Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՁՅԱԼ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՈՎ

Սեպտեմբեր 01,2004 00:00 Share

ԴԱՐՁՅԱԼ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՈՎ Քանի՞ ուսուցիչ այս տարի չի գնա դպրոց Թեպետ կրթության ոլորտի պաշտոնյաները օպտիմալացման նախորդ փուլից հետո պնդում էին, թե այլեւս կրճատումների նոր ալիք չի բարձրանա, բայցեւայնպես կառավարության 2004-2006 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի համաձայն, մինչեւ 2005 թ. ուսուցչի ծանրաբեռնվածությունը պետք է հասնի 22 ժամի: Դրույքաչափերի համապատասխան փոփոխությունը, բնականաբար, կհանգեցնի ուսուցիչների թվի կրճատման, եւ «օպտիմալացվածների» թիվը, ըստ հիշյալ ծրագրի, կանցնի 4000-ից: Եվ չնայած օգոստոսի 25-ից արդեն դպրոցներում իրականացվում են դասաբաշխումները, եւ կրճատված ուսուցիչների թվի գոնե մոտավոր պատկերը պարզ է, այնուամենայնիվ, ԿԳ նախարարն ու մյուս պատասխանատուները պարտիզանաբար խուսափում են որեւէ թիվ նշել: «Վերջնական թիվ չեմ կարող ասել. շատերը սպասում են, որ դա մեկ ամսվա, մեկ շաբաթվա աշխատանք է, դա երկարատեւ աշխատանք է: Ես գտնում եմ, որ ժամանակն է օպտիմալացման հետ կապված լուրջ ատեստավորման աշխատանքներ կազմակերպել դպրոցներում»,- մեզ հետ զրույցում նշեց քաղաքապետ Ե. Զախարյանը: Կարծում ենք՝ ատեստավորումը պետք է անցկացվեր նախապես, առնվազն 1,5 տարի առաջ, որպեսզի օպտիմալացման գործընթացը, որ բացառապես տնօրենի քմահաճույքներով է իրականացվում, ընթանար օբյեկտիվ եւ անկողմնակալ: Դա անուղղակի ընդունում է նաեւ ԿԳ նախարարը, որը տարեվերջին խոստովանեց՝ դժբախտաբար, օպտիմալացումը չիրականացվեց նախարարության ենթակայությամբ ստեղծվելիք տեսչական-վերահսկողական կառույց ունենալուց հետո, ինչը բերեց տնօրենների կամայականություններին: Կառույցը, փաստորեն, դեռ առաջիկա ծրագրերի ցանկում է, իսկ ուսուցիչների ջարդն ընթանում է նույն՝ կամայական սկզբունքով: Երեկ մեզ հետ զրույցում ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նորիկ Ղուկասյանը նշեց, որ տնօրեններն առաջնորդվում են աշխատանքային օրենսգրքի համապատասխան կետերով, ասել է թե՝ առաջին հերթին կրճատվում են թոշակառուները (ինչը շեշտեց նաեւ քաղաքապետը), այնուհետեւ՝ նախապատվությունը տրվում է բարձր արտադրողականություն ունեցողին, ընտանիքի միակ կերակրողին, խնամքին 2 եւ ավելի երեխա ունեցողին, տվյալ աշխատանքում երկարամյա փորձ ունեցողին: Բայց ինչպե՞ս որոշել ուսուցչի արտադրողականությունը: ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանն ունի դրա բանաձեւը. «Հավաքում են ուսուցիչներին, տալիս են գրավոր քննություն: Այն ուսուցիչը, որը որակ է տալիս, անկախ տարիքից, անկախ նրանից, թե որ բուհն է ավարտել, նա պետք է մնա, այն ուսուցիչը որը որակ չի տալիս, նա պետք է գնա: Սա է լուծումը, ինչո՞ւ են ընկել այս կողմ, այն կողմ»: Այս բանաձեւին, սակայն, դեռեւս ոչ ոք չի հետեւել, տնօրեններն ունեն իրենց սեփական կանոնները, եւ դրա ապացույցը մեկ օր առաջ տնօրենների խորհրդաժողովում հնչած թիվ 62 դպրոցի տնօրեն Գայանե Սողոմոնյանի ելույթն էր: Վերջինս նշեց, որ գերադասում է իր դպրոցում պահել թոշակառու, բայց փորձառու մասնագետին, քան երիտասարդներին, որոնք դպրոց են գալիս իրենց ցուցադրելու համար: Բացի այդ, տնօրենը եւս մի փաստարկ բերեց. «Ինչ խղճով ազատես այն ուսուցչին, որ մութ ու ցուրտ տարիներին դպրոցում էր, իսկ ապահով խավի մանկավարժները լքեցին դպրոցը»: Եթե նույնիսկ բարոյական եւ մարդկային առումով տնօրենը ճիշտ է, այնուամենայնիվ, դարձյալ սուբյեկտիվ գործոնն է իշխում, եւ Նորիկ Ղուկասյանը պնդում է, որ բոլոր տնօրենները պետք է առաջնորդվեն աշխատանքային օրենսգրքով: «Ելույթը մի բան է, աշխատանքային պրոցեսը՝ այլ»,- տնօրենի ասածի առնչությամբ ասաց վարչության պետը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել