Լրահոս
Օրվա լրահոսը

Տունը միայն տանիք չէ

Հուլիս 16,2003 00:00

Տունը միայն տանիք չէ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 23.03.2003թ. վճռի դեմ հայցվորների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա քաղգործը, ըստ Ա. Հարությունյանի, Հ. եւ Գ. Սահակյանների՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի, Անշարժ գույքի կադաստրի, ՊԿ-ի, Կենտրոն տարածքային բաժնի, քաղաքացի Վաղինակ Հարությունյանի (Երեւան, Ջրաշատ փողոց, տուն 4) հայցը ընդդեմ Արեգնազ Հարությունյանի, մերժեց։ Այս վճռի հետ Վ. Հարությունյանը համաձայն չէ եւ դիմել է Վճռաբեկ դատարանի քաղգործով պալատ։ Այս երկար-բարակ իրավաբանական ձեւակերպման պարզ բացատրությունը հետեւյալն է։ Վ. Հարությունյանը 1947-55թթ. կառուցել է իր տունը, հետո իր հարկի տակ է առել քրոջը՝ իր զավակներով, հորն ու մորը, եղբայրներին։ Տարիներ շարունակ քույրն ու քրոջ զավակները դուրս չեն եկել հյուրընկալ տնից, այն իրենցը եւս համարելով եւ, փաստորեն, մոտ 50 տարի իրենց հարազատներին նեղություն տալուց հետո էլ դեռ իրենք են դիմել դատարան՝ տան պահանջով։ Ըստ հայցվորի դիմումի՝ վիճարկելի տան շինարարությունն ավարտվել է 1955-ին. «Նրանք դատարան են դիմել 2003-ին։ Դատարանի կողմից անտեսվել է, չի պարզվել հայցվորների՝ Հուսիկ եւ Գառնիկ Սահակյանների գտնվելու վայրն ու տարիքը իմ տունը կառուցելու ժամանակ»։ Վ. Հարությունյանը հարկ է համարել վճռաբեկ դատարանին հայտնել նաեւ հետեւյալը. «Դատարանը, չգիտես ինչու, փաստերն աղավաղելով, իր վճռի հիմքում դնելով այն, որ իբր տան շինարարությունն ավարտվել է 1953-ին, իսկ պատասխանողներն իբր մասնակցություն են ունեցել տան կառուցմանը։ Իրականում ես ներկայացրել եմ տան ավարտման ակտը, որտեղ նշված է, որ տունը 134 քմ մակերեսով կառուցվել եւ ավարտվել է 1955թ. սեպտեմբերի 10-ին, այսինքն՝ դատարանը ճանաչված փաստը մի կողմ է դրել, հիմնվելով պատասխանողների բանավոր հայտարարության վրա, որով եւ խախտել է ՀՀ քաղդատօրի 52 հոդվածի 1-ին կետի եւ 54 հոդվածի պահանջները»։ Խմբագրություն այցելած Հրանուշ Ղեւոնդյանը (Վ. Հարությունյանի տիկինը) սաստիկ վիրավորված էր իր ամուսնու հարազատների անմարդկային վերաբերմունքից։ Նա ամենայն մանրամասնությամբ վերհիշում էր, թե ինչպես է վերաբերվել իր ամուսնու հարազատներին, ինչպես է օգնել, որ կրթություն ստանան, սիրել է բոլորին։ Ու հիմա այդ նույն հարազատները տան ու տարածքի հարց են վիճարկում, երբ դրա իրավունքը չունեն։ Տիկին Ղեւոնդյանի համար ցավալի է եւս մեկ իրողություն՝ իրենց գործը վերաքննիչ դատարանում քննել է իր որդու ընկերն ու իր ուսանողը՝ դատավոր Տիգրան Սահակյանը։ Փաստաթղթային մանրամասները պետք է որ դատարանին հետաքրքրեին եւ ոչ թե ընթերցողին, իսկ Վաղինակ Հարությունյանն ու Հրանուշ Ղեւոնդյանը դրանք լիարժեք ներկայացրել են։ Մնում է, որ վճռաբեկ դատարանը գործը օբյեկտիվորեն քննի եւ հարցին արդարացի լուծում տա։ Գոնե կենցաղային, ընտանեկան դատական վեճերում հարկավոր է վերականգնել ժողովրդի հավատը։ Ե. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել