Լրահոս
Օրվա լրահոսը

Նախ կառուցում են, հետո՝ օպտիմալացնում

Ապրիլ 15,2003 00:00

Նախ կառուցում են, հետո՝ օպտիմալացնում Լոռու մարզում արդեն սկսվել են դպրոցների միավորման նախապատրաստական աշխատանքները։ Մասնավորապես, թիվ 3 նորակառույցի աշակերտական ու ուսուցչական կոլեկտիվը կմիավորվի թիվ 4 նորակառույցի կոլեկտիվի հետ։ Այդ շենքերից ո՞րը կազատագրվի եւ հետագայում ինչի՞ կծառայի կամ տնօրեններից ո՞վ կմնա՝ դեռ պարզ չէ։ Հետաքրքիր է, եթե այդքան շատ անհրաժեշտություն կար այդ դպրոցները միավորելու, այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ 2 դպրոցների շենքերի հաջորդաբար վերականգնելը եւ որպես դպրոց ժապավեն կտրելու արարողությունը. չէ՞ որ այդ շենքերից մեկին հատկացված գումարները կարելի էր տրամադրել Վանաձորում առկա շուրջ 80 վթարային շենքերից գոնե մեկի ամրացմանը։ Հատկանշական է, որ երբ ամիսներ առաջ խոսակցություններ էին գնում 3-րդ եւ 4-րդ դպրոցների միավորման վերաբերյալ, իշխանությունները դա ջանասիրաբար հերքում էին, իսկ այժմ արդեն պաշտոնապես ազդարարվել է տեղական մամուլում եւ հեռուստատեսությամբ։ Ի դեպ, միացումներ կլինեն նաեւ Սպիտակ եւ Ստեփանավան քաղաքներում, իսկ թիվ 16 դպրոցը Վանաձորում ընդհանրապես կլուծարվի, ինչը նշանակում է, որ «Կոնգո» կոչվող թաղամասի երեխաները պետք է 2-3 ավտոկանգառ անցնեն՝ «Ժդանովի» կամ «3-րդ մասի» դպրոցները հաճախելու համար։ Ինչ խոսք, սա սկիզբն է, քանի որ իշխանությունները թերեւս գլխի են ընկել, որ առաջիկայում հազիվ թե ծնելիությունը մեծանա կամ երկրից «քոչածները» վերադառնան։ Հարկ է հիշատակել, որ դեռեւս 1997թ. ծրագրվում էր Լոռու մարզի դպրոցները միավորել, բայց ոչ նորերը կառուցելուց հետո։ Իսկ հիմա պարզվում է, աղետի գոտում դպրոցաշինության ավարտն ազդարարելուց անմիջապես հետո ազդարարվում է դպրոցների միավորման եւ աշխատանքային կրճատումների մասին։ «Ուզենք թե չուզենք՝ կրճատումներն անխուսափելի են դառնում»,- վանաձորյան հեռուստատեսությամբ խոստովանեց Լոռու մարզպետարանի կրթության վարչության պաշտոնյաներից մեկը՝ դպրոցների միավորման առնչությամբ ելույթի ժամանակ։ Ենթադրվում է, թե մանկավարժների առավել «խոցելի» մասին որպես այլընտրանք կառաջարկվի ուղեւորվել մարզի հեռավոր գյուղերը, որտեղ, ի տարբերություն քաղաքների, մանկավարժական կադրերի մեծ պահանջարկ կա (Հատկապես սահմանամերձ գյուղերը հիմնականում բանակից խուսափող նորավարտ մանկավարժների հույսին են)։ Հիշեցնենք, որ կրթական բարեփոխումներն իրենց մեջ ներառում են նաեւ դասարանների միացումը, եւ այս ֆոնի վրա էլ մանկավարժները մտահոգվելու առիթ ունեն, մանավանդ որ որոշ դպրոցներում դեռ տարեսկզբին նախազգուշացումներ արվել են։ Մինչերկրաշարժյան տարիների համեմատությամբ Վանաձորում դպրոցների թիվն ավելացել է 5-ով։ Սա բավական չէր, սփյուռքից եկած գումարներով էլ որպես մանկապարտեզ կառուցված մի շենք էլ դարձավ վարժարան։ Այս ամենն այն դեպքում, երբ վերջին 5-7 տարիներին աշակերտների թիվը հետզհետե նվազում էր։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել