Լրահոս
Օրվա լրահոսը

Ռ. Մնացականյանը չի խորանում

Ապրիլ 24,2003 00:00

Ռ. Մնացականյանը չի խորանում Երեւանի թիվ 18 ընտրատեղամասային հանձնաժողովը «Ազատական դաշինքի» մաս կազմող «Ազատ Հայք առաքելություն» կուսակցության նախագահ Ռուբեն Մնացականյանի թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով հրաժարվել է գրանցել, իսկ դաշինքի համամասնական ցուցակում վերջինիս անունը Պարույր Հայրիկյանը զետեղել է ամենավերջին՝ 40-րդ հորիզոնականում: Երեկ Ռ. Մնացականյանը ԱԻՄ-ի գրասենյակում մամուլի ասուլիս էր հրավիրել, որպեսզի իր դժգոհությունն արտահայտի թիվ 18 ընտրահանձնաժողովի անդամներ Ահարոն Մարգարյանի եւ Միքայել Կիրակոսյանի վերաբերյալ, որոնց անգրագիտության պատճառով, ինչպես նշեց Ռ. Մնացականյանը, ստորագրությունների ստուգման ժամանակ ինքը դուրս է մնացել ընտրապայքարից: «684 ստորագրություններից 5-ը՝ նրանց ասելով, կեղծ են, բայց նրանք միայն երկուսն են ստուգել,- ասաց պրն Մնացականյանը՝ շարունակելով:- Իրենք իսկ օրենքը խախտելով ստորագրությունների հեղինակ 2 քաղաքացիների չեն հանդիպել ու կողմնակի ասեկոսեներով արձանագրել են, թե իրենք չեն ստորագրել, իրենց ստորագրությունները չեն: Միայն 80 տարեկան մի ծերունու են հանդիպել, որը պետք է վկայություն տար ու փաստեր, որ ստորագրել է, բայց նա էլ, դե, մեծ կին է եղել, կամուկացով է պատասխանել. ասել է՝ չգիտեմ, չէ, ես եմ՝ ես չեմ, իմն է՝ իմը չէ, ու այդպես այդ ստորագրությունը համարել են անվավեր»: Այնինչ, Ռ. Մնացականյանի հավաստմամբ, իր վստահված անձանց կողմից հավաքած 900 ստորագրությունները մինչ հանձնաժողով ներկայացնելը ինքը «հատիկ առ հատիկ» ստուգել է: Չգրանցված թեկնածուին նույն պատճառաբանությամբ չեն գրանցել նաեւ 1995 եւ 1999 թվականներին: Մեր հարցին, թե արդյոք նա դրանում որեւէ միտում տեսնո՞ւմ է, հնչեց հետեւյալ իրարամերժ պատասխանը. «Միանշանակ, ասացի, չէ՞, 2 քաղաքացիներին չեն հանդիպել: Հարցի մեջ չեմ խորացել, եթե խնդիր լինի, թող իրավաբանները խորանան: Որեւէ քաղաքական բան չեմ տեսնում մերժման տակ: Տեսնում եմ ինչ-որ անձնական բաներ, որ կարող է այդ մարդիկ ունեցել են իմ դեմ»: Ռ. Մնացականյանից հետաքրքրվեցինք, թե այնուամենայնիվ որքան է իր ընտրվելու հնարավորությունը, ինչին ի պատասխան նա ասաց. «Ես զոհված ազատամարտիկներին նվիրված 2 հուշամատյանների հեղինակ եմ, պատրաստում եմ Էրեբունի համայնքի զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների հուշամատյանը: Տարածքի զոհված ազատամարտիկների ընտանիքներն ու հաշմանդամների բացարձակ մեծամասնությունը՝ երեւի 90 տոկոսը, պատրաստակամություն է հայտնել ինձ աջակցելու: Գոնե նվազագույնը՝ ում ես տեղյակ եմ պահել»: Երեկ ասուլիսի ժամին Էրեբունի-Նուբարաշեն դատարանը պետք է լսեր Ռ. Մնացականյանի բողոք-դիմումը, սակայն, ինչպես տեղեկացանք, նա դատավոր Ռեհանյանից խնդրել էր դատը հետաձգել՝ ասուլիսն անցկացնելու պատճառաբանությամբ: «Գնամ-տեսնեմ դատն արեցի՜ն, չարեցի՜ն»,- ասուլիսից հետո ասաց նա ու շտապեց դատարան: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել