Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինոն թամաշա չէ»

Ապրիլ 11,2003 00:00

«Կինոն թամաշա չէ» «Կինո ասելով այսօրվա սերունդը լավագույն դեպքում հասկանում է Ռոդրիգես, վատագույն դեպքում՝ «Քաղցրիկը Ալաբամայից», կինոն չպետք է դառնա թամաշա»,- երեկ Կինոյի տանը տված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ռեժիսոր, Անկախ ֆիլմարտադրողների եւ աուդիո վիզուալ արվեստների «Մասնավոր հայացք» կինոփառատոնի տնօրեն Հովհաննես Գալստյանը։ Priwate look կինոփառատոնը կովկասյան տարածաշրջանում Խորհրդային Միության փլուզումից հետո հիմնադրված եւ գործող միակ միջազգային կինոփառատոնն է։ Այն անցկացվում է Բաց հասարակության ինստիտուտի Օժանդակության հիմնադրամի (OSIAF- Armenia) դրամաշնորհի միջոցներով եւ հայաստանյան մի խումբ գործարարների աջակցությամբ։ Այս տարի կինոփառատոնին մասնակցել է 7 երկիր՝ Սլովակիան, Բուլղարիան, Լատվիան, Ռուսաստանը, Թուրքիան եւ Հայաստանը։ Առանձին ծրագրով ներկայանալու են ԱՊՀ 5 երկրներ, նաեւ Մոնղոլիան, Լիտվան, Էստոնիան եւ Ուկրաինան։ Կինոփառատոնին ներկայացված է երկու հայկական ֆիլմ՝ Արմեն Դովլաթյանի «Ուրվանկար» եւ Էդգար Բաղդասարյանի «Սուրբ ծեսերի երկիրը», որով էլ ապրիլի 18-ին տեղի կունենա կինոփառատոնի բացումը։ «Առավոտի» հարցին, արդյոք գեղարվեստակա՞ն է ֆիլմը, ռեժիսորը պատասխանեց, որ խաղարկային է, չնայած նրանում չկան դերասաններ, քանի որ, ըստ Էդգար Բաղդասարյանի, երբեմն ջուրը, օդը եւ քարը ավելի լավ դերասանություն են անում։ Քանի որ Հայաստանում դեռ կինոյի մասին համապատասխան օրենք գոյություն չունի, Հովհաննես Գալստյանը կարծում է, որ մենք շատ բան ունենք սովորելու այլ երկրներից. «Մեզ համար կարեւոր է վերցնել Բուլղարիայի, Սլովենիայի փորձը, նրանք էլ իրենց հերթին սովորել են Եվրոպայից, այսինքն՝ մենք պետք է վերցնենք ուսումնասիրության ուսումնասիրությունը»։ Կինոփառատոնին, գործունեության երեք տարում էլ, չի մասնակցել Ադրբեջանը։ «Այս տարի մենք ուղղակի նրանց չդիմեցինք»,- ասում է Հովհ. Գալստյանը։ Ըստ նրա, կինոն ամենամեծ արվեստներից մեկն է ու չպետք է քաղաքականացվի։ Փոխարենը նա կարեւոր ձեռքբերում համարեց այն, որ կինոփառատոնին ներկայացված է Թուրքիայի կողմից առաջարկված մեկ ֆիլմ։ Ըստ նրա, դարավոր հակամարտությունը կարող է լուծվել միայն մշակութային համագործակցության դեպքում։ «Մենք այնպիսի ֆիլմեր ենք ցուցադրում, որոնցում կոնֆլիկտ կա, որոնցում երեւում է հեղինակի մասնավոր հայացքը»։ Կինոփառատոնի ժամանակ ցուցադրվելու է չեչենական մեկ ֆիլմ, այս փաստը Հովհաննես Գալստյանը համարեց իրենց «դիրքորոշումը»։ Այս տարվա «Մասնավոր հայացք» կինոփառատոնի կազմակերպիչները մրցանակ են սահմանել ոչ միայն ռեժիսորներին, այլ նաեւ մեկ լրագրողի։ «Այս մրցանակը տալու ենք ամենաքննադատական ու վերլուծական լրագրողական աշխատանքին»,- ասաց Հովհ. Գալստյանը։ ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել