Լրահոս
Օրվա լրահոսը

Չքավոր օպտիմիստների հույսին

Ապրիլ 26,2003 00:00

Չքավոր օպտիմիստների հույսին Երեկ Թումանյան 31 հասցեում «Ժողովրդական» կուսակցության կենտրոնական նախընտրական շտաբի բացման շնորհանդեսն էր։ Կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը կենտրոնական շտաբի ղեկավար «ձեռնադրեց» կուսակցության ցուցակով երրորդ հորիզոնականը զբաղեցնող Գրիգոր Սուքիասյանին։ Կուսակցության կարգախոսն է՝ «Ընտրեք ոսկե միջինը», որը շտաբականների որակմամբ՝ «մայր կարգախոսն» է։ Վերջինից բխում են շատուշատ այլ կարգախոսներ, որոնցով եւս իրենք կառաջնորդվեն։ «Մենք մեր կենտրոնական կարգախոսը համարում ենք «Ընտրեք ոսկե միջինը», քանի որ յուրաքանչյուր ծայրահեղություն բեւեռ է, ոսկե միջինը եւս ընդդիմություն է, բայց կառուցողական, որը քննադատում է ոչ թե անձը, այլ՝ մոտեցումը»։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենց կողմից ակնկալվող տոկոսի մասին կուսակցության նախագահը չցանկացավ խոսել, միայն ասաց, որ իրենք «տոկոսամանիայով» չեն հիվանդացել։ Իսկ այն կուսակցական ղեկավարները, որոնց մոտ դրսեւորվել է հիվանդության այդ ձեւը, պրն Կարապետյանը գտնում է, որ «չեն աշխատել բնակչության հետ, մենք աշխատել ենք, եւ ժողովուրդը, եթե ուզում է լավ ապրել, պետք է մեր կուսակցության համար խորհրդարանում մեծամասնություն ապահովի»։ Տ. Կարապետյանի կարծիքով, «խորհրդարանը փորձադաշտ չէ, այլ լուրջ հիմնարկ է, որտեղ լուրջ դեմքերով մարդիկ պետք է գան աշխատելու ոչ թե ի նպաստ իրենց, այլ ժողովրդի։ Խայտառակություն է, որ այսօր պատգամավորները «մարշուտնիների» գծեր են բաժանում։ Իսկ մենք ուզում ենք աշխատել»։ Հաղթելու դեպքում «Ժողովրդականը», ի տարբերություն այլ կուսակցությունների, չի պատրաստվում առաջին հերթին օդանավակայանն Էռնեկյանի ձեռքից վերցնել։ Այլ՝ «նախ ձգտելու ենք ստեղծել այն դաշտը, որ մեր ձայնը խորհրդարանում լինի նժարի վրայի ոսկե հատիկը, որը կկշռի աջ կամ ձախ։ Հետո՝ կիրականացնենք մեր ծրագրերը»։ Նախընտրական քարոզարշավի շրջանակներում, կուսակցությունն ապրիլի 28-ից նախատեսում է այցելություններ ՀՀ մարզեր։ Տ. Կարապետյանը ընտրակաշառքներ չի խոստանում։ Չի էլ ուզում, որ որոշ ընտրողներ թաղային պատկանելության համար ձայնն իրեն տան. «Ասեն՝ դուք կայարանցի եք, դրա համար մեր ձայնը ձեզ կտանք։ Ո՛չ, մարդիկ պետք է իմ հետ շփվեն եւ, եթե հավանեն, համակրեն՝ թող տան իրենց ձայնը։ Եթե չհամակրեն, թող տան ուրիշին»։ Ժողովրդականներն իրենց հիմնական ընտրազանգվածը համարում են «չքավոր, բայց օպտիմիստ» խավը։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել