Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարը պետք է գաղափարական լինի

Ապրիլ 26,2003 00:00

Պայքարը պետք է գաղափարական լինի Մայիսի 25-ին թիվ 5 ընտրատարածքում (Վերին Զեյթուն, Քանաքեռ, Արաբկիրի 5 ընտրատեղամասեր) մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել Հայկարամ Մխիթարյանը։ Վերջինս Հայաստանի հանրապետական կուսակցության Քանաքեռ-Զեյթուն տարածքային կազմակերպության ղեկավարն է։ 1998-2002թթ. «Հայմամուլ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենն է եղել, 2002-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչն է։ Պատասխանելով «Ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները» հարցին, պարոն Մխիթարյանը նկատեց. «Ամենամեծ շանսերն ինձ մոտ են»։ Այս տպավորությունը պատգամավորության թեկնածուն ստացել է «ժողովրդի հետ անընդհատ շփումների» արդյունքում։ Հարկ է հիշեցնել, որ 1995 թվականի խորհրդարանական ընտրություններում պարոն Մխիթարյանը կարողացել է, դարձյալ մեծամասնական պայքարում, 28 թեկնածուներից լինել այն միակը, որին ժողովուրդը տվել է իր վստահության քվեն։ Թե՛ այդ ժամանակաշրջանում, թե՛ դրանից հետո, համայնքային նշանակության մի շարք խնդիրներ լուծում են ստացել Հ. Մխիթարյանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ։ «Ցավոք, այսօր մարդիկ կարծում են, թե պատգամավորը ասֆալտ անելու, գազաֆիկացման խնդիրներ լուծելու համար է»,- նշում է պարոն Մխիթարյանը, միաժամանակ արձանագրելով, որ «պատգամավորները նաեւ պետք է հետեւողական լինեն՝ գործադիր իշխանության առջեւ սոցիալական խնդիրներ բարձրացնելու եւ դրանց կատարումը վերահսկելու հարցերում»։ Հ. Մխիթարյանի համոզմունքը, որ «գործարարությունը պետք է զերծ լինի ավելորդ վարչարարությունից», նրա նախընտրական ծրագրի դրույթներից է։ Ըստ այդմ, թեկնածուն գտնում է նաեւ, որ «պետք է խթանել փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը»՝ հարկատուների նկատմամբ նպաստավոր, հավասար, արդարացի վերաբերմունքով։ Պետությունը պետք է, ըստ Հ. Մխիթարյանի, կարողանա ապահովել բժշկական ծառայությունների «անհրաժեշտ նվազագույն մակարդակի մատչելիությունը»։ Իսկ յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է համոզված լինի, որ «իր բարեկեցիկ ու ապահով կյանքը հայրենիքում է»։ Հայկարամ Մխիթարյանի համոզմամբ՝ «ժամանակն է, որ օրենսդիր իշխանությունը ծառայի իր կոչմանը», ուստիեւ մարդիկ իրենց թեկնածուին ընտրելիս պետք է «հաշվի առնեն վերջինիս անցած ուղին, կենսափորձը»։ Եվ վերջապես, պայքարը պետք է «գաղափարական» լինի։ Ն. Գ. Մեր կողմից ավելացնենք, որ 4 տարի շարունակ Հայկարամ Մխիթարյանը՝ որպես «Հայմամուլի» տնօրեն, «Առավոտի» հուսալի գործընկերն էր։ Եթե բոլոր ձեռնարկությունները, Հայկարամի նման, բիզնեսում պարկեշտ եւ պարտաճանաչ գործընկերներ ունենան, Հայաստանի տնտեսությունը կզարգանա շատ ավելի արագ տեմպերով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել