Համախմբման կոչին արձագանքած ուժերի եւ հասարակական-քաղաքական այլ գործիչների հետ հանդիպումից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ասաց.
«Մենք հավաքների շարք ենք սկսում մեր հանրության տարբեր ակտիվ գործիչների հետ։ Եվ ներկայացնում ենք մեր քայլերի հաջորդականությունը, մեր ծրագրերը։ Այսօր այն կուսակցությունները, որոնք արդեն իսկ ստորագրել են, միացել են ալիեւյան սահմանադրությանը դեմ գնալու պրոցեսին, կրկին ներկա են։
Մեզ նաեւ միանում է «Միասնության թեւերը»։ Եվ հետագայում պարոն Ասլանյանին, իրենց առաջնորդներին նույնպես կտեսնեք մեզ միացած։ Այսօր որոշում ներկայացրինք, որ վաղը ստորագրած կուսակցությունների ղեկավարները, ակտիվ անդամները կսկսեն իրազեկման ակցիաներ։ Ղեկավարները շատ կարեւոր են, ովքեր ազատության մեջ են իհարկե։ Իրազեկման ակցիաներ Երեւանով մեկ, որպեսզի մեր հանրությանը ներկայացնենք ալիեւյան սահմանադրության վտանգները։ Խոսենք մեր հանրության հետ մեր անկախության եւ մեր անկախության վերահաստատման մասին»։
Անդրադառնալով այն տեսակետին, որ արտաքին դերակատարները կոնսոլիդացիա ունեն Փաշինյանի իշխանության շուրջ եւ հնարավոր համարո՞ւմ է այս համախմբումով կոտրել դա՝ Նարեկ Կարապետյանը պատասխանեց. «Մեր երկիրը ունի սահմանադրություն, մեր երկիրը անկախ երկիր է, ոչ ոք իրավունք չունի որոշի, թե ինչ սահմանադրություն մենք պետք է ունենանք։ Մենք մեր սահմանադրության պաշտպանն ենք, սահմանադրությունը մեր անկախության պաշտպանն է։ Անկախության հռչակագիրը մեր անկախության հիմքն է։ Եվ մեր ժողովրդի քաղաքական կուսակցությունների նշանակալի մասը արդեն այդ որոշումը կայացրել է»։
Կարդացեք նաև
Երեք ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների կալանավորման մասին Նարեկ Կարապետյանն ասաց. «Սամվել Կարապետյանի կալանքը եղավ այն ժամանակ, երբ բոլոր ուժերի հետ հանդիպման օրը նշանակված էր։ Այսինքն, դա միասնականության դեմ քայլ էր։ Մեր ղեկավարի վճռականությանը բոլորը տեղյակ են եւ մեր ուժն Ալիեւին տալու սահմանադրություն չունի։
«Մենք ստորագրել ենք հակաալիեւյան պակտը եւ ալիեւյան սահմանադրության դեմ բոլորը կոնսենսուս ունեն։ Այս պահին մեր պայքարը ալիեւյան սահմանադրության դեմ է, եւ բոլորը միաձայն դրան կողմնակից են։ Եվ եթե կարիք լինի փողոցում պաշտպանել մեր սահմանադրությունը, հուսով եմ, մեր հանրությունը այդ քայլը կանի։ Եվ մենք ամբողջությամբ այդ պրոցեսի մեջ կլինենք»,-ասաց նա։
Իսկ դիտարկմանը, որ Փաշինյանն ասում է՝ ընդդիմությունը ոչ թե դեմ է սահմանադրությունը փոխելուն, այլ խաղաղությանը, Նարեկ Կարապետյանը պատասխանեց. «Կա նախաստորագրված խաղաղության պայմանագիր։ Խաղաղության պայմանագրի մեջ անգամ խոսք չկա սահմանադրության փոփոխության մասին։ Մեր ուժն ասում է՝ խաղաղության պայմանագիրը ստորագրեք։ Սահմանադրության փոփոխությունը Ալիեւի նոր պահանջն է։ Եթե խաղաղության պայմանագրից առանձին նոր պահանջ ունի, ո՞րն է մեր առհավատչյան, որ դրանից մի քիչ հետո էլ նոր պահանջ չի ունենա։ Էլ զիջման տեղ չկա»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































