Լրահոս
Օրվա լրահոսը

«Զամբյուղ» չկա եւ առայժմ չի լինելու

Նոյեմբեր 19,2003 00:00

«Զամբյուղ» չկա եւ առայժմ չի լինելու Նախընտրական պոպուլիզմի «իրատեսական» դրսեւորումները Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը գծում է մի սահման, որից ներքեւ աղքատությունն է: Տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունները անհնարին են համարել նվազագույն զամբյուղն ապահովող պարտավորությունների կատարումը: Իսկ քաղաքական ուժերը շարունակ շահարկել են այդ գաղափարը՝ իշխանության գալուց առաջ խոստանալով ընդունել նվազագույն զամբյուղը եւ ապահովել դրա կատարումը: Բացառություն չէին նաեւ այս՝ կոալիցիոն կառավարություն կազմող ուժերը: Այժմ կոալիցիան շտապում է տպավորություն ստեղծել, որ կատարում է իր նախընտրական խոստումը՝ հոկտեմբերի 6-7-ը քննարկելով եւ առաջին ընթերցմամբ ընդունելով «Սպառողական նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքը: Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքը, սակայն, չի սահմանում ոչ նվազագույն սպառողական զամբյուղի կազմն ու կառուցվածքը, ոչ էլ ամրագրում է դրա թվային արժեքը: Առաջինը հինգ տարվա կտրվածքով պետք է սահմանվի մի ուրիշ օրենքով, որը դեռ անհայտ է՝ ե՞րբ կմտնի խորհրդարան: Երկրորդը տարին մեկ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների հիման վրա պետք է հաստատի կառավարությունը: Օրենքի նախագծի այս ամենաէական դրույթներն են հենց ամենավիճահարույցը: 1997 թվականին Հայաստանի կառավարությունը ներքին օգտագործման համար որոշում էր ընդունել նվազագույն սպառողական զամբյուղը հաշվարկելու մասին: Ըստ այդ որոշման եւ դրանից էլ առաջ՝ Ազգային վիճակագրական ծառայությունը 9 հազար տնային տնտեսության սպառած պարենի հաշվառման մեթոդաբանությամբ ամեն եռամսյակ հաշվարկում էր նվազագույն զամբյուղի արժեքը եւ հանձնում կառավարությանը: Վերջին թիվը՝ 2003 թ. երկրորդ եռամսյակի հաշվով է, 2100 կալորիա չափանիշով, եւ կազմում է մեկ շնչի համար 15030 դրամ, որի միայն պարենային մասը 9221 դրամ է: Մինչդեռ Հայաստանում փաստացի աշխատավարձի նվազագույն շեմը 12-13 հազար դրամ է: Երկու դեպքում էլ ակնհայտ է, որ այս թվերը հազիվ տեղավորվում են միջազգային չափանիշներով սահմանված օրական 500 դրամ չքավորության սահմանագծում եւ նվազագույն սպառում չեն կարող ապահովել, այն էլ՝ հացի եւ հացամթերքների վերջին թանկացման, էլեկտրաէներգիայի, գազի, դրանց հետ էլ՝ լայն սպառման ապրանքների գների սպասվող բարձրացման ֆոնին: (Ըստ նախորդ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանի, նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է մեկ շնչի հաշվով 28 հազար դրամ): Սոցիալական ապահովության նախարար Աղվան Վարդանյանը ԱԺ-ում օրինագծի քննարկմանը միանգամից ցրեց բոլոր պատրանքները. «Ինչ թիվ էլ ընդունվի, կառավարությունը դրան հասնել չի կարող, նույնիսկ զարգացած ԱՄՆ-ում նվազագույն աշխատավարձը սպառողական զամբյուղի 80 %-ն է կազմում»: Նա առաջարկեց օրենքում ամրագրել, որ կառավարությունը պարտավորված լինի հաշվարկել նվազագույն կենսապահովման բյուջեն եւ գոնե 2005 թվականի պետբյուջեի հետ ներկայացնի ԱԺ: Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանի բնակչության 70 տոկոսը սնվում է միայն հացով եւ կարտոֆիլով, ինչը միջազգայնորեն սահմանված նվազագույն 2100-ից շատ ավելի պակաս կալորիաներ է ապահովում: Իսկ ՄԱԿ-ի սահմանած աղքատության օրական մեկ դոլարանոց (մեկ շնչին) սահմանագծից դուրս է Հայաստանի բնակչության 80 %-ը, չնայած պաշտոնապես նշվում է միայն 50%-ը: Հիշեցնենք օրինագծի քվեարկությունը. այն առաջին ընթերցում անցավ նույն տեսքով, որով բերվել էր խորհրդարան, առիթ տալով ընդդիմության երկու թեւերին չմասնակցել քվեարկությանը, եւ մեծամասնության 71 կողմ ապահովելով: Ընդունված քաղաքական փաստաթուղթը առայժմ որեւէ գործնական ձեռքբերում չի ապահովելու: ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ www.hetq.amԵրկրորդ ընթերցումը հավանաբար կլինի հունվարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել