Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Օպտիմիզացիան եւ օպտիմիզմը

Ապրիլ 29,2003 00:00

Օպտիմիզացիան եւ օպտիմիզմը Հանրապետականները հանդիպեցին ուսուցիչների հետ ՀՀԿ կարգախոսի՝ «Ապավինենք մեր մտքին ու բազկին», վերծանությունն էր ՀՀԿ նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի՝ կրթության ոլորտի աշխատակիցներին ուղղված այն խոսքը, որ հանրապետականի համար բանակը եւ դպրոցը հավասարազոր կառույցներ են. եթե մեկը պաշտպանում է պետության եւ ժողովրդի անվտանգությունը արտաքին հարձակումներից, ապա դպրոցը պաշտպանում է պետության եւ ազգի անվտանգությունը՝ հոգեկան առումով: «Եվ որքան բանակին ենք կարողանում հատկացնել, նույն մոտեցումն էլ դպրոցին ենք ցուցաբերում: Մենք պատրաստ ենք ցանկացած ճանապարհով գումարներ հայթայթելով, պայմաններ ստեղծելով՝ նպատակներ լուծել»: Համակարգի ամենակնճռոտ եւ առօրեական հարցն էր դպրոցների արդեն սկսված օպտիմիզացիան, որին հերթով անդրադարձան ներկա հանրապետական-պաշտոնյաները: Վարչապետն այս հարցում ցավալի է համարում այն, որ ավագ սերնդի ուսուցիչներն օպտիմիզացիայի արդյունքում ստիպված են լինելու չաշխատել. «մարդու ձեռք չի գնում նրանց ազատի, բայց նոր սերունդն էլ անգործ է մնում: Ելքն այն է, որ հները հանգիստ դուրս գան աշխատանքից՝ բավարար թոշակով ապահովվելով, իսկ նորերն էլ անցնեն աշխատանքի»: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը հիշեցրեց, որ այսօր մեկ ուսուցչի ծանրաբեռնվածությունը 18 ժամ է, արտաժամյա պարապմունքների դեպքում՝ 27 ժամ, իսկ զարգացած երկրներում՝ 38 ժամ. «Պետք է ծանրաբեռնվածությունը մեծացնել, դրա հետ մեկտեղ էլ՝ աշխատավարձերը»: Ֆինանսների նախարարը նաեւ անդրադարձավ ոլորտի այլ խնդիրներին՝ հընթացս չմոռանալով շեշտել տնտեսական աճի ու պարտքերի մարման ցուցանիշները. «2001 թ. հունվարից կարողացանք դպրոցների պարտքերը մարել եւ ընթացիկ աշխատավարձերը տալ: Վերջին 3 տարում աշխատավարձերն ավելացրել ենք 50 տոկոսով: Ի դեպ, վարչական աշխատողներինն էլ՝ 2,1 անգամ: Դա քիչ է, իհարկե քիչ է, բայց դա է այն հնարավորությունը, որ կարող է կառավարությունն անել: Ապագա 2-3 տարիներին ամեն դպրոցում կունենանք առանձին ջեռուցման համակարգ, որ կենտրոնացված համակարգի հետ կապված չի լինի, եւ այդ ամբողջ ծախսերն իր վրա է վերցնելու պետությունը: Հետագա 4 տարիներին ունենալու ենք տնտեսության աճ, աղքատության վերացում»: Բոլոր ելույթների արանքում գերլավատեսական մտքերով հանդես էր գալիս ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը. «Մենք կոչեր չենք անելու, հեքիաթներ չենք պատմելու, երազային վիճակներ չենք ստեղծելու, բայց 2003 թ. որոշակիորեն կբարելավվի ուսուցչի սոցիալական վիճակը, 2004-05 թթ. մենք կարձանագրենք աշխատավարձի բավականին լուրջ աճ, եւ 2006 թ. աշխուժություն կառաջանա. բոլորը կձգտեն դպրոցում աշխատել որպես ուսուցիչ, առաջվա հերթերը կլինեն: Հիմնականում սա է լինելու»: Նա նաեւ օպտիմիզացիայի մասին կարծիք հայտնեց՝ խնդրին տալով մի աննախադեպ բացատրություն. «Օպտիմիզացիայի անունը լսելով՝ բոլորի դեմքերը կնճռոտվում են, բայց դա նշանակում է, որ դպրոցն ինքն է իրեն կառավարելու»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել