխանատվության, Թանդիլյանն այսպես արձագանքեց.
«Երբ 2021-ին այս իշխանությունները վերարտադրվեցին, ես հասկացա, որ այդ հույսը չեմ կարող ունենալ։ Ուղղակի միամտություն է։ Որովհետև այն իշխանությունը, որը մինչ այսօր Հայաստանի ղեկին է, այլ բան, քան ՀՀ պետականության կործանումը, չի կարող անել և չի անում։ Եվ այդ բոլոր քայլերն իրականացրեց, որը տանում է ՀՀ պետականության կործանման»։
Թանդիլյանը նկատեց, որ գերիների վերադարձի, ինչպես նաև արցախցիների՝ Արցախ վերադարձի հարցերն այս իշխանությունները հանել են իրենց օրակարգից։
«Եթե խոսում ենք խաղաղության, իսկական խաղաղության մասին, ապա առաջին հերթին այդ մարդկանց վերադարձով է խորհրդանշվելու խաղաղության գործընթացը։ Ալիևը Հայաստանին չի դիտարկում որպես գործընկեր, որի հետ խաղաղություն է կնքում։ Հայաստանին ու իշխանություններին դիտարկում է որպես մի տարածք, որից ժամանակի ընթացքում կորզելու է ամեն բան։ Ինչ-որ մարդիկ ինչ-որ փուլերում կվերադառնան, բայց Փաշինյանի օրոք ռազմաքաղաքական ղեկավարությունը շանս չունի վերադառնալու։ Այդ մարդիկ մեր պայքարի, հայ ժողովրդի 30-ամյա պայքարի խորհրդանիշներն են»,- ասաց Թանդիլյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































