«Նրա ասածը իր հայ ժողովրդի դեմ իրագործվող հանցավոր ծրագրի բացահայտումն է։ Եթե վերցնում եք, որ պատմությունը ապագայի մասին է, ինչի՞ է դա ասում։ Որովհետև այսօր տնօրինելով ավտորիտար կերպով բազմաթիվ լծակներ՝ Փաշինյանը փոխում է մեր անցյալը, որպեսզի մոդելավորի մեր ապագան։ Օրինակ՝ այլ ապագա կլինի, չէ՞, հայ ժողովրդի պարագայում, եթե հայ ժողովուրդը մոռանա, որ ցեղասպանվել է, և չունենա այդ պատմական հիշողությունը, չունենա ինքնություն ձևավորող այդ կարևոր տարրը, չունենա դրանից բխող միջազգային երաշխիքների պահանջատիրությունը, և հերթական անգամ կարող է գնալ ընկնել գայլի բերանը»,- իր գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանն այն մասին, որ պատմությունը ոչ թե անցյալում է, այլ ապագան է։
«Շատ պարզ բան է՝ ցեղասպանությունների չճանաչումը նշանակում է ապագայում ցեղասպանությունների կրկնության հավանականությունը մեծ է։ Սա միջազգային պրակտիկա է։ Այսինքն՝ ցեղասպանության ճանաչում և դատապարտում՝ դա ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմներ են, կանխարգելման։ Ու այնպես չի, որ դա օդի մեջ է ասվում կամ 100 տարվա վաղեմության իրադարձությունների հիման վրա, թեպետ դրանք էլ էին բավարար այդպես պնդելու։ Երեք տարի առաջ մեր աչքի առաջ ուղիղ եթերում ցեղասպանական գործողություն իրականացվեց 140 000 հայերի հանդեպ, որոնք էթնիկ զտման ենթարկվեցին Արցախում։ Դա ուղիղ եթերում ցեղասպանություն էր, և դրա ճանաչումը կամ դրանից հրաժարվելը, ինչպես նաև հայոց մեծ եղեռնի՝ ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը նշանակում է հայ ժողովրդին զրկել միջազգային իրավունքով պաշտպանվելու․․․ բացի ինքնության հարցերից, բացի սեփական պատմությունը ուրանալու թեմայից՝ զրկել միջազգային մեխանիզմներով որոշակի պաշտպանական հնարավորություններից»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Նրա բնութագրմամբ, Նիկոլ Փաշինյանը անողոք պայքար է մղում բազմաթիվ գիտությունների հետ, գիտական ճյուղերի հետ․ «Այս անգամ ինքը ամեն անգամ ինչ-որ գիտության ճյուղ է ընտրում և այդ ճյուղի դեմ պայքարում է՝ փորձելով ապացուցել անապացուցելին։ Իրականում հիմա ընդամենը շարունակում է իր կռիվը պատմության դեմ։ Քիչ թե շատ մի քիչ պատմություն հասկացող մարդիկ գիտեն, որ չէ, իրականում պատմությունը անցյալի մասին է, ուրիշ բան, որ ներկան է կերտում այդ անցյալը։ Նիկոլ Փաշինյանի պարագայում մի կարևոր հանգամանք ևս․ քանի որ նա իշխանությանը տիրապետում է ներկային, նա տիրապետում է ներկային, որպեսզի փոխի անցյալը, ինչը և անում է, որովհետև պատմական ռևիզիայի է ենթարկում մեր ամբողջ՝ և՛ նորագույն, և՛ այլ ժամանակների պատմությունը, որպեսզի, այո՛, պլանավորի ապագան։ Այսինքն՝ նա փոխում է մեր անցյալի կոդերը։ Այդ իմաստով էի գուցե նա ասում, որովհետև այնպես չի, որ նա չի հասկանում, թե ինչ է ասում»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































