Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՆ ԳՐԱՆՑՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ

Ապրիլ 26,2003 00:00

ՉԵՆ ԳՐԱՆՑՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ Նախորդ շաբաթ թիվ 8 ընտրատարածքային հանձնաժողովը մերժել էր գրանցել մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՍԻՄ փոխնախագահ Հայկ Բաբուխանյանի թեկնածությունը, որից հետո նա դիմել էր դատարան՝ վերականգնելու իր ընտրվելու իրավունքն ու ապացուցելու, որ այն բնակարանը, որտեղ նա գրանցված է եւ ապրում է տարիներ շարունակ՝ իր սեփականությունը չէ: Երեկ սակայն Հ. Բաբուխանյանի հայցը մերժեց նաեւ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն առաջին ատյանի դատարանը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարությանն առընթեր Պետական կադաստրի փաստաթուղթը: Նման «հիմքերով» մերժվել են նաեւ ընդդիմադիր այլ թեկնածուներ, իսկ իշխանամետ թեկնածուներից ոչ ոք նման փաստի առջեւ մինչ օրս չի կանգնել: «Դատավորի սեղանին էինք դրել բոլոր այն ապացույցները, որ Հայկի անունով որեւէ սեփականություն չկա, բայց նա հիմնվեց կադաստրի չկնքած, անստորագիր թղթի վրա»,- ասաց «Իրավունքի» գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը: «Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք՝ ընդհուպ մինչեւ Եվրոդատարան ենք հասնելու, որպեսզի վերականգնենք այս անօրինականությունները»,- վստահեցնում էր Հ. Գալաջյանը: ՀԺԿ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից չեն գրանցել միայն պատգամավոր Վարդան Մկրտչյանի թեկնածությունը, որը սակայն հույս ունի, որ իր իրավունքները կվերականգնվեն դատարանի միջոցով: Սակայն ՀԺԿ լրատվական վարչության պետ Ռուզան Խաչատրյանն այլ կարծիք ունի. «Այս իշխանությունները օրենքով որեւէ բան չեն անում. ո՛չ ընտրություններն են օրենքով անցկացնում, ո՛չ նախընտրական փուլը, ո՛չ էլ գրանցումները: Իսկ դատարանների անկախության աստիճանը մեզ հայտնի է»: Ռ. Խաչատրյանը նշեց, որ ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ որդեգրված նմանատիպ քաղաքականությունը միանշանակ միտումնավոր է. «Ընտրապայքարից դուրս են մնում քաղաքական դեմքեր: Պատճառը՝ սեփականության մասին փաստաթղթերի սխալ ձեւակերպումներն են: Պարզվում է, ընդդիմադիր թեկնածուները չեն կարողանում պատշաճ ձեւով փաստաթղթեր ներկայացնել, իսկ իշխանամետ թեկնածուները, որոնց կրթվածության, գրագիտության մակարդակը լավ հայտնի է, անհասկանալի կերպով՝ «պատշաճ» են ներկայացնում»,- ասաց Ռ. Խաչատրյանը: «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանն էլ այն կարծիքին է, որ իշխանությունները դիտավորյալ են ընտրապայքարից դուրս մղում ընդդիմադիր թեկնածուներին. «Այս ամենը մեկ կենտրոնից եկող հրահանգ է: Մեկի մտքով հայտնագործություն անելու գաղափար է ծնվել՝ անհիմն պատճառներով չգրանցել թեկնածուներին, որից հետո նրանք կդիմեն դատարան ու կմերժվեն»,- ասաց Ա. Զեյնալյանը: Նա նշեց, որ ինքը մասնակցել է միայն Աղասի Արշակյանի բողոքի վերաբերյալ ընթացող դատական գործընթացին, եւ ականատես է դարձել հերթական ապօրինությանը. «Այն «փաստաթուղթը», որը դատարանն ընդունեց որպես հիմք՝ պարզապես թուղթ էր, ուրիշ ոչինչ»,- հայտարարեց Ա. Զեյնալյանը՝ նշելով, որ «Հանրապետությունը» նույնպես դիմել է դատարան՝ վերականգնելու Արմեն Սարգսյանի ընտրության իրավունքը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ Հ. Գ. Երեկ դատարաններում մերժվեցին նաեւ մեծամասնականով առաջադրված թեկնածուներ Էդուարդ Մադաթյանի եւ Աղասի Սիմոնյանի հայցադիմումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել