Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմունիստը քարոզում է իշխանասիրություն

Հոկտեմբեր 19,2004 00:00

Կոմունիստը քարոզում է իշխանասիրություն Եվ այդ սիրո հողի վրա ցանկանում է միավորել «ձախ ուժերին» Հանգստյան օրերին տեղի ունեցավ Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության երկրորդ պլենումը: Կոմունիստական ուժերի պարբերական բնույթ ընդունած տրոհումները նույնիսկ չեն ընկճել Հայաստանի գլխավոր միավորող կոմունիստ Յուրա Մանուկյանին: Այս անգամ նա շրջանառության մեջ դրեց «Միավորված ձախեր» հասկացությունը: Բանն այն է, որ համաշխարհային կոմունիստական շարժման լիդերների հետ շփումներից ընկեր Մանուկյանը հասկացել է, որ զուտ կոմունիստական գործունեությունը նույնիսկ Արեւելյան Եվրոպայի շատ երկրներում հաջողություն չի ունենում: Ուստի ելքը միասնական ձախերի ճակատի ստեղծումն է, որի փորձը աշխարհում արդեն կա: Նախկին ԽՍՀՄ շատ երկրներ նույնպես այդ օրինակով են շարժվում: Ընկեր Մանուկյանը «Առավոտի» հետ զրույցում հատուկ նշեց, որ ԵԽ խորհրդարանական վեհաժողովում նույնիսկ այդպիսի պառլամենտական խմբակցություն կա: Այնուհետեւ իր ելույթում ընկեր Մանուկյանը սրտի ուզածի չափ փնովեց «փտած կապիտալիզմը», իսկ համաշխարհային պրոցեսներին Հայաստանի ինտեգրումը դիտարկեց միմիայն «Միավորված ձախերի» օրինակով: ՀՄԿԿ ղեկավարը «Առավոտին» տեղեկացրեց նաեւ, որ իրենք բանակցությունների մեջ են Հայաստանի առաջադիմական կուսակցության հետ՝ միավորվելու հեռանկարով: Մեր տարակուսանքին այսպես արձագանքեց. «Ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա առաջադիմականների հետ ընդհանուր հայտարարության չգալու»: Ակնկալվում է նաեւ «մի քանի մանր-մունր ազգայնական կուսակցությունների միացումը»: Ընկեր Մանուկյանը պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Իրաք՝ հայ զինծառայողներ ուղարկելու խնդրին, ասաց. «Ես իմ ելույթում էլ քարոզեցի հայրենասիրություն, այսինքն՝ իշխանասիրություն: Պետք է ընդունել երկրի իշխանությանը, անգամ, եթե դուք նրան չընտրված եք համարում: Ինձ դաստիարակել են հարգել պետականությունը, ես պետականություն սիրող մարդ եմ: Դա իմ խնդիրը չէ: Վստահում եմ երկրի արտաքին քաղաքականության ցանկացած դրսեւորման: Ամեն ինչ արվում է երկրի եւ ժողովրդի շահը գիտակցելով»: Ընկեր Մանուկյանից փորձեցինք ճշտել, թե որքանո՞վ է Հայաստանի եւ հայ ժողովրդի շահից բխում ազատագրված տարածքների երեք շրջանների հնարավոր վերադարձի մասին շրջանառվող ինտենսիվ խոսակցությունները: «Ես չեմ հավատում, որ իմ պետության ղեկավարներից որեւէ մեկը կհամարձակվի նման բան ստորագրել: Այն, որ ձեռք է բերվել արյան գնով, ժողովուրդը հենց էնպես չի հանձնի: Եվ հետո, դրանք մերն են վաղուց, այդ խնդիրը լուծված է, կոնֆլիկտն էլ կլուծվի»,- լավատեսական նոտայով ավարտեց ընկեր Մանուկյանը: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել