Ժաննա Ալեքսանյանը՝ ՀՀ ներթափանցած, հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինվորի արարքի մասին
«Դժվար է սովորական կրիմինալ բնութագրել»,- «Առավոտի» հարցին՝ ադրբեջանցի զինծառայողի՝ ՀՀ ներթափանցումը, Շաքիի բնակավայրի տներից մեկը ներխուժելը, այնուհետև տանտիրուհու ոտքին կրակելը հնարավո՞ր է սովորական կրիմինալ բնութագրել, ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, այսպես պատասխանեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունները տարբեր խոսույթներով իրավիճակը խառնում են, փոխանակ հստակ ինչ-որ կարծիք հայտնեն. «Հարուցվել է քրեական գործ՝ այդ թվում նաև սահմանը հատելու հետ կապված։ Ու այդ ֆոնին առանց քննության, առանց որևէ տեղեկություն հայտնելու ՀՀ վարչապետը միլիոն տեսակի կարծիքներ է հայտնել ու ամեն ինչ խառնել իրար։ Մենք չգիտենք՝ իրականում ինչ է եղել, մենք դա չենք էլ լսում իշխանության կամ պատկան մարմինների կողմից։ Ի՞նչ են պարզել, որտե՞ղ էր այդ ադրբեջանցի զինծառայողը երկու-երեք օր, ո՞նց մենք դա դատենք՝ որպես սովորական կրիմինալ։ Ադրբեջանցի զինծառայողը զենքով շրջել, եկել, տուն է մտել, ոչ մի վստահություն չի ներշնչում իշխանությունների՝ այդ թեմայով հաղորդած տեղեկատվությունը։ Մենք այդ դեպքի մասին ոչինչ չգիտենք։ Ամենացավալին այն է, որ ոչ մի հույս էլ չունենք, թե կլսենք։ Մենք լսում ենք Նիկոլ Փաշինյանի կարծիքները, որը չի կարող հիմք լինել։ Մենք շատ լավ գիտենք, թե կարծիքներն ինչի վրա կարող են հիմնված լինել։ Երեք օրում հասավ այնտեղ, որ մինչև անգամ մեղադրեց այն կնոջը, որը փորձել է փրկել իր երեխաներին ու ընտանիքը։ Ամենակարևոր բանը, որ նրանց մտահոգում է, այն է, որ հանկարծ իրենց խաղաղությունը չվնասվի։ Չտեսանք իրավապահ մարմինների հայտարարությունները, գլխավոր դատախազի՝ հանրությանն ուղղված խոսքը, թե այսքան աղմուկից հետո ինչ եզրակացություններ ունեն կամ ինչ են տեսել, գտել ինչ է սպասվում. առնվազն սպանության փորձ է։ Այդ հարցերի պատասխանները մենք չենք ստացել, և վստահ չեմ, թե մենք կստանանք»։
Մեր փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ կրիմինալը կրիմինալ է, կապ չունի՝ հայ է, ադրբեջանցի, թուրք է, վրացի է, թե՝ ռուս, Ժաննա Ալեքսանյանն արձագանքեց. «Նույնիսկ մարզիկներին է ասում՝ ինչու եք գրում, որ հաղթել է ադրբեջանցուն, երբ բոլոր երկրներն են դա անում։ Փաշինյանը շատ հոգատար է ադրբեջանցու նկատմամբ և այդ հոգատարությամբ ամեն ինչին է վերաբերվում։ Մեզ համար Ադրբեջանը մնում է՝ որպես թշնամի երկիր, մենք դեռ պատերազմից, մեր զոհերից աչք չենք բացել, ուշքի չեն եկել ոչ միայն իրենց որդիներին կորցրած հարազատները, այլև՝ մենք։ Ադրբեջանը մեզ համար մնում է՝ որպես թշնամի երկիր, և նրա զինվորն ըստ այդմ՝ մնում է թշնամի երկրի զինվորը, որը զինված է եկել, չի հանձնվել, որևէ բան չի հայտարարել այն մասին, թե չի պատրաստվում հանցագործություն անել, որ իր նպատակները խաղաղ են, իր հետ ինչ-որ բան է պատահել, որ ինքը եկել է։ Տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է փրկել Ադրբեջանի դեմքը, չեմ կարծում, որ մեր հանրությունը դրան կողմ է»։
Կարդացեք նաև
Ժաննա Ալեքսանյանը, որ զբաղվում է զինծառայողների, գերիների հետ կապված գործերով, հիշեց, թե ժամանակին մոլորված ու Ադրբեջանի սահմանը հատած հայ զինվորի հետ ինչպես են վարվել, ասաց. «Նման դեպքեր լինում էին, որ զինվորները կորում էին, ես զինծառայողների, գերիների հարցերով շատ եմ զբաղվել։ Այդպես չէ, որ մեր զինվորն անցավ էն կողմ, իրենք եկան, բերեցին, նրան հանձնեցին։ Հիշում եմ Վայքից մի զինվորի դեպքը, իրենց տանն էլ եմ եղել, նրան մեկ տարի պահեցին՝ մինչև որ հետ տվեցին։ Մեկ տարի մնացել էր Ադրբեջանի բանտում, իսկ Նիկոլ Փաշինյանը խիստ մտահոգված է, թե սովորական զինվոր է։ Մենք դեռ հիշում ենք ադրբեջանական սպանությունները, հայ զինվորների՝ գլուխները կտրելը, ոչ մեկը դա դեռ չի մոռացել և դա իր ասելով չէ»։
Փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պետք է զգույշ լինել գնահատականներում, հակառակ դեպքում հետո Ադրբեջանը «քթից բերելու» է, իրավապաշտպանն արձագանքեց. «Ինչի՞ է համոզում, եթե կան իրավապահ մարմիններ, կա օբյեկտիվ քննություն։ Դա հո իր ասելո՞վ չէ, ինչու է ինքը խոսում իրավապահների փոխարեն, համոզում, որովհետև այդ բոլորին ինքն է ուղղորդում։ Եթե կա անկախ իրավապահ համակարգ, թող քննեն, մեզ էլ ասեն՝ իմանանք՝ իրականում ինչ է եղել։ Մենք չգիտենք՝ իրականում ինչ է եղել, հիմա ի՞նչ է մեզ համոզում։ Դու գիտես՝ ինչ է եղել, մեզ էլ ասա, իմանանք»։
Ըստ Ժաննա Ալեքսանյանի՝ Ադրբեջանն ագրեսիվ է տրամադրված ՀՀ-ի նկատմամբ. «Մենք կարդում ենք իրենց մամուլը, տեսնում ենք իրենց տրամադրվածությունը, սպառնալիքները մեր տարածքների նկատմամբ, բազմաթիվ այլ բաներ։ Հիմա ի՞նչ է նշանակում՝ զգույշ լինենք, որ կարող է Ադրբեջանը ցանկացած բան օգտագործում է իր շահերի համար, իր ագրեսիան սրելու, ավելի սուր դարձնելու համար։ Կամ ինչո՞ւ է ինքը նախապես հուշում՝ եթե մեր զինվորը գնար և այլն։ Կոնկրետ այս դեպքը տեղի է ունեցել, սրան է պետք գնահատական տալ, տվեք այն գնահատականը, որին արժանի է այս զինծառայողը, տվեք հիմքերով ու փաստերով։ Սա Կիկոսի մահը չէ, որ նստենք ու սկսենք չեղած բանի մասին մտածել։ Կարող է այդ զինվորը դիվերսանտ է, չգիտենք այդ հարցերի պատասխանները։ Երբ այս զինվորն անցել է ՀՀ տարածքը, և տարբեր խոսակցություններ կան՝ երկուսն էին, երեքն էին, ի վերջո հանգիստ եկել, նստել էր այդ բնակարանում, նրա մտադրությունները խաղաղ չէին. դա ակներև է, և ես այդ համեմատությունները տեղին չեմ համարում այս պահին»։
Ժաննա Ալեքսանյանը վստահեցրեց՝ ադրբեջանցի զինվորը պետք է ստանա իր պատիժը. «Ես հիմնվում եմ փաստերի վրա։ Հույս ունեմ, որ օբյեկտիվ քննություն կլինի՝ չնայած բոլոր հարցերը, ամեն ինչ Նիկոլ Փաշինյանն է որոշում, էլ ի՞նչ Քննչական կոմիտե, ի՞նչ դատախազություն։ Հիմա էլ ենք տեսնում լռությունը և թե իրենց աջակիցներն ինչպես են վերաբերվում այդ դեպքին։ Հենց ինքը պետք է գնար, այդ ընտանիքի կողքին կանգներ, ընտանիքը զգար, որ պաշտպանված է այս երկրում։ Ոչինչ չի արել, ընդհակառակը, մեղադրանք էր հնչեցնում այդ կնոջ հասցեին, թե թող սպասեր ոստիկանությանը և այլն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.10.2026



















































