Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիլիկիան»

Հոկտեմբեր 14,2004 00:00

«Կիլիկիան» շուտով կվերադառնա Արդեն իրականություն է «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի «Նավարկություն 7 ծովերով» ծրագիր-երազանքը: «Կիլիկիա» նավը, որի կառուցման համար պահանջվել է 11 տարի, 6 փոթորիկ է տեսել: «Այաս» ակումբի անդամ Կարեն Դանիելյանը, որն անձնական պատճառներով փոքր-ինչ շուտ է վերադարձել Երեւան, երեկ «Առավոտին» պատմեց, որ իրենց ողջ ճանապարհորդությունը բաղկացած է եղել միջադեպերից եւ արկածներից: Անգամ Մարմարայում, որտեղ միշտ խաղաղ է, փոթորիկի են հանդիպել: Երեկ առավոտյան «Կիլիկիան» դուրս է եկել Դուբրովնիկից (Խորվաթիա) եւ ուղղվել է Վենետիկ՝ մասնակցելու հոկտեմբերի 17-ին այնտեղ կազմակերպվելիք ֆիեստային՝ որպես պատվավոր հյուր: Ըստ պրն Դանիելյանի, այդ շքեղ տոնակատարությանը կմասնակցեն այլ հնագույն նավեր աշխարհի շատ երկրներից: Վենետիկյան շքերթից հետո «Կիլիկիան» կհանգրվանի տեղի զինվորական թանգարանում: Այնուհետեւ կվերադառնա Հայաստան: «Կիլիկիացիները» հետաքրքիր հանդիպումներ շատ են ունեցել: Կ. Դանիելյանը առանձնացրեց մի քանիսը: «Երբ անցնում էինք Վրաստանի սարերով եւ Ռիոնի գետի զուգահեռ ճանապարհով տանում էինք մեր նավը, հանդիպեցինք մեկ այլ հին նավակի: Պարզվեց Շվեդիայից էր, նա էլ իր ճանապարհորդությունն էր իրականացնում: Խորհրդանշական էր 2 հնագույն նավերի հայտնվելը լեռներում»,- պատմեց Կ. Դանիելյանը: Ըստ նրա, «Կիլիկիան» ամենուր ցնծությամբ է ընդունվել. «Նման համախմբում երեւի մեկ էլ 88-ին է եղել: Հայերի համար ակնհայտ միավորման խթան էր «Կիլիկիան»: Մենք հաճախ պառակտված ենք կուսակցական, քաղաքական, կրոնական եւ մյուս առումներով: «Կիլիկիայի» առիթով հրճվանքը համընդհանուր էր եւ «ապակուսակցական»: Հետաքրքիր արձագանք է ունեցել «Կիլիկիան» օտարազգիների շրջանում: «Շատերը սակավ տեղեկություններ ունեին Հայաստանի մասին, ու հետաքրքրվում էին՝ որտեղից ենք գալիս: Երբ ասում էինք Արմենիա, սկզբում չէին հասկանում: Հետո, երբ հասկանում էին, սկսում էին կասկածել իրենց աշխարհագրական գիտելիքներին՝ եթե ծով չկա Հայաստանում՝ նավը որտեղի՞ց: Հատկապես եվրոպացիներն էին գնահատում մեր համարձակ նախաձեռնությունները»,- պատմեց պրն Դանիելյանը: Նավի անձնակազմը ուրույն զգացողություն է ունեցել Կիլիկիային մոտենալիս, մանավանդ որ Թուրքիա մտնելու վիզա չունեին: Ու երբ խարիսխ են գցել Այասում, որը ժամանակին խոշորագույն նավահանգիստ էր, հանդիպել են Հայաստանի պատմությանը քաջատեղյակ ֆրանսիացի զբոսաշրջիկների: «Նրանք մեզ հարցրին. «Դուք գիտե՞ք, որ ժամանակին սրանք հայկական հողեր են եղել, գիտե՞ք, որ կար Լեւոն 2-րդ Կիլիկիայի թագավոր»: Որոշել ենք գալիք տարի Շերբուրգի կողքով անցնելիս անպայման այցելել իրենց»,- ասաց Կ. Դանիելյանը՝ խոստանալով «Կիլիկիայի» ճամփորդության ժամանակ պատահած ուշագրավ այլ միջադեպերին ծանոթացնել հարմար առիթով: Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել