Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵ՛ՐՋ ՏՎԵՔ ԿԱՆԻԲԱԼԻԶԻՄԻՆ

Հուլիս 05,2003 00:00

ՎԵ՛ՐՋ ՏՎԵՔ ԿԱՆԻԲԱԼԻԶԻՄԻՆ Խորհրդային տարիներին գործող Ազգային միացյալ կուսակցության անդամները վերջերս սկսել են միմյանց վերաբերյալ բացահայտումներով հանդես գալ, ըստ որոնց՝ մեկը ներման դիմում է գրել եւ ՊԱԿ-ի կամակատարն է, մյուսն՝ Արեւմուտքի գործակալը եւ այլն: Հետաքրքրվեցինք, թե այդ կուսակցությանն անդամակցած նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանն ինչպե՞ս է վերաբերվում այս ամենին. «Կարծում եմ՝ իմ ընկերներից որեւէ մեկը չի շահել այս բանավեճից: Սա սովորական կանիբալիզմ է: Եվ որեւէ մեկն այդ մեղադրանքներին կից չի կարող ներկայացնել Չեբրիկովի, Անդրոպովի, Պատրուշեւի կամ ԿՀՎ նախագահի տեղեկանքները: Իսկ եթե մեղադրանքներ են ներկայացվում՝ ապացույցները պետք է լինեն անվիճելի: Ուստի այդ բանավեճը պետք է թողնել ապագային՝ արխիվները կբացվեն, պատմաբանները կուսումնասիրեն ու կպարզեն, թե ով ինչ է եղել: Մոտեցումս հետեւյալն է՝ Պարույր Հայրիկյանը 14 տարի անցկացրել է բանտում եւ ես նրա նստած մեկ օրը չեմ փոխի Հայաստանում քաղաքական գործունեության հայտ ներկայացրած գործիչներից որեւէ մեկի ողջ կենսագրության հետ: Մյուս կողմից՝ ինձ համար կարեւոր է, որ մեր պայքարող ընկերներից մեկը, անկախ նրանից՝ 14 տարի՞, թե՞ 14 ամիս է ենթարկվել կալանքի, սրընթաց կարիերա արեց: Ես շնորհավորել եմ Անդրանիկ Մարգարյանին իր հաջողությունների համար՝ այսօր չլինելով նրա գաղափարակիցը: Որպես նախկին ԱՄԿ-ական՝ ուրախ եմ, որ իմ ընկերը դարձել է երկրի վարչապետ: Ես հիշում եմ, որ Հայրիկյանը նույնպես անկեղծորեն շնորհավորում էր նրան 2000-ին՝ մենք միասին էինք: Ես նաեւ շատ ուրախ էի, երբ Պարույր Հայրիկյանն էր զբաղեցնում Ռոբերտ Քոչարյանին կից բավական բարձր պաշտոններ: Իսկ այժմ՝ ՊԱԿ-ի կամակատա՜ ր, ներման դիմո՜ւմ… այս հարցերն ընդհանրապե՛ս ենթակա չեն հրապարակային քննարկման: Դրա անհրաժեշտությունը չկա: Անցյալի վերաբերյալ խոսակցությունները միայն շահարկում են՝ մեր ընկերներին կոչ եմ անում չզբաղվել դրանով: Գտնում եմ, որ մեր այլախոհ ընկերներից որեւէ մեկն այսօր ոչ մի հիմք չունի հրապարակավ ամաչել իր կենսագրության համար՝ ոչ Մարգարյան Անդրանիկը, ոչ Հայրիկյան Պարույրը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել