Լրահոս
Օրվա լրահոսը

Սկզբից շնորհավորեցին, հետո մերժեցին

Ապրիլ 24,2003 00:00

Սկզբից շնորհավորեցին, հետո մերժեցին Ընտրական հանձնաժողովը եւ դատարանը դուրս մղեցին Աղասի Արշակյանին ընտրապայքարից Մեծամասնական ընտրակարգով առաջադրված մի քանի ընդդիմադիր պատգամավորության թեկնածուների գրանցումն իշխանությունները խափանում են նույն սցենարով՝ սեփական ունեցվածքի մասին կեղծ ինֆորմացիա ներկայացնելու մեղադրանքով։ Այս բանը կատարվեց ինչպես Արմեն Սարգսյանի գրանցման հետ կապված, այնպես էլ՝ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի, Արշակ Սադոյանի (որին, ի վերջո, գրանցեցին), երեկ արդեն՝ Աղասի Արշակյանի հանդեպ։ Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Ա. Սմբատյան) երեկ մերժեց Աղասի Արշակյանի դիմումն ընդդեմ թիվ 8 ԸԸՀ-ի, որը չէր գրանցել վերջինիս որպես պատգամավորության թեկնածու։ Աղասի Արշակյանը սեփականության վերաբերյալ տեղեկություն էր տվել, որ չունի սեփականություն՝ առաջնորդվելով այն պարզ տրամաբանությամբ, որ բնակարանի, որտեղ բնակվում է Արշակյանների ընտանիքը, սեփականատերը ընտանիքի մեծ հայրիկն է՝ Արամայիս Արշակյանը։ Ի դեպ, վերոհիշյալ կարգով ինֆորմացիա է տվել նույնի մասին նաեւ 99 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եւ Աղասի Արշակյանն այն ժամանակ առանց պրոբլեմի գրանցվել է։ Աղասի Արշակյանը Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դահլիճում պատմեց, որ հանձնաժողովի նախագահ Ա. Մուրադյանն ապրիլի 18-ի ժամը 17։50-ի սահմաններում զանգահարել է իրեն եւ շնորհավորել պատգամավորության թեկնածու գրանցվելու համար։ Ըստ ամենայնի, մոտ երկու ժամվա ընթացքում ինչ-որ բան է փոխվել, որովհետեւ պրն Արշակյանին ժամը 20-21-ի սահմաններում հրավիրել են հանձնաժողով եւ հայտնել, թե գրանցումը մերժվում է։ Փաստորեն 8 կողմով Աղասի Արշակյանը գրանցվել է իբրեւ թեկնածու եւ մի քանի ժամ անց՝ ութ կողմով չի գրանցվել։ Աղասի Արշակյանը պատմեց, որ այն պահին, երբ իրեն զանգահարել է հանձնաժողովի նախագահը եւ շնորհավորել, ինքը գտնվել է Պետկադաստրի կոմիտեի նախագահի մոտ, եւ վերջինս եւս կվկայի, որ ինքը նման շնորհավորական զանգ է ստացել։ Աղասի Արշակյանը դատարանին ներկայացրեց իր հոր սեփականության մասին փաստաթուղթը, իսկ դատարանն առաջնորդվեց պետական կադաստրի կոմիտեից ստացված մի թղթով, որի վրա ստորագրություն եւ կնիք չկար եւ, որն, ըստ դատարանի եւ ըստ ԸԸՀ-ի՝ իբր վկայում է, թե Աղասի Արշակյանն իբր սեփականատեր է: Ընտրական հանձնաժողովի 9 անդամներից 3-ը նախագահի նշանակած մարդիկ են, մեկական՝ ՀՀԿ, ՀՅԴ, «ՕԵ», ՀԿԿ, մեկը՝ «Իրավունք եւ միաբանություն»։ Երեկ պետք է տեղի ունենար նաեւ երկրորդ դատական նիստը, որը պետք է լսեր Աղասի Արշակյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի, որը մերժել էր Աղասի Արշակյանի գրանցումը որպես պատգամավորության թեկնածու՝ արդեն «Ազգային միաբանության» համամասնական ցուցակում, նույն՝ սեփականությունը չնշելու պատճառաբանությամբ։ Երեկվա նիստը դիմող կողմի միջնորդությամբ հետաձգվեց մինչեւ երկուշաբթի ժամը 15։30-ը։ Աղասի Արշակյանը երեկ սաստիկ վրդովված էր եւ փորձում էր հասկանալ, թե ինչո՞ւ են տեղի ունենում այս անարդարությունները. «Ես այս ինքնիրավչության համար մեղավոր եմ համարում ե՛ւ ՀՀԿ-ին, ե՛ւ ՀՅԴ-ին, որն ամեն օր խոսում է արդարությունից եւ թույլ է տալիս, որ իր կուսակցությունը ներկայացնող անդամը մաս դառնա այս ինքնիրավչությանը, ես այս ամեն ինչին մասնակից եմ համարում էն «Օրինաց երկիր» կոչվածին, որն իրեն հայտարարել է «օրինաց երկիր», բայց դա կեղծարարների որջ է, ես մեղավոր եմ համարում հանրապետության նախագահին, որի կողմից առաջադրված հանձնաժողովի երեք անդամները ծառայում են թեկնածուներից մեկին (այդ հանձնաժողովում)։ Ես դատապարտում եմ նաեւ Հայկոմկուսի ներկայացուցչին»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել