Լրահոս
Օրվա լրահոսը

Պուդինգը շուտով կհամտեսենք

Ապրիլ 25,2003 00:00

Պուդինգը շուտով կհամտեսենք Այս օրերին ՀՀ-ում է գտնվում ԵԽ ԽՎ պատվիրակությունը՝ ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ ԵԽ դիտորդական առաքելության ղեկավար լորդ Ռասել Ջոնսթոնի գլխավորությամբ: Երեկ անդրադառնալով այդ ընտրություններին՝ լորդ Ջոնսթոնը եւս մեկ անգամ հայտարարեց, որ այդ ժամանակ «գրանցվել է ընտրական գործընթացի մեծ խախտումներ եւ կեղծումներ, հատկապես ձայների հաշվառման ընթացքում»: Նրա ասելով, ՀՀ պաշտոնական շրջանակների հետ հանդիպումների ժամանակ «այդ փաստն, ըստ էության, ի գիտություն ընդունել են նաեւ ՀՀ իշխանությունները» եւ «մնում է մեկ հարցի պատասխանել՝ ի՞նչ ծավալի են եղել տեղ գտած խախտումները»: Թերեւս հենց այս արտահայտության ու նաեւ միջազգային դիտորդների եզրակացության վրա էր խարսխված Ռ.Ջոնսթոնին ուղղված այն հարցադրումը, թե նույնիսկ ՍԴ-ն խախտումներ է հայտնաբերել միայն 40 ընտրատեղամասերում, ինչը կազմում է ընտրությունների ծավալի միայն 2 տոկոսը, որից պետք է եզրակացնել, թե դրանք չէին կարող էապես ազդել ընտրությունների արդյունքների վրա: Պատասխանը հետեւյալն էր. «ՍԴ-ն խախտումներ հայտնաբերել է 2 տոկոսի դեպքում, ռեալ իրականությունը կարող է լինել 10, 20, 50 տոկոս. ոչ ոք չի կարող սա ասել, երբ ոչ բոլոր տեղամասերն են բացվել եւ ուսումնասիրվել, ուստի հնարավոր չէ իմանալ իրական պատկերը, անհնար է որոշակի ճշգրտությամբ գնահատել այդ խախտումների ծավալը»: ՀՀ պաշտոնական շրջանակների, հասարակական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների, նաեւ ընդդիմադիր ուժերի հետ ունեցած հանդիպումներից ԵԽ ԽՎ պատվիրակության ստացած տպավորությունն այն է եղել, որ հայ հասարակությունը պատրաստ է եւ կարող է ազատ ու արդար ընտրություններ անցկացնել, ունի դրա համար բավարար պատրաստվածություն, եւ դա վերաբերում էր նաեւ առաջիկա ԱԺ ընտրություններին: Ու թեեւ ՀՀ իշխանությունները ԵԽ ԽՎ պատվիրակությանը հավաստիացրել էին, թե ԱԺ ընտրությունները դրականորեն կտարբերվեն նախագահական ընտրություններից, այդուհանդերձ, թերեւս նախորդ ընտրությունների փորձը նկատի ունենալով՝ պրն Ջոնսթոնը նկատեց. «Մինչեւ պուդինգը չուտես՝ համը չես տեսնի»: ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ եւ ԵԽ դիտորդների եզրակացությունը ՀՀ իշխանություններին մի քանի առաջարկ-պահանջներ էր ներկայացրել, որոնց թվում նաեւ ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքներ եւ օրինախախտումներ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու հարցն էր: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ԵԽ պատվիրակությունն այս այցի ընթացքում հետամուտ եղե՞լ է այդ խնդրին եւ պարզե՞լ է, թե ինչ են արել այդ ուղղութամբ ՀՀ իշխանությունները: «Այդ հարցն իմ կողմից բարձրացվել է, բայց իշխանություններն ի վիճակի չէին ինձ պատասխանել, թե մինչ այս նման դեպքերի հետ կապված քրեական հետապնդում իրականացվե՞լ է, թե՞ ոչ: Հավաստիացնում եմ, որ մենք կշարունակենք այդ հարցին հետամուտ լինել»,- հայտարարեց լորդ Ջոնսթոնը: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել