Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՄԱՀ՝ ԱՌԱՆՑ ՆԵՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

Հոկտեմբեր 29,2003 00:00

ՑՄԱՀ՝ ԱՌԱՆՑ ՆԵՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ Սա է հասարակության եւ քաղաքական ուժերի պահանջը Խորհրդարանի առաջիկա եռօրյայի օրակարգ կմտնի «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխությունների մասին օրենսդրական նախաձեռնությունը, որը թերեւս կարելի է կոչել ընդդիմության եւ կոալիցիայի համատեղ պայմանավորվածության արդյունք։ «Հոկտեմբերի 27»-ի՝ արդեն ավարտին մոտեցած դատաքննությունը, նաեւ՝ մահապատժի վերացումը Հայաստանում աներկբա են դարձնում, որ «27»-ի կատարողներին ցմահ բանտարկությունից ավելի խիստ պատիժ չի կարող տրվել։ Սակայն քաղաքական ուժերը կարծես թե համերաշխ են մի հարցում՝ «27»-ի ոճրագործները պետք է դատապարտվեն առանց ներման իրավունքի։ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ իրենք պլանավորել էին «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը ԱԺ-ին ներկայացնել եւ ընդունել արտահերթ նիստի ընթացքում. «այսօր կոալիցիայի ներկայացուցիչներից Տիգրան Թորոսյանի կողմից առաջարկություն եղավ օրենքը երկուշաբթի ընդգրկել ԱԺ ե՛ւ մեծ, ե՛ւ նիստերի օրակարգ»։ Օրենքը, ըստ պայմանավորվածության, երկու ընթերցմամբ կընդունվի առաջիկա եռօրյայի ընթացքում։ Ի՞նչ երաշխիք, որ կոալիցիան իրոք կկատարի խոստումը։ Վիկտոր Դալլաքյանը որեւէ կասկած չունի. «այն, ինչ Տիգրան Թորոսյանի հետ մենք պայմանավորվում ենք 99 թվականից հետո, երբեք չի խախտվում, այդ տեսակետից Տիգրան Թորոսյանը պարկեշտ անձնավորություն է։ Այսինքն՝ բացառում եմ, որ այդ պայմանավորվածությունները կարող են խախտվել»։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է լինելու միայն ցմահ ազատազրկումներին առնչվող քրօրենսգրքի համապատասխան հոդվածներին. «ըստ էության, մենք կանդրադառնանք հետեւյալ երկու հոդվածներին. մենք առաջարկում ենք 104 հոդվածի («Սպանություն») 2-րդ մասը, որում թվարկված են դեպքերը, գրված է՝ «պատժվում է ազատազրկմամբ՝ 8-10 տարի ժամկետով, կամ՝ ցմահ ազատազրկմամբ»։ Եվ մենք առաջարկում ենք՝ «ցմահ ազատազրկում, առանց ներման իրավունքի»։ Հաջորդը վերաբերում է օրինագծի 305 հոդվածին. «պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով, պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի, կամ՝ ցմահ ազատազրկմամբ»։ Մենք դարձյալ առաջարկում ենք ավելացնել՝ «առանց ներման իրավունքի»։ Պրն Դալլաքյանն ասաց, թե «Քրօրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասի («Բռնաբարություն») վերաբերյալ իրենք առաջարկել են «դատապարտվում է ազատազրկման՝ 8-10 տարի ժամանակով» տողերից հետո ավելացնել՝ «ցմահ ազատազրկման, ներման իրավունքով»։ Որովհետեւ պրակտիկան ցույց է տալիս, որ եթե ներման իրավունքը չի կիրառվում, բռնաբարությունից հետո սպանում են»։ Այս եւ այս կարգի մի շարք փոփոխություններ կկատարվեն երկրորդ փուլում, առայժմ «Արդարություն» դաշինքը (ինչպես պարզվեց նաեւ «Ազգային միաբանությունն» ու Հանրապետականը) մտադիր են երկուշաբթիից մինչեւ չորեքշաբթի հոկտեմբերի 27-ի ոճրագործներին վերաբերող (104 հոդված, եւ 305) հոդվածների մասով փոփոխություններ կատարել։ Սակայն կկիրառվի՞ արդյոք այդ նորամուծո ւթյունը «27»-ի ահաբեկիչների նկատմամբ։ Ամենակոպիտ հաշվարկներով «27»-ի դատավարությունը կավարտվի դեկտեմբերի վերջերին, եւ եթե իրոք «ԱԺ-ն ընդունի վերոհիշյալ հոդվածներում (104 եւ 305) առաջարկվող փոփոխությունները եւ ցմահ ազատազրկումը տրվի առանց ներման իրավունքի, ապա լավագույն դեպքում մոտավորապես նոյեմբերի կեսերին «27»-ի ոճրագործներն օրենքով կզրկվեն ներման իրավունքից։ Սակայն չի բացառվում, որ դատավարությունն ավելի վաղ կավարտվի։ Եթե նույնիսկ ընդունենք, որ խորհրդարանը միակարծիք է այն հարցում, որ «27»-ի ոճրագործները չունեն ներման իրավունք, հնարավո՞ր է բացառել, որ որեւէ այլ իշխանավոր այլ կարգի «հրահանգ» չի տա։ Մեր այս ամբողջ դիտարկմանն ի պատասխան, «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը նկատեց. «Եթե դուք ուշադրություն եք դարձրել, երբ քննարկվում էր նոր «Քրօրենսգիրքը», Տիգրան Թորոսյանը եւ Վահան Հովհաննիսյանը հայտարարեցին, որ որոշակի հանցագործությունների հետ կապված պետք է կիրառել ցմահ ազատազրկում՝ առանց ներման իրավունքի։ Այսինքն՝ նրանք այդ մոտեցումն արտահայտել են դեռեւս 2003-ի հունիսին։ Հետեւաբար, իմ կարծիքով, տրամաբանական է, որ այս հանցագործությունների հետ կապված էլ այդ մոտեցումը դրսեւորվի գործնականում։ Ինչ վերաբերում է՝ նրանք կամ այլ ուժեր իրենց մոտեցումները չեն փոխի, ապա ասեմ, որ մենք միանշանակ պայմանավորվածություն ունենք այս հարցի հետ կապված «ԱՄ»-ի հետ, իսկ մնացած քաղաքական ուժերը, հույս ունեմ, որ կաջակցեն։ Ես լավատես եմ եւ չեմ կարծում, որ մինչ այժմ որոշակի կոնսուլտացիաներ չեն եղել»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել