Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԴԵՄՈԿՐԱՏԻԱ

Ապրիլ 19,2003 00:00

ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԴԵՄՈԿՐԱՏԻԱ երեկ եւ այսօր Ժամանակակից աշխարհում քրիստոնեա-դեմոկրատական գործոնը հանդիսանում է հանրային եւ քաղաքական կյանքի կարեւորագույն գործոններից մեկը: Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի երկրների XX դարի երկրորդ կեսի պատմությունը ցույց տվեց, որ հենց քրիստոնեա-դեմոկրատիան դարձավ արեւմտյան աշխարհում հասարակական, քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ հոգեւոր բազմաթիվ խնդիրների լուծման բանալին՝ նպաստելով հետպատերազմյան Եվրոպայի վերականգնմանը եւ առողջացմանը, եվրոպական միասնության կայացմանը եւ մարդու արժանավայել կյանքի ուղու ապահովմանը: Հայաստանի համար, որն իր քրիստոնեական հավատքի եւ մշակույթի ավանդույթներով կապված է Եվրոպայի հետ, եւս հետաքրքիր եւ օգտակար կլինի ճանաչել քրիստոնեական դեմոկրատիայի արժեքային համակարգն ու անցած ուղին: Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը, որը հիմնադրվել է 1990թ., եւս հանդիսանում է միջազգային քրիստոնեա-դեմոկրատական շարժման մասը՝ համապատասխանաբար կիսելով այն սկզբունքներն ու արժեքները, որոնք ընկած են տվյալ գաղափարախոսության եւ քաղաքական հոսանքի հիմքում: Արդի քրիստոնեա-դեմոկրատիայի առանձնահատկությունը նաեւ այն է, որ առաջնահերթ է համարում մարդու եւ հասարակության հոգեւոր ոլորտը, լուծում է բոլոր կոնկրետ քաղաքական, սոցիալական եւ տնտեսական հիմնախնդիրները՝ քրիստոնեական բարոյականության տեսանկյունից: Մարդը պետք է կանգնած լինի քաղաքական եւ տնտեսական կյանքի կենտրոնում: Այսպես, քրիստոնեական դեմոկրատիան հռչակում է յուրաքանչյուր մարդկային էակի գերակա արժեքը: Մարդն այստեղ հանդես է գալիս որպես պատմության սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ, որի վրա անընդհատ փորձարկումներ են կատարվում: Քրիստոնեության արժեքային համակարգի հիմքի վրա քրիստոնեա-դեմոկրատիան յուրաքանչյուր մարդու մեջ տեսնում է անհատականություն, այսինքն` մարդկային էակ, իր տեսակի մեջ եզակի, անկախ: Միաժամանակ իր ազատության, պատասխանատվության եւ համերաշխության հետ կապված` մարդը պետք է մասնակցի հասարակության կայացմանը: Քրիստոնեական դեմոկրատիան ճանաչում է ազատությունը որպես մարդուն ներքուստ հատուկ էություն: Այն յուրաքանչյուրի համար ենթադրում է իրավունք եւ պարտականություն` լիովին պատասխանատու լինել սեփական որոշումների եւ արարքների համար, այսինքն` պատասխանատու լինել ինչպես մերձավորի, այնպես էլ Աստծո Արարչագործության հանդեպ: Քրիստոնեա-դեմոկրատական միտքն ու քաղաքական գործունեությունը հիմնվում են փոխկապակցված հիմնարար արժեքների վրա, որոնք համահավասար ձեւով կարեւոր են եւ ունեն համընդհանուր կարեւորություն. ազատություն եւ պատասխանատվություն, հիմնարար հավասարություն, արդարություն եւ համերաշխություն: Ազատությունն այստեղ հանդես է գալիս որպես ինքնավարություն եւ պատասխանատվություն, այլ ոչ թե անպատասխանատու անկախություն՝ պատասխանատու դարձնելով յուրաքանչյուրին իր արարքների համար ոչ միայն սեփական խղճի, այլեւ հանրության եւ հետնորդների առջեւ: Հիմնարար հավասարության դրույթից բխում է, որ բոլոր մարդիկ հավասար են, քանզի օժտված են միեւնույն արժանապատվությամբ: Չնայած ունակություններում, տաղանդներում եւ հմտություններում եղած տարբերություններին, յուրաքանչյուր ոք պետք է ունենա ազատության եւ հավասարության մեջ զարգանալու հնարավորություն, ինչպիսին էլ որ լինի նրա ծագումը, սեռը, տարիքը, ռասան, ազգությունը, հավատքը, համոզմունքները, հասարակական դիրքը կամ առողջության վիճակը: Արդարության միջոցով քրիստոնեական դեմոկրատիան ստեղծում է պայմաններ, որոնք թույլ կտան մարդկանց հասնել ազատության եւ, կախված նրա բնույթից եւ նպատակներից, իրացնել նաեւ հասարակական ազատությունը: Արդարության բնութագրիչն է հանդիսանում յուրաքանչյուրին իրեն հասանելիքի տրամադրումը, ինչպես նաեւ ներդաշնակ հարաբերությունների վրա հիմնված հասարակության կյանքի հետ միաժամանակ առավելագույն հավասար հնարավորությունների ակտիվ փնտրումը: Վերջապես, քրիստոնեա-դեմոկրատական գաղափարախոսությունը շեշտ է դնում համերաշխության ոգու վրա, որի միջոցով գիտակցվում է մարդկանց եւ նրանց հանրությունների փոխկախվածությունն ու փոխադարձ կապը: Այն նաեւ կոնկրետ գործողություն, մասնակցություն եւ գործնական օգնություն է: Մեկ անհատի վերաբերող իրադարձությունը արտահայտվում է մյուսի կամ մյուսների վրա: Եվրոպական մայրցամաքում քրիստոնեա172դեմոկրատական շարժման արմատները բավականին խորն են: Դեռեւս վաղ միջնադարում քրիստոնեական խոշոր մտածողները հանդես էին գալիս «երկնայինի» եւ «երկրայինի» միջեւ անխզելի կապի մասին: XIX դարում ֆրանսիացի մտածող Շատոբրիանը հայտարարում էր, որ ապագայի գաղափարը քրիստոնեությունն է՝ «մարդկային ազատության գաղափարը»: Այդ ժամանակ էլ քրիստոնեական դեմոկրատիան վերածվում է կայուն քաղաքական հոսանքի՝ գրավելով քաղաքական կենտրոնի տեղը, ընդ որում, չփնտրելով իշխանությունների համակրանքը կամ հովանին, այլ կառուցողականորեն հավասարակշռելով քաղաքական համակարգը: Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայում, մասնավորապես՝ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում ձեւավորվեց Քրիստոնեա-դեմոկրատական միություն, ինչով զարկ տրվեց քրիստոնեա-դեմոկրատական շարժման քաղաքական եւ տնտեսական հաջողություններին: 1940-50-ական թթ.-ին քրիստոնեա-դեմոկրատական քաղաքական հոսանքի առաջնորդները մշակեցին եւ առաջ քաշեցին Եվրոպայի քաղաքական, տնտեսական, սոցիալական վերականգնման ռազմավարությունը՝ դասեր քաղելով նախապատերազմյան ժամանակաշրջանից: Նախ, նրանք փոխարինելու եկան իրենց լիովին վարկաբեկած դեմոկրատական կուսակցություններին, ակտիվորեն օգտագործում էին սոցիալական պատասխանատվության եւ տնտեսական կյանքում պետության ավելի ակտիվ դերի մասին դրույթները, հաշվի առնելով բնակչության լայն զանգվածների տրամադրությունները եւ խլելով նախաձեռնությունը ձախ եւ պոպուլիստական ուժերից: Առանց այս ամենի՝ նրանց հավակնությունները ներկայանալու իբրեւ «ժողովրդական կուսակցություն», օդում կախված կմնան: Արդյունքում քրիստոնեա-դեմոկրատիան դարձավ այն այլընտրանքը, որն արեւմտյան քաղաքական ավանդույթը կարողացավ հակադրել ամբողջատիրությանը պարտված Գերմանիայում եւ Իտալիայում, ինչպես նաեւ ավերված Ֆրանսիայում: Գերմանիան գրեթե ամբողջությամբ ավերակների մեջ էր, իտալացիների բախտն ավելի շատ էր բերել: Քաղաքական համակարգն այս երկրներում եւս քանդված էր: Իտալիայում եւ Ֆրանսիայում ամենամեծ ժողովրդականությունը վայելում էին կոմունիստները, որոնք հանդես էին գալիս հասարակության արմատական վերափոխման օգտին: Ավանդական քաղաքական կուսակցությունները վերոնշյալ երկրներում կա՛մ ոչնչացված էին, կա՛մ կորցրել էին իրենց ազդեցությունը: Մասամբ այն պատճառով, որ նախկին քաղաքական վերնախավը իրեն վարկաբեկեց ֆաշիստների հետ համագործակցության կամ նրանց դիմադրելու անկարողության պարագաներում, մասամբ էլ այն պատճառով, որ այդ էլիտան, որպես կանոն, հիշում էր ընտրողների, ժողովրդի մասին միայն մեկ անգամ՝ ընտրություններից առաջ: Նրանք չէին կարող առաջարկել ընտրողներին ո՛չ թարմ գաղափարներ, ո՛չ նոր քաղաքական տեխնոլոգիաներ: Այս անմխիթար իրավիճակում կոմունիստներին, նացիստներին միակ կարողունակ այլընտրանքը դարձան քրիստոնեա դեմոկրատները: Քրիստոնեա-դեմոկրատական քաղաքագետները կարողացան առաջարկել արյունաքամ եղած եվրոպական հասարակությանը գթասրտության, սիրո եւ մարդկային անհատականության հանդեպ արժանապատվության ավետարանչական գաղափարները: Նրանք, դիմելով ոչ թե ինչ-որ առանձին «քաղաքական դասի», այլ բոլոր ընտրողներին, կարողացան դառնալ իսկապես «ժողովրդական», այլ ոչ թե «գրպանային» կամ «դիվանային» կուսակցություններ: Միայն քրիստոնեա-դեմոկրատները կարողացան ներգրավել իրենց շարքերում բազմաթիվ հեռանկարային քաղաքական գործիչների, այդ թվում՝ երիտասարդներին: Գերմանական ՔԴՄ-ի անդամներ 1940-ական թթ.-ին դարձան ոչ միայն Քյոլնի տարեց քաղաքապետ Կոնրադ Ադենաուերը եւ միջին տարիքի տնտեսագիտության պրոֆեսոր Լյուդվիգ Էրհարդը, այլ նաեւ 16-ամյա Հելմուտ Քոլը, իսկ Բավարիայի Քրիստոնեա-սոցիալական միության անդամ դարձավ հետագայում հայտնի պետական եւ քաղաքական գործիչ Ֆրանց-Յոզեֆ Շտրաուսը: Իտալիայում ՔԴՄ-ի առաջնորդ Ալքիդե դ8217Գասպերիի կողքին իրենց կարիերան էին սկսում ապագա վարչապետներ Ամինտորե Ֆանֆանին, Ալդո Մորոն, Ջուլիո Անդրեոտին: Քրիստոնեա-դեմոկրատները, ընկալելով քրիստոնեությունը որպես քաղաքականության եւ գաղափարախոսության բարոյական հիմք, ընդունակ եղան ոչ միայն մոտեցնել քաղաքականությանը հասարակ մարդկանց, այլեւ անցկացնել տնտեսական բարեփոխումներ: Էրհարդի հեղինակած «գերմանական հրաշքը», իտալական հարավում հողային բարեփոխումները՝ այս ամենը քրիստոնեա-դեմոկրատների ակտիվում է: Ամբողջատիրական ռեւանշի կամ սոցիալական հեղափոխության բացառումը Արեւմտյան Եվրոպայում եւս մեծ հաշվով նրանց վաստակն է: Քրիստոնեական դեմոկրատիան, կիսելով ազատականության հիմնարար դրույթը մարդկային ազատության եւ մարդկային էակի արժեքի մասին, առաջարկում էր հասարակության տնտեսական զարգացման որոշակիորեն տարբերվող մոդել, որը ընդունված է անվանել «սոցիալական շուկայական տնտեսություն»: Սոցիալական շուկայական տնտեսության գաղափարախոսությունը մշակվել եւ գործնական իրականացում է ստացել Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության կողմից, ապա այն տարածվեց ամբողջ Եվրոպայում եւ Լատինական Ամերիկայում, որտեղ եւս խոշոր հաջողությունների հասավ: Այս ուղին նշանակում էր «պետական թելադրանքից» հրաժարում, որը, սակայն, չէր ենթադրում հրաժարվել տնտեսական պրոցեսների նկատմամբ պետական կարգավորումից: Պետությունը պետք է զբաղվեր տնտեսության ընդհանուր համակարգմամբ՝ թույլ չտալով տարբեր օլիգարխիկ եւ արդյունաբերական խմբավորումներին օգտվել պետական բյուջեի բարիքներից: Ընդ որում, տնտեսական արդյունավետությունը, համաձայն քրիստոնեական դեմոկրատիայի հայեցակարգի, չէր կարող ինքնանպատակ լինել, այլ ծառայում էր միայն որպես քաղաքացիների հոգեւոր եւ նյութական պահանջների բավարարման միջոց: Դրանով քրիստոնեա-դեմոկրատիան համադրեց շուկայական ազատության սկզբունքը պետության սոցիալական պատասխանատվության հետ: Եվրոպական քրիստոնեա-դեմոկրատիան ծնեց արժեքների յուրահատուկ համակարգ, որը տարբերվում էր Եվրոպայի նախորդ ժամանակաշրջանների ազգայնական հավատամքից: Քրիստոնեա-դեմոկրատ Ռոբեր Շումանը 1950թ. հանդես եկավ առաջին եվրոպական միջպետական կամ վերպետական կառույցի՝ Ածխի եւ պողպատի եվրոպական միավորման ստեղծման օգտին, որը յոթ տարի անց վերածվեց Եվրոպական ընկերակցության եւ դարձավ եվրոպական միասնականացման եւ ինտեգրման հիմքը: Քրիստոնեական մշակույթի եւ արժեքների կրողներ Ռ. Շումանը, Կ. Ադենաուերը եւ Շ. դ8217Գոլը կարողացան ի վերջո հաշտեցման գալ՝ վերջ տալով Գերմանիայի եւ Ֆրանսիայի դարավոր առճակատմանը: Վերջապես, քրիստոնեա-դեմոկրատական կանցլեր Հ.Քոլի օրոք տեղի ունեցավ Գերմանիայի վերամիավորումը: Այսօր, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը որդեգրել է հենց վերոհիշյալ սկզբունքները եւ դրանց հիման վրա է գնում խորհրդարանական ընտրությունների՝ տեսնելով Հայաստանի ապագան եվրոպական ժողովուրդների ընտանիքում եւ համոզված լինելով, որ այս սկզբունքների եւ արժեքների գործնական կիրառումը թույլ կտա մեզ բոլորին ապահովել մարդուն արժանավայել գոյություն եւ մեր երկրին՝ ոտքի կանգնել: ՍՈՒՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Պատմ.գիտությունների թեկնածու, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատականմիության Քաղաքական խորհրդի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել