«Ինչ վերաբերում է իշխանության որակումներին, դրանք ընդամենը ծիծաղ են առաջացնում, որովհետեւ մենք խոսում ենք մի իշխանության մասին, որն իր կառավարման շուրջ 8 տարիների ընթացքում մեր երկրին բերել է միայն ու բացառապես ձախողումներ և կորուստներ: Հայկական Արցախը հանձնել է թշնամուն, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները դարձրել է ադրբեջանցիների զբոսանքի վայր, տարածքներ է հանձնել մեր Ջերմուկից, Սյունիքից, այդ տարածքները մինչև հիմա վերադարձված չեն։ Դուք հիշում եք գլխավոր շտաբի պետի հայտարարությունը՝ թե «կսովածանան, կգնան», բայց կարծես լավ էլ կուշտ են ու ամրացել են»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։
Անդրադառնալով Երեւանի տոնի կապակցությամբ քաղաքապետարանի խոսնակի հայտարարություններին՝ Մարիաննա Ղահրամանյանն ասաց․ «Ինչ վերաբերում է նրան, թե «ճոխ էր տոնը, գունեղ էր, այս էր, այն էր», գիտեք, այդ գունեղ հրավառության եւ ճոխության հետեւում թաքնված է այս իշխանության ողջ պերճանքն ու թշվառությունը: Քիչ առաջ այս ամբիոնից իմ գործընկերները ներկայացրեցին COP 17-ին վերաբերող պայմանագրերի մանրամասները, թե ինչ ուռճացված գնումներ են իրականացրել։ Ի դեպ՝ մեկ անձից գնումների ավանդույթը իրենք շարունակում են՝ իրենց իշխանության օրոք խոշոր միջոցառումները իրականացվում են բացառապես մեկ անձից գնումների միջոցով եւ միեւնույն ընկերություններից։ Այնպես որ, այդ տոնակատարությունները եւս բացառություն չեն։ Ես մանրամասներին այս պահին չեմ տիրապետում, որովհետեւ չեմ ուսումնասիրել, բայց նախորդ տարիներին լրագրողական հետաքննություններն ապացուցում են, թե ինչ միլիարդավոր գումարներ են ծախսել այս իշխանությունները տարբեր տոների, հրավառությունների, ֆեստիվառների ու այլնի վրա: Եվ ասեմ՝ սրա նպատակը մի բան է՝ ժողովրդին, ինչպես ասում են, հաց ու հանդես պիտի տալ, բայց իրենք չեն կարողանում հացը ապահովել, այսինքն՝ ապահովել բարեկեցիկ նորմալ սոցիալ-տնտեսական պայմաններ, աղքատության մակարդակի նվազում, փորձում են հանդեսներով, հրավառություններով, համերգներով շեղել օրակարգային խնդիրներից մեր հասարակությանը»։
«Այսօր երկրորդ օրակարգային հարցը վարկային համաձայնագրի մասին էր: Եթե բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ է պետությունը շարունակ նոր վարկային միջոցներ ներգրավում»,- հավելեց Մարիաննա Ղահրամանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե բյուջեն գումարի խնդիր չունի։
Ըստ Ղահրամանյանի՝ իշխանության ներկայացուցիչների՝ COP17-ի ծախսերի վերաբերյալ այսօրվա ելույթները զուրկ էին որեւէ փաստարկից, որեւէ հակափաստարկից եւ անգամ հակադարձումից:
Կարդացեք նաև
«Դրանք արդեն բոլորին ձանձրացրած քաղաքական ելույթներ էին, նույն հին սկավառակն էին պտտեցնում, այնպես որ, եթե ասելիք ունեին, թող փաստերով խոսեին: Ինչ վերաբերում է հաշվարկին, թե որքան կարելի էր տնտեսել, մեր ոլորտային մասնագետները այդ հաշվարկները, կարծում եմ, կանեն կամ արդեն իրենց ձեռքին կան։ Միայն բրենդային ապրանքների գնման միջոցով արդեն 80 միլիոնի մասին է խոսքը»,- ասաց նա։
«Մենք իհարկե խնդիր ունեինք բյուջեի արդյունավետ ծախսի եւ միջոցների մսխման հետ կապված, խոսքն առհասարակ նմանատիպ միջոցառումները մեր երկրում անցկացնել-չանցկացնելու մասին չէ: Բնականաբար, Հայաստանը միջազգային հանրության մաս է կազմում, եւ շատ դրական է, որ մեր երկրում նմանամասշտաբ միջոցառումներ անցկացվեն, բայց դա չի նշանակում, որ այդ միջոցառումները պիտի իշխանությունների համար դուռ բացեն նշված երեւույթների համար։ Ես ուզում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանի հայտնի խոսքը, չէ՞՝ ինքն էր ասում՝ կոռուպցիան հո պոզով-պոչով չի լինում: Հիմա հարգելի ՔՊ-ականներ, կրկնե՞նք, հա՞, ձեր ղեկավարի խոսքը՝ այս պայմանագրերի ուսումնասիրությունը այդ հարցը օդում կախված է թողնում»,- նշեց նա։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հայտարարությանը, որ Շաքիում տուժած կնոջը աջակցություն է ցուցաբերվելու, Մարիաննա Ղահրամանյանը պատասխանեց․ «Մենք մեր հայրենակիցների կողքին ենք, առավել եւս այն հայրենակիցների, որոնք աջակցության եւ օգնության կարիք ունեն: Պարոն Կարապետյանն ազգային բարերար է, որը 30 տարի շարունակ իր աջակցությունն ու նպաստն է բերել Հայաստանին եւ մեր ժողովրդին, այնպես որ, եթե նա դա ասել է, վստահ եղեք՝ կիրականացվի»։
Մարիաննա Ղահրամանյանը նաեւ ասաց, որ իրենց հետ հանդիպումներում արցախցիների կողմից բարձրացվող գլխավոր հարցերից է բնակապահովման հարցը։ «Այս դահլիճում դուք տեսաք, որ ՔՊ-ականները եւ փոխնախարարը խուսափում էին բռնի տեղահանված բառն ընդգծելուց։ Այդ մարդիկ անօթեւան են դարձել այս իշխանության վարած քաղաքականության շնորհիվ, եւ իշխանությունը պարտավոր է լուծել նրանց խնդիրները: Դուք գիտեք այդ չնչին միջոցները աջակցության, որ տրամադրում են, եւ գիտեք՝ վարձակալության գները ինչպիսին են, առհասարակ ռեալ չէ ակնկալել, որ այդ չնչին գումարներով մարդիկ կարող են խնդիրներ լուծել»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































