Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՅԴ-Ն ԻՇԽԱՆԱՄԵՏ ՉԷ»

Մայիս 29,2003 00:00

«ՀՅԴ-Ն ԻՇԽԱՆԱՄԵՏ ՉԷ» Վստահեցնում է ՀՅԴ համամասնական ցուցակում 5-րդը՝ Ալվարդ Պետրոսյանը – Գո՞հ եք այս ընտրություններում ՀՅԴ ստացած ձայներից, որոնց հետեւանքով կուսակցությունն ԱԺ-ում կունենա մեծությամբ միայն 4-րդ խմբակցությունը: – Նախ, պիտի ասեմ, որ այս ընտրությունները համարում եմ գաղափարազուրկ: Ես գոհ կլինեի, եթե մեր թվերն ավելի պակաս լինեին, բայց իսկապես՝ մեզ ինչքան որ հասել էր, այդքան տրվեր: Չեմ կարող այժմ գոհ լինել, քանի որ չեմ համարում, թե ազնիվ ընտրություններ են եղել: Քանի որ չի կարող պատահել, որ ԱԺ պատգամավոր Դավիթ Երիցյանը, որը 8 հազար քվե է հավաքել՝ պարտվի ոմն մեկի, ինչ-որ մի Մանուկյան Խաչիկի: Այդպես չի՛ լինում: Դավիթ Երիցյանը շատ պարկեշտ մարդ է, որ Արագածոտնի պես դաժան մարզում սոցիալական ոլորտն է ղեկավարել. կարկառուն հռետոր չէ եւ այլն, բայց աշխատել ու վաստակել է իր ձայները: Կամ՝ չեմ կարող պատկերացնել, թե բացառիկ մտավորական մարդկանցից մեկը, որ երբեւէ մուտք է գործել ԱԺ, դրական էներգիա կրողներից մեկը՝ Մարտուն Մաթեւոսյանը, կարող էր պարտվել իր Վանաձոր քաղաքում ոմն մեկի, որն, այդպես էլ, չգիտեմ, թե ով է, ինչ գաղափարներ է կրում, ինչ կրթություն ունի: Չեմ կարող սա համարել նորմալ: – Ո՞րն է պատճառը, որ անխտիր բոլոր դաշնակցական թեկնածուները պարտվեցին մեծամասնական ընտրապայքարում: – Այդ հարցի թերեւս լավագույն հասցեատերն եմ ես: Գիտեք, որ ՀՅԴ քույր կառույցի՝ ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության անդամ եմ: Մենք աղքատիկ բյուջեով այս պետության համար շատ լուրջ ծրագրեր ենք կատարում՝ որբախնամ, կրթական, առողջապահական եւ այլն: Եվ չէինք կարող այդ ծրագրերն ընդհատել միայն նրա համար, որ այս տարի ընտրություններ էին: Բոլորը չէ, որ մեզ համակրում են, կիսում մեր գաղափարները կամ սիրում, բայց որեւէ մեկը չի կարող դեպք հիշել, որ մենք մեր բարեսիրական ծրագրերն օգտագործել ենք իբրեւ ընտրակաշառք: Ի վերջո, ընտրությունները կանցնեն-կգնան, բայց ժողովրդին փչացնել, ապաբարոյականացնել, ասել, թե կաշառքը տալիս են՝ վերցրեք, գնացեք ու ընտրեք ձեր ուզածին՝ դա էլ եմ համարում խիստ անբարո: Չի՛ կարելի կեղտոտ ձեռքերով լավ բան անել: Եվ չեմ մտածում, թե մի ավելի քվե ստանալու համար կարելի է աղտոտել այս ժողովրդին: Այդ պատճառով եմ այս ընտրությունները համարում գաղափարազուրկ: Երբ մարդիկ բակերում նստած սպասում են, թե որ կուսակցություն կոչվողը կգա, իրենց ավելին կտա, որ նրա օգտին քվեարկեն՝ ես սարսափում եմ: Մենք այս երկիրը ոգով ենք պահել: Եվ այժմ այն դարձնել մուրացկանի ոգի՞… Բա սրանից հետո ի՞նչ պիտի անենք: Չեմ կարող բարոյական համարել կատարվածը. բացարձակ կաշառատվություն էր ընթանում: Եվ եթե ժողովրդի 50 տոկոսը չի մասնակցում ընտրություններին՝ նշանակում է, որ այդքանը չեն ցանկանում մասնակցել այս խաղին: – Չե՞ք կարծում, թե ընտրողների շուրջ կեսի չմասնակցելը նախագահի ընտրության հետեւանքն էր: Ինչ որակում էլ օգտագործենք այս ընտրության հասցեին՝ գաղափարազուրկ, անբարոյական եւ այլն, դիտորդները նշում են, թե դրանք դեռ մեկ քայլ առաջ են նախագահի ընտրությունից: – Շատ հավատացած եմ, որ նախագահն ընտրվել է: Այսօր իմ ամենաուրախ եւ պայծառ օրերից մեկը չի, բայց չեմ փոշմանում, որ պաշտպանել եմ Ռոբերտ Քոչարծյանին: – Ընդունո՞ւմ եք, որ նա խախտումներով է դարձել նախագահ: – Ո՛չ: Ես ընդունում եմ, որ նրան փորձեցի՛ն խախտումներով նախագահ ընտրել, մատուցեցին «արջի ծառայություններ», բայց մեկ վայրկյան իսկ չեմ կասկածում, որ Ռոբերտ Քոչարյանն իսկապես հավաքել է ժողովրդի քվեն: – Ինչպե՞ս է, որ այդ «արջերից» որեւէ մեկն այդպես էլ չի պատժվում: – Թող պատժվեն՝ դա արդեն իմ խնդիրը չէ: Իմ կուսակցությունը հենց դրա համար է պայքարում, որ լինի օրինական, իրավական երկիր: Այսինքն՝ այն, ինչ նախագահի ընտրության ժամանակ փաստարկում էինք, թե ինչու ենք պաշտպանում Ռոբերտ Քոչարյանին եւ ինչ պահանջներ ունենք նրանից: Բայց դուրս է գալիս, որ Քոչարյանին պաշտպանելը պիտի տարածվի մնացած բոլորի վրա, ովքեր ունեն իշխանական աթոռնե՞ր: Այդպես չի՛: – Վազգեն Մանուկյանն ասուլիսում նկատեց, թե իշխանամետ ուժերը, «երբ իրենք ուրիշի դեմ էին կեղծում՝ իրենց թվում էր, թե դա լավ է, բայց երբ դա իրենց դռանն է կանգնում՝ գոռգոռոցները գցում են, թե կեղծեցի՜ն, կեղծեցի՜ն»: Չե՞ք կարծում, թե դա նաեւ վերաբերում է ՀՅԴ-ին: – Չեմ կարծում, թե այդ մարդկանցից որեւէ մեկն իրավունք ունի բարոյական դասեր տալ Դաշնակցությանը: Սա այն կուսակցությունն է, որն իր ճշմարտություններով ու սխալներով հանդերձ՝ երբե՛ք պատեհապաշտ չի: Եվ այս ընտրությունների արդյունքը դրա լավագույն ապացույցն է: Օրինակ՝ կրթության նախարարի պորտֆելը դաշնակցականի ձեռքին էր. մենք երբե՛ք մեզ թույլ չտվեցինք քաղաքականացնել դպրոցները ու դրանք ներքաշել այս նախընտրական առեւտրի մեջ: – Սակայն ԿԳ նախարարը հանդիպումների էր հրավիրում ուսուցիչներին եւ քարոզում Դաշնակցությանը: – Երբե՛ք ոչ մի դպրոցի տնօրեն չի կարող ասել, թե նախարարն իրեն կանչել ու ասել է, որ եթե մեզ ձայն չտա… Մեզ շատ հաճախ մեղադրում են ավելորդ իդեալիստ լինելու մեջ, բայց գոնե տիրապետում ենք պարզունակ թվաբանության եւ շատ լավ կարող ենք զբաղվել դրանով: Բայց մտածում ենք, որ դա շատ բարդ կարող է լինել մեր երկրի համար: Ես միշտ մտածել եմ, որ մենք պետականամետ ենք: Ու երբեք չեմ մտածել, թե Դաշնակցությունը եւ այն ներկայացնող անձինք իշխանամետ են: Երբե՛ք չեմ կարող հարգել այն մարդկանց, որ միշտ իշխողի, հաղթողի կողմից են: Պարզապես մի ավելի պորտֆել կամ քվե վերցնելու համար՝ չենք պաշտպանի որեւէ մեկին: Եվ եթե Ռոբերտ Քոչարյանի այլընտրանքը լիներ ավելի տաղանդավոր մարդ, որն ավելի ձեռնտու կլիներ այս երկրի համար, չկասկածեք, որ մենք նրան էինք պաշտպանելու: Ա՛յ, դա է մեր տարբերությունը մեզ մեղադրողներից շատերից՝ մենք հենց այնպես, մի տաքուկ տեղի, աթոռի համար չենք փոխում մեր սկզբունքներն ու կենսագրությունը: – Ինչպե՞ս եք պատկերացնում Դաշնակցության հետագա աշխատանքը կառավարությունում եւ ԱԺ-ում: Ձեր կարծիքով, պե՞տք է մաս կազմեք կոալիցիոն կառավարությանը եւ շարունակեք, ինչպես Գալուստ Սահակյանն էր նշում՝ իրականացնել ՀՀԿ ծրագրերը: Գուցե, եթե ինչպես Ձեզ խորհուրդ է տրվում՝ չայրեք կամուրջները՝ ՀՅԴ-ին ԱԺ փոխնախագահի կամ մի հանձնաժողովի նախագահի տե՞ղ տան: – Նախ՝ Գալուստ Սահակյանով չէ, որ այդ կամուջները պիտի այրվեն կամ չայրվեն: Նա այն մարդը չէ, որ խոսի ողջ իշխանության անունից: Մենք շատ կարգապահ կուսակցություն ենք, եւ եթե նախագահն ասում է, թե հնարավոր է կոալիցիոն կառավարություն՝ մենք կպատասխանենք նախագահի՛ն: Գալուստ Սահակյանին չենք պատասխանի: Սա իմ անձնական կարծիքն է՝ այս հարցում չեմ կարող խոսել ողջ կուսակցության անունից: Ամեն մեկը պիտի իմանա իր չափը: Ի՛նչ է նշանակում, թե բոլորս կատարել ենք իրենց ծրագրերը: Ո՛չ: Փորձել ենք կատարել հավաքական ծրագիր, թեեւ երբ 1999-ին եկանք ԱԺ, մեր ծրագիրն էլ ունեինք: Եթե այդպես է՝ թող մի կուսակցություն լինի կառավարությունում եւ կատարի իր ծրագիրը: Ինչո՞վ է տարբերվում. Գալուստ Սահակյանը հին կոմունիստի մտածողություն ունի: Երբե՛ք քանակը չի որոշում որակը: Չգիտեմ, թե ինչքան ճակատագրական կլինեն պետության համար մեր համաձայնությունները կամ դժգոհությունները: Կարծում եմ՝ կորոշենք ըստ այդմ: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031