Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրվել է՝ ինչ որ եղել է

Հունիս 17,2004 00:00

Արձանագրվել է՝ ինչ որ եղել է ԿԳ նախարար Սերգո Երիցյանը պնդում է, որ բոլոր թերությունները զուգադիպության արդյունք են: «Ցանկացած գործի մեջ կա թերություն, ցանկացած պարագայում կան խախտումներ: Ես կարծում եմ, արձանագրվել է՝ ինչ որ եղել է: Կան քննություններ, որոնք որոշակի թերություններ միշտ ունենում են, ես շատ գոհ եմ, որ այս տարի դրանք արձանագրվել են, եւ դրանք այլեւս չեն լինի»,- մեդալակիրների քննությանը նախագահի վերահսկողության վարչության աշխատակիցների մասնակցության եւ արձանագրած խախտումների առնչությամբ երեկ իր կարծիքը հայտնեց ԿԳ նախարար Սերգո Երիցյանը: Նախարարը փորձեց պարզաբանել նաեւ, թե ինչպես էր պատահել, որ մաթեմատիկայի հարցատոմսերից 5-րդ տարբերակի դեպքում բոլորը բարձր են ստացել՝ 19, 20 միավոր, իսկ 6-րդի դեպքում՝ համատարած ցածր՝ 12, 13: «Միտումնավորություն չի եղել, հստակ վերահսկողություն է եղել»,- ասաց նախարարը՝ հավաստիացնելով, թե պարզապես բարձր միավոր ստացողները «մաթեմատիկական ուժեղ գիտելիքներ ունեցող երեխաներ են եղել. այդ գրավորներն անվանական ենք նայել»: Հարց է առաջ գալիս. ինչպես պատահեց, որ «բոլոր ուժեղ գիտելիքներ ունեցողներին 5-րդ տարբերակը բաժին հասավ»: Այստեղ էլ նախարարը պնդում է, որ զուգադիպություն է եւ բերում է դրա մեկ այլ՝ Նոյեմբերյանի Բերդավան գյուղի 2 շրջանավարտների օրինակը, թե 2-ն էլ 6-րդ տարբերակով են գրել. «Ասենք, որ միտումնավո՞ր է այդպես եղել:8230 Մենք հիմա մանրամասն վերլուծություններ ենք կատարում յուրաքանչյուր դեպքի հետ կապված, անկասկած դա բացասական երեւույթ է եւ լուրջ վերլուծությունների ու քննարկումների կարիք ունի»: Փաստորեն, արդեն անցել է 2 շաբաթ, եւ մեդալի հավակնորդների՝ մաթեմատիկայից հանձնած քննության խայտառակ արդյունքների պատճառները դեռ ուսումնասիրվում են: Թե ո՞ր դպրոցների շրջանավարտներն են նման արդյունքներ ցուցաբերել՝ հայտնի է: Էլ ի՞նչ մանրամասն ուսումնասիրություններ են պետք. գուցե հետադարձ թվով առողջական վիճակի ստուգո՞ւմ են որոշել անցկացնել. որովհետեւ մեզ հետ զրույցում բոլոր դպրոցների տնօրենները պատճառաբանում էին, թե «ձախողված» երեխան քննության պահին «սթրեսի մեջ է ընկել»: Ինչ մնում է գալիք ընդունելության քննություններին, ապա նախարարը կարծում է, որ «վերահսկողությունը՝ ե՛ւ նախագահի, ե՛ւ ընդհանրապես, կօգնի իսկապես նախ՝ հասարակական կարծիքի դրսեւորումները հստակ ներկայացնելու, որ քննություններն ընթանում են այնպես, ինչպես պետք է ընթանային, եւ երկրորդ՝ մեզ այդ առումով ոչ մի իրողություն չի անհանգստացնում. մենք կազմակերպում ենք հենց այդ նույն ոգով՝ օբյեկտիվություն եւ կարեւորը՝ գիտելիք»: Ի դեպ, առարկայական հանձնաժողովները դեռեւս չեն ստեղծվել. «Մինչեւ քննությունների սկիզբը ժամանակ ունենք, կստեղծվեն մի քանի օր առաջ: Բնականաբար, յուրաքանչյուր տարի անպայման թարմացում լինելու է, եւ ինչ-որ անցյալ տարի եղել է, նույնը չի կրկնվի»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել