Մարտի 21-ին նշվեց Ռասայական խտրականության վերացման միջազգային օրը։
«Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում Հայաստանը 2021 թ․ սեպտեմբերի 16-ին Արդարադատության միջազգային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի։
Հայցում ներկայացվել է, որ հակահայ ատելությունը Ադրբեջանում պետական քաղաքականություն է, այն դասավանդվում է դպրոցներում և արտահայտվում է պետական բարձրագույն մակարդակներում, ինչի հետևանքով հայերը ենթարկվել են համակարգային խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ բռնությունների։ Հարյուր հազարավոր հայեր հարկադրաբար տեղահանվել են Ադրբեջանից՝ փախչելով իրենց կյանքը փրկելու համար։
Ներկայացված հայցի շրջանակում Դատարանը մերժել է Ադրբեջանի առարկությունները՝ կապված իր իրավասության հետ, այդ թվում՝ այն պնդումը, որ Հայաստանի որոշ պահանջներ դուրս են Դատարանը իրավասությունից, քանի որ դրանք իբր հիմնված չեն Կոնվենցիայում նշված ռասայական խտրականության արգելված հիմքերի վրա։ Դատարանը շեշտել է, որ ռասայական խտրականությունից պաշտպանությունն ուժի մեջ է մնում նաև զինված հակամարտության պայմաններում, ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ։ Դատարանը եզրահանգել է, որ Հայաստանի կողմից նշված արարքները կարող են հանդիսանալ ռասայական խտրականություն՝ ազգությամբ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ՝ նպատակ ունենալով խախտելու այն իրավունքները, որոնք պաշտպանված են Կոնվենցիայով։
Կարդացեք նաև
▶️ 2025թ. օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների նախաստորագրված համաձայնագրով Հայաստանը համաձայնել է հետ կանչել բոլոր միջպետական հայցերը, այդ թվում՝ այս հարցը։
📌Պնդում ենք, որ Արդարադատության միջազգային դատարանում ռասայական խտրականության հիմքով միջպետական գանգատից հրաժարվելը հավասարազոր կլինի ռասայական խտրականության քաղաքականությունը արտոնելուն և կհանդիսանա Կոնվենցիայով ստանձնած Հայաստանի Հանրապետության պարտավորությունների խախտում, այդ թվում՝ «անհապաղ, բոլոր հնարավոր եղանակներով վարել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման քաղաքականություն։
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ


















































