Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԿՈՏԱՅՔԸ՝ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ

Ապրիլ 29,2003 00:00

ԿՈՏԱՅՔԸ՝ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը աստիճանաբար մտնում է հունի մեջ։ Այն դառնում է ավելի հետաքրքիր, իսկ պայքարը մրցաշարային աղյուսակի վերին հատվածում տեղ զբաղեցնելու համար ստիպում է թիմերին անզիջում լինել յուրաքանչյուր խաղում։ 3-րդ տուրում առաջին հերթին ուշադրության կենտրոնում էին «Բանանց» – «Շիրակ» եւ «Միկա» – «Կոտայք» հանդիպումները։ «Միկա»- «Կոտայք» խաղի հաղթողը կարող էր միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Այդ իսկ պատճառով հանդիպումը ընթացավ անզիջում պայքարում։ Գոլային պահերով մի փոքր առավելություն ուներ «Միկան», բայց այնուամենայնիվ հենց «Միկայի» ֆուտբոլիստները խաղադաշտը թողեցին գլխիկոր։ Հանդիպման ելքը վճռեց կոտայքցի Վահե Թադեւոսյանի խփած գոլը։ Նշենք, որ այս խաղում ֆուտբոլիստներին առաջին հերթին «խանգարում» էր խաղադաշտը, որի կիսականաչ ծածկը եւ անհարթությունները դժվարացնում էին նրանց գործողությունները։ Ինչեւէ, «Կոտայքը» կարողացավ հաղթանակ տոնել եւ երեք տուրից հետո գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Նախորդ առաջնության մրցանակակիրների՝ «Բանանցի» եւ «Շիրակի» հանդիպումը, որը կայացավ Հանրապետական մարզադաշտում, նույնպես անցավ անզիջում պայքարում։ Հերթական անգամ գյումրեցիներն ապացուցեցին, որ կարող են յուրաքանչյուր խաղի տրամադրվել պատշաճ ձեւով եւ որ թիմը, ինչպես եւ նախորդ առաջնություններում, պայքարելու է մրցանակային տեղերի համար։ «Բանանցը» ակտիվ սկսելով խաղը, արդեն 3-րդ րոպեին կարող էր բացել հաշիվը, երբ տուգանային հրապարակում, հաղթող դուրս գալով երկրորդ հարկում, դեպի դարպասը հարվածեց Սերգեյ Առաքելյանը, բայց այս դրվագում իր բարձրության վրա էր նաեւ «Շիրակի» դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանը, նա կարողացավ շեղել գնդակի ուղղությունը, որը դիպչելով դարպասի հորիզոնական ձողին՝ դուրս եկավ դաշտի սահմաններից։ Սրանով թերեւս ավարտվեցին «Բանանցի» վտանգավոր պահերը «Շիրակի» դարպասի մոտ։ Խաղի 10-րդ րոպեին հյուրերի ձեռնարկած գրոհը ավարտվեց կանոնների խախտումով տուգանային հրապարակի մատույցներում։ Արարատ Հարությունյանը տուգանային հարվածով դարձավ շատ գեղեցիկ գոլի հեղինակ։ Դմիտրի Վորոբյովը միայն հայացքով ուղեկցեց գնդակը։ Բաց թողած գոլից հետո «Բանանցը» նետվեց առաջ եւ տիրեց նախաձեռնությանը։ Բայց «Շիրակի» ֆուտբոլիստները պաշտպանությունում գործում էին վստահ եւ դիմում կտրուկ հակագրոհների, որոնք շատ վտանգավոր էին մանավանդ երկրորդ կեսում։ Ուժերը կենտրոնացնելով հարձակման գծում, «Բանանցը» թուլացրեց թիկունքը եվ հանդիպման վերջնամասում «Շիրակը» ունեցավ մրցակցի դարպասը գրավելու եւս երկու հնարավորություն, բայց չօգտագործեց այդ պահերը։ Նվազագույն հաշիվը հօգուտ «Շիրակի» մնաց ուժի մեջ եւ փոխչեմպիոնը վաստակեց շատ կարեւոր երեք միավոր, իսկ ահա «Բանանցը», որը իր կազմով, մեղմ ասած, չի զիջում որեւէ այլ թիմի, շատ անհաջող է սկսել առաջնությունը, մեկնարկային 3 խաղերում վաստակելով մեկ միավոր։ «Բանանցին» հակառակ՝ հաջող է մեկնարկել Կապանի «Լեռնագործը», որը երրորդ տուրում կամային հաղթանակ տարավ «Դինամո-2000»- ի նկատմամբ։ Զիջելով 0:1 առաջին խաղակեսից հետո, «Լեռնագործի» ֆուտբոլիստները երկրորդ կեսում Հակոբ Մամուլյանի եւ Ալեն Մովսիսյանի դիպուկ հարվածներից հետո հաղթանակ տոնեցին 3:1 հաշվով, ընդ որում Հակոբ Մամուլյանը դարձավ երկու գոլի հեղինակ։ Այս տուրում հաղթանակ տոնեց նաեւ հանրապետության չեմպիոն «Փյունիկը», որը ոչ ֆուտբոլային՝ 11։ 0 հաշվով առավելության հասավ առաջնության նորեկ՝ Արարատի «Արաքսի» նկատմամբ։ Այս խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լեւոն Փաչաջյանը, երկու գոլ իր անվան դիմաց գրանցեց Իսսա Տռաորեն եւ մեկական անգամ հաջողության հասան Էդուարդ Պարցիկյանը, Մամադու Դիավարան, Էդգար Մանուչարյանը, Աղվան Մկրտչյանը, Կառլ Լոմբեն եւ Տիգրան Դավթյանը։ Մրցաշարային աղյուսակը ապրիլի 28-ի դրությամբ Կոտայք 3 3 0 0 4-0 9 Փյունիկ 3 2 1 0 18-1 7 Լեռնագործ 3 2 0 1 7-3 6 Միկա 3 2 0 1 5-2 6 Շիրակ 3 2 0 1 2-2 6 Բանանց 3 0 1 2 0-3 1 Դինամո-2000 3 0 0 3 1-5 0 Արաքս 3 0 0 3 1-18 0 Ռմբարկուներ։ Արամ Ոսկանյան («Միկա»), Հակոբ Մամուլյան («Լեռնագործ») եւ Լեւոն Փաչաջյան («Փյունիկ») – 3, Արթուր Քոչարյան («Կոտայք»), Իսսա Տռաորե («Փյունիկ»), Մամադու Դիավարա («Փյունիկ») եւ Ալեն Մովսիսյան («Լեռնագործ- 2»)։ ԽԱՉԻԿ ՉԱԽՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել