Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՋՈԼՅԱՆ-2

Ապրիլ 11,2003 00:00

ԲՈՋՈԼՅԱՆ-2 Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում լսվում էր Նինա Շիլինայի, Իվետա Ֆիլկովայի, Էդգար Ֆիլկովի, Ալեքսանդր Գասպարյանի եւ Արթուր Օգանեզովի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Վերոհիշյալ անձինք մեղադրվում են հայրենիքի դավաճանության, դիվերսիայի եւ լրտեսության մեջ։ Նախագահողն էր դատավոր Գայանե Կարախանյանը։ Երեկվա նիստի ժամանակ ցուցմունքներ էր տալիս Էդգար Ֆիլկովը (նրա կինն էր Նինա Շիլինան)։ Նիստի սկզբում երկու եղբայրներն էլ բժշկական տեղեկանքներ ներկայացրին, որտեղ նշված էր, որ Էդգար Ֆիլկովը 1992-ին տառապել է նեւրոզով։ Ըստ ամբաստանյալի ցուցմունքի, ինքը տեղյակ է եղել Շիլինայի գործունեությանը, սակայն չի ընդվզել եւ չի հայտնել որեւէ տեղ, քանի որ կինը, որը նրանից մեծ է 22 տարով, ժամանակ առ ժամանակ մեկնելով մեկ՝ Թբիլիսի, մեկ՝ Ռուսաստան, մեկ՝ Ղարաբաղ, իր հետ բերել է 120-300 դոլար գումար։ Դե, փող էր պետք։ Ըստ ամբաստանյալի, ինքը ոչ միայն հասկացել է, թե ինչ բնույթի ծառայությունների դիմաց են ստացվում այդ փողերը, այլեւ ինքը եւս առաջարկ է ստացել տրամադրել Ադրբեջանի հատուկ ծառայություններին ռազմական, տնտեսական եւ, ինչպես ինքն ասաց, տարբեր բնույթի տեղեկություններ, որից, սակայն, հրաժարվել է։ Հետաքրքիրն այն է, որ նախաքննության ժամանակ Էդգար Ֆիլկովը լիովին ընդունել է իր մեղքը, սակայն նիստին հրաժարվում էր, պատճառաբանելով, թե օպերատիվ ծառայության աշխատակիցները եւ քննիչները իրեն ապակողմնորոշել են, եւ ինքը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որին լիովին ծանոթ չի եղել։ Դատարանում պարզեցին, որ փաստաթուղթը ստորագրված է մի քանի անձի կողմից եւ որեւէ ճնշում ամբաստանյալի վրա չի գործադրվել։ Եվ Ֆիլկովը հաստատեց այդ։ Նինա Շիլինայի հետ նա պարբերաբար այցելել է Բաթում, Ղարաբաղ եւ Հայաստանի այլ շրջաններ, որտեղ կինը լուսանկարել է վայրեր, որոնք ինչ-ինչ նշանակություն են ունեցել իրենց աշխատանքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել