Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՆՈՐԱՅԻՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 26,2003 00:00

ԴՈՆՈՐԱՅԻՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ Ապրիլի 24-ին հեռուստատեսությամբ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ելույթներն ապացույց դարձան, որ անգամ Ցեղասպանությունը՝ հմուտ PR մատուցման պարագայում՝ կարող է դառնալ խորհրդարանական քարոզարշավի առարկա: Այս առնչությամբ կարելի է առանձնացնել թերեւս միայն Դաշնակցությանը, որի երիտասարդական եւ ուսանողական միությունների համար՝ անկախ ընտրություններից, ավանդույթ է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ջահերով երթ կատարելը եւ Թուրքիայի դրոշն այրելը: Սակայն այս անգամ ավանդական միջոցառման մեջ ներմուծվել էր նոր տարր. Եղեռնի զոհերին հարգանքի տուրք մատուցելուց հետո՝ դաշնակցական երիտասարդները որոշեցին դառնալ ոսկրածուծի դոնորներ: Նրանց խնդրանքով՝ Ոսկրածուծի ազգային ռեեստրի աշխատակիցները շտապ օգնության մեքենաներով մոտեցել էին հուշահամալիրին, եւ հենց տեղում 50 դաշնակցականներ իրագործեցին իրենց որոշումը: Հիշեցնենք, որ դրանից մի քանի օր առաջ էլ համանման նախաձեռնությամբ հանդես էին եկել ՀՀԿ անդամ կանայք՝ նրանք էլ դարձան արյան դոնոր: Եվ բոլոր այս միջոցառումները տեսագրվում են ու ցուցադրվում հեռուստաալիքներով, թե ինչպես է, ասենք, հանրապետական կինը ձեռքը մեկնում՝ ներարկիչի ասեղին դեմ հանդիման: Ենթադրելի է, որ խրախուսելի այս ակցիաները, որոնք չարժե դիտել իբրեւ խիստ յուրօրինակ ընտրակաշառք՝ կդառնան նորաձեւ եւ կունենան շարունակություն: Եվ գուցե իշխող քաղաքական ուժերի ազգասիրական նախաձեռնությունները գերազանցել փորձելով՝ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ էլ որոշեն, ասենք, դառնալ օրգանների փոխպատվաստման դոնորներ: Երեւակայական տեսարանը թույլ նյարդեր ունեցողների համար չէ՝ «Հզոր Հայրենիքի» կամ «Օրինաց երկիրի» ներկայացուցիչները որոշել են իրենց մի երիկամը տրամադրել դրանց կարիքն ունեցող ընտրողներին, եւ նրանց վիրահատությունը ցուցադրվում է եթերով: Հույս ունենք սակայն, որ այս բոլոր ակցիաները չեն անդրադառնա մեր ապագա ընտրյալների վրա: Թե չէ ինչի՞ նման կլինի՝ խորհրդարանում կհայտնվեն պատգամավորական խմբակցություններ, որոնցից մեկի արյունն է սակավ, երկրորդի՝ ոսկրածուծը, երրորդի էլ՝ չգիտես ինչը: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել