Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գեղարքունիքը մեդալակիր չտվեց

Հունիս 06,2003 00:00

Գեղարքունիքը մեդալակիր չտվեց Նախնական տվյալներով, այս տարի 112 մեդալակիր բուհ ընդունվելու հարցում կօգտվի արտոնությունից, եթե ապահովի անցողիկ միավոր եւս մեկ քննությունից՝ իր ընտրած մասնագիտության գծով: Ընդհանուր առմամբ, այս տարի կարծես թե բարձրացել էր մեդալի հավակնորդների ինտելեկտուալ մակարդակը: Դա են վկայում ոչ միայն կրթության ոլորտի պատասխանատուները, այլեւ՝ պարզ հաշվարկները: Եթե անցյալ տարի հայոց լեզվի քննության արդյունքում մասնակիցների 56 տոկոսն էր 19 եւ 20 միավոր ստացել, ապա այս տարի անցողիկ միավորներ ապահովել էր պոտենցիալ մեդալակիրների 69 տոկոսը: Մաթեմատիկայի քննության արդյունքում նախորդ տարի այդ միավորներն ապահովել էր մասնակիցների 63 տոկոսը, իսկ այս տարի այդ թիվը հասավ 77-ի: Բացի այդ, անցյալ տարի քննությունների (կամ գուցե մեդալի՞) հանդեպ ունեցած անլուրջ վերաբերմունքի ապացույց էր նաեւ այն փաստը, որ հավակնորդներից մեկը ընդամենը 2 միավոր էր ստացել մաթեմատիկայից, այսինքն՝ նույնիսկ չէր հաղթահարել բավարարի՝ 8 միավորի սահմանը: Իսկ այս տարի ամենացածր ցուցանիշն այս առարկայից եղել է 12 միավորը՝ Շիրակի մարզից: Հայոց լեզվի պարագայում եւս այս տարի առաջընթաց է նկատվում: Եթե անցյալ տարիներին 8, 9 միավորներ են գրանցվել, այս տարի ամենացածր միավորը եղել է 10-ը: Մի համեմատություն եւս: Թե անցյալ, թե այս տարի երկրորդ՝ մաթեմատիկայի քննությանը մասնակցում էր հավակնորդների նախնական թվի 30 տոկոսը: Եվ այսպես, մաթեմատիկայի քննության արդյունքում 154 մասնակիցներից (այդ թվում եւ՝ ոչ մեդալակիրներ) 124-ը ստացել են անցողիկ միավորներ: Նախնական տվյալներով, մայրաքաղաքը տվել է 60 մեդալակիր, Լոռու եւ Կոտայքի մարզերն ունեն 9 մեդալակիր, Սյունիքն ու Տավուշը՝ 7, Արմավիրն ընդամենը 1 եւ այլն: ԼՂՀ-ն, ինչպես անցյալ տարի, այս անգամ էլ Հայաստանի բուհերին կառաջադրի երկու մեդալակիր դիմորդ: Ի դեպ, այդ 2 հավակնորդներից մեկը մաթեմատիկայից ստացել էր 18 միավոր, եւ բողոքարկման արդյունքում այն դարձել է 19: Ի տարբերություն հայոց լեզվի, ԿԳ նախարարությունը մաթեմատիկա առարկայից ունի 2 կրկնակի գանգատարկման դիմում: Դա կարելի է բացատրել նրանով, որ մաթեմատիկայի դեպքում թվանշան վիճարկելն ավելի հեշտ է: Իսկ հայոց լեզվի պարագայում դու կարող ես գոռալ, ոստիկան կանչել, դատարան դիմել, բայց չես կարող ապացուցել, որ շարադրության մեջ ամփոփված քո նկարագրություններն ամենեւին էլ հիվանդ երեւակայության արդյունք չեն, եւ դու չես շեղվել թեմայից: Կամ էլ պարզապես չես կարող ստանդարտ մտքեր արտահայտել: Այս էլ քանի տարի՝ գնահատումից բողոքողների հիմնական դժգոհությունը շարադրության առաջադրանքին է առնչվում: Հենց գնահատման հստակ չափորոշիչների բացակայության պատճառով է, որ այս տարի էլ բուհերի ընդունելության հայոց լեզվի հարցաթերթիկներից հանվեց շարադրությունը: Սակայն ավարտական քննական թեստերից այն համառորեն չի հանվում: Շարադրության կողմնակից մասնագետներն իրենց կարծիքը հիմնավորում են նրանով, որ այս առաջադրանքի գոյությունը խթանում է, որպեսզի դպրոցում աշակերտը հատկապես աշխատի կատարելագործել իր գրավոր խոսքը՝ զարգացնելով գեղարվեստական մտածողությունը: Սակայն մի հայտնի իրողություն էլ կա, որ թեստերում առաջադրված «շաբլոն» թեմաներով գրված շարադրություններով շտեմարաններ վաճառում են ամենուր: Աշակերտներն էլ դրանք եւ նաեւ՝ իրենց ռեպետիտորների ստեղծագործ մտքերը անգիր են անում եւ քննության ժամանակ այդ անգիր արած մտքերը հարմարեցնում տվյալ թեմային: Այսինքն՝ ամենեւին էլ չեն ստեղծագործում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել