Լրահոս
Օրվա լրահոսը

Ջազն՝ ընդդեմ պորտապարային տրամադրությունների

Ապրիլ 22,2003 00:00

Ջազն՝ ընդդեմ պորտապարային տրամադրությունների Ապրիլի 9-20-ը Հայաստանում անցկացվեցին ջազի օրեր: Փառատոնը հատկապես ոգեւորությամբ ընդունվեց երիտասարդության կողմից։ «Ջազի օրերը Հայաստանում» ծրագրի նախաձեռնությունը ԱՄՆ-ում գործող Սմիթսոնյան ազգային պատմության թանգարանինն էր։ Աջակցել էր նաեւ ԱՄՆ Պետքարտուղարությունը։ Այսուհետեւ նման միջոցառումներ կանցկացվեն բոլոր այն երկրներում, որտեղ ընդունված եւ սիրված է ջազային երաժշտությունը։ Այդ երկրների ցանկում է նաեւ Հայաստանը։ Իսկ ապրիլը կհամարվի ջազի ամիս։ Հայ անվանի ջազմեն Լեւոն Մալխասյանը փաստեց՝ «եթե չլինեին Հայաստանում անցկացված ջազի փառատոները, արդեն հանրահայտ «Պապլավոկը»՝ իր ջազային տրադիցիաներով, մեր ջազմեններն ու վերջիններիս «ինտեգրումը» արտերկրում, ամերիկացիները չէին ընտրի մեր երկիրը»։ Ի տարբերություն արեւմտաեվրոպական երկրների, ուր անցյալ դարասկզբից ի վեր ճանաչում էր գտել ջազը, նախախորհրդային Ռուսաստանում այն դեռ իր վարանոտ առաջին քայլերն էր անում։ Իսկ ավանդապաշտ Կովկասում այդ տարիներին ջազ «արարելը», բնականաբար, անօգուտ զբաղմունք էր։ Օրինակ, Երեւանում «ջազ նվագախմբի» անձնագրային իրավունք էին ստացել մի քանի խումբ, որոնք ծվարել էին «Նաիրի» կինոթատրոնի ճեմասրահում, Կոմունարների այգում եւ էլի մի երկու տեղ։ Լ. Մալխասյանը նաեւ մտաբերեց. «20-րդ դարի 30-ականների մոսկովյան առաջին հայկական արվեստի տասնօրյակին կայացավ Արտեմի Այվազյանի ջազ-նվագախմբի մկրտությունը։ Ահա այդ ժամանակվանից էլ ջազը եկել է մեզ մոտ»։ Հայ ջազմեններին ամերիկացիները վաղուց են ծանոթ։ Պատահական չէր, որ ջազի օրերի բացմանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը իր խոսքում նշեց, որ միջոցառումը նվիրվում է հայ ճանաչված ջազմեն, վաղամեռիկ Դավիթ Ազարյանի հիշատակին։ Միջոցառման շրջանակներում ելույթ են ունեցել «Մալխաս-ջազ» խումբը, Հայաստանի պետական ջազային նվագախումբը, «Վահագն Հայրապետյան» եռյակը, «Չիկոն եւ ընկերները» եւ այլք։ Ջազի սիրահարները ունկնդրել են նաեւ ԱՄՆ-ից հրավիրված Մայք դել Ֆերրո եռյակին, որն, ի դեպ, Երեւանի կոնսերվատորիայում անցկացրել է բարձրագույն վարպետության դասընթացներ։ Ըստ Լ. Մալխասյանի, սա հերթական միջոցառում էր, որ հնարավորություն ընձեռեց դուրս գալու պորտապարային պարսկա-թուրքական տրամադրություններից։ Լ. Մալխասյանը հավատում է հայկական ջազի ապագային. «Ջազը միշտ հնչում է այնտեղ, որտեղ գնահատվում է։ Իսկ մենք, կարծում եմ, արդեն ունենք ե՛ւ աշխարհում ճանաչված կատարողներ, ե՛ւ համապատասխան լսարան»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել