«Մենք դեմ չենք COP17-ի իրականացմանը ՀՀ-ում, քանի որ սա միջազգային հեղինակավոր համաժողով է։ Բայց մենք դեմ ենք, որ այս տեսակի միջոցառումները վերածվեն պետական գումարների անթափանցիկ ծախսման կամ մսխման ՀՀ-ում»,-ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը։
ԱԺ-ն քննարկեց և վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի քսաներորդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը։
Խոսելով COP 17-ի իրականացման համար կնքված պայմանագրերի մասին՝ պատգամավորն ասաց․ «Գովազդային արշավի իրականացման համար պայմանագրերից առաջինի համար 54 միլիոն դրամ է նախատեսված, երկրորդ պայմանագրի համար՝ 208 միլիոն դրամ, երրորդի համար՝ 189 միլիոն դրամ։ Մոտ 452 միլիոն դրամ ծախսվում է COP17-ի գովազդային արշավի համար։ Շրջակա միջավայրի նախարարությունը փետրվարի 23-ին պայմանագիր է կնքում ու տալիս 90 տոկոս կանխավճար ոչ մի ծառայություն չիրականացրած կազմակերպությանը գովազդային արշավ իրականացնելու համար։ Մարդ ես, կարող է՝ ինչ-որ բան էր պատահում, ու գովազդային արշավը չէր իրականացվում։ Այն կազմակերպությանը, որը ձախողել էր Սնուփ Դոգի համերգը, 90 տոկոս կանխավճար են տալիս»։
Կարդացեք նաև
ԱԺ արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































