Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են պատերազմի մարդկային հետևանքները, ատելության խոսքի և ապատեղեկատվության տարածման վտանգները

Նոյեմբեր 08,2026 19:17 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 8-ին Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել «Պատերազմից խաղաղություն․ մարդկային պատմություններ՝ հանուն հույսի և դիմակայունության» թեմայով ասուլիսը, որի ընթացքում քննարկվել են պատերազմի մարդկային հետևանքները, ատելության խոսքի և ապատեղեկատվության տարածման վտանգները, ինչպես նաև մարդկային պատմությունների դերը խաղաղության մշակույթի ամրապնդման գործում։

Ասուլիսի բանախոսներն էին Օլենա Կվաշան՝ «Սուսպիլնե Օդեսա» հեռուստաընկերության պրոդյուսեր, մեդիա փորձագետ, Օլգա Գրիտնևան՝  «Սուսպիլնե Օդեսա» հեռուստաընկերության պրոդյուսեր, Մեդիա փորձագետ, «Մեր ցավի անունը պատերազմ է․ մարդկային պատմություններ՝ ընդդեմ պատերազմի, ատելության խոսքի և ապատեղեկատվության» ծրագրի շրջանակում՝ Ուկրաինայում ծրագրի համակարգող և Անուշ Ասլանյանը՝ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ, «Մեր ցավի անունը պատերազմ է․ մարդկային պատմություններ՝ ընդդեմ պատերազմի, ատելության խոսքի և ապատեղեկատվության» ծրագրի ղեկավար:

Անուշ Ասլանյանի խոսքով՝ ծրագիրը հայ և ուկրաինացի գործընկերների համատեղ նախաձեռնությունն է, որի հիմքում երկու երկրների հասարակությունների առջև ծառացած ընդհանուր խնդիրներն են։ Պատերազմը ոչ միայն մարդկային կորուստների ու ցավի պատճառ է դարձել, այլև նպաստել է ատելության խոսքի և ապատեղեկատվության տարածմանը։ Նրա խոսքով՝ հատկապես վտանգավոր է, երբ հասարակությունն աստիճանաբար սովորական է համարում այդ երևույթները և դադարում արձագանքել դրանց։

Ծրագրի շրջանակում ստեղծվել են ապատեղեկատվության և ատելության խոսքի նվազեցմանն ուղղված 10 իրազեկող տեսահոլովակներ, ինչպես նաև կազմակերպվել է լուսանկարների հավաքագրում։ Հայաստանից և Ուկրաինայից ընտրվել է ընդհանուր առմամբ 20 լուսանկար, որոնց մի մասը պատմում է պատերազմի հետևանքների մասին, իսկ  մյուս մասը  հույսի և դիմակայունության մասին։

Ասուլիսի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մարդկային պատմությունների նշանակությանը։ Անուշ Ասլանյանը ներկայացրել է 15-ամյա պատանու պատմությունը, որը լուսանկարում պատկերել էր պատերազմում զոհված հոր ժամացույցը։ Երբ նրան հարցրել են՝ լուսանկարը պատերազմի՞, թե՞ հույսի շարքում տեղադրել, պատանին ընտրել է հույսը՝ ընդգծելով, որ չնայած կորստին՝ շարունակում է ապրել։ Ըստ Ասլանյանի՝ նման պատմությունները հնարավորություն են տալիս պատերազմը ներկայացնել ոչ թե միայն վիճակագրության, այլև կոնկրետ մարդկանց ապրումների ու փորձառությունների միջոցով։

Բանախոսներն անդրադարձել են նաև մեդիագրագիտության կարևորությանը, փաստերի ստուգմանը, քարոզչության և ապատեղեկատվության տարբերակմանը։ Ընդգծվել է, որ անհրաժեշտ է հատկապես երիտասարդներին սովորեցնել քննադատաբար գնահատել սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները։

Ասուլիսն ավարտեցինք այն հույսով, որ հնարավորինս շուտ կավարտվի նաև պատերազմը, և խաղաղություն կհաստատվի: Ուկրաինացի հյուրերը, որոնք Հայաստանում գտնվելու կարճ ժամանակահատվածում հասցրել էին հիանալ հայկական լեռներով ու բնությամբ, նշեցին, որ ամենևին չեն ափսոսում Ուկրաինայից Հայաստան մի քանի ինքնաթիռ փոխելու և օրեր տևած ճանապարհի դժվարությունները հաղթահարելու համար։ Նրանք շնորհակալություն հայտնեցին հայ գործընկերներին հյուրընկալության համար և իրենք ևս հրավիրեցին, պատերազմի ավարտից հետո,  հայ գործընկերներին այցելելու Ուկրաինա։

ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30