Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՈՎԵՐՆ» ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՄԱՆ

Հոկտեմբեր 16,2003 00:00

«ՀՈՎԵՐՆ» ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՄԱՆ «Հատուկ նպատակ չենք հետապնդում պետական կարգավիճակ ստանալու»,- մեր զրույցի սկզբում նշեց միջազգային մրցույթների դափնեկիր, «Հովեր» կամերային երգչախմբի գեղղեկավար Սոնա Հովհաննիսյանը։ Արդեն 11 տարի հայաստանյան մշակութային կյանք մուտք գործած երգչախումբը իր գոյությամբ փաստել է, որ ժամանակավոր կոլեկտիվ չէ։ «Հովերի» երգացանկում հոգեւոր երգերից բացի, արեւմտաեվրոպական եւ ժամանակակից հայ կոմպոզիտորների խմբերգեր են։ «Պետությունը պահում է մի քանի երաժշտական կոլեկտիվներ, այդ թվում՝ երգչախմբեր, ու եթե մեզ պետական կարգավիճակ չի տրվում, կարելի է համապատասխան հետեւություն անել։ Գուցե պատճառներ կան»,- ասում է Ս. Հովհաննիսյանը։ Մյուս կողմից էլ խմբավարը գտնում է, որ պետական կարգավիճակը կսահմանափակեր խմբի ստեղծագործական ինքնուրույնությունը. «Կստիպեին պարտադիր բաներ անել»։ Նա նաեւ համոզված է, որ պետական կամ ոչ պետական կարգավիճակը նշանակություն չպետք է ունենա կոլեկտիվի մակարդակը որոշելիս. «Օրինակ, Մերձբալթիկայից Իմանտաս Կոկարսի երգչախումբը այսօր համաշխարհային ճանաչման է արժանացել առանց պետական կարգավիճակի»։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Հովերը» սեպտեմբերին մեկնել էր Բրիտանիա՝ հյուրախաղերի։ Երգչախումբը հանդես է եկել Գլազգո, Լոնդոն, Քեմբրիջ եւ այլ քաղաքներում, ներկայացնելով Արզաս Ոսկանյանի, Վաչե Շարաֆյանի, Սեդրակ Երկանյանի խմբերգերը, ինչպես նաեւ Ստեփան Բաբաթորոսյանի՝ Այգեկցու առակների հիման վրա ստեղծված խմբերգային ներկայացումը։ Խմբավարը գոհ է երգչախմբի արտիստներից ու բրիտանական հյուրախաղերից։ Նա գտնում է, որ չպետք է քարկոծել այսօրվա վայ արվեստի շատ դրսեւորումներ. «Դրանք ինչպես գալիս, այնպես էլ գնում են անցողիկ հովերի պես եւ ունկնդիրն ի վերջո ճիշտ ընտրություն է կատարում, երբ նրա ականջը սովորեցնում ես բարձրաճաշակ երաժշտության»։ Խմբին աջակցել էին սփյուռքահայ բարերարներ Թովմաս Սամուելյանը, Ռադա Մանուկը եւ Թամար Հաճյանը։ Ըստ խմբավարի, եթե չլիներ սփյուռքահայ երաժշտասերների ֆինանսական աջակցությունը, երգչախումբը հաստատ գոյություն չէր ունենա։ Եվրոպայում երաժշտասերը խմբերգային ավանդույթների ականատեսն է եւ ունի ձեւավորած համապատասխան ճաշակ։ Հայաստանում «Հովերը» հոգեւոր երգչախմբային արվեստի տարածողներից է։ «Ցավոք, աշխարհում քրիստոնեությունը որպես առաջինը պետական կրոն ընդունած ժողովուրդ, հայերս չունենք եկեղեցական երգչախմբում երգելու ավանդույթ։ Ամեն ինչ այլ է սփյուռքում։ Սակայն դա վերջիններիս համար հայապահպանության հարց է առաջին հերթին»,- նկատեց Ս. Հովհաննիսյանը։ Նա հիշեց նաեւ Քեմբրիջի եկեղեցում վերջերս կայացած երեկոյան ժամերգությունը, որտեղ տպավորվել էր մանկական արական երգչախմբի կատարումներից: «Ես հոգեւոր գիտելիքներ չունեմ, բայց կան պատրաստված մարդիկ, որոնցից պետք է խորհուրդներ վերցնել։ Դրսում երբեմն մանուկներն ավելին գիտեն, քան Հայաստանում մեծահասակները»։ Ի դեպ, «Հովերի» գլխավոր խորհրդատուն Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանն է։ Բացի այդ, արդեն մեկ տարի է հոգեւոր երաժշտության իմացությամբ երգչախմբին աջակցում է Վարուժան Մարգարյանը։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել