«Յուրաքանչյուր գործողություն, որն ուղղված է բնապահպան-իրավապաշտպանների դեմ ճնշումներին, նաև ունի հոգեբանական, լուրջ էմոցիոնալ ազդեցություն»,- «Պահպանել բնությունը և պաշտպանել բնապահպաններին․ քննարկում մարտահրավերների մասին» խորագրով հանրային քննարկման ժամանակ ասաց բնապահպան ակտիվիստ Աննա Շահնազարյանը` անդրադառնալով բնապահպան-իրավապաշտպանների դեմ SLAPP գործերին։
Նա պատմեց, որ COP17-ի շրջանակում իր մուտքը սահմանափակվել է․ «COP17-ի կանաչ և կապույտ գոտիների տարածքներ մուտք գործելու ժամանակ ենթարկվել եմ ոստիկանների կողմից ճնշման։ Ինձ կանգնեցրել են, ասել, որ ես չեմ կարող մուտք գործել, քանի որ «Փրկենք Ամուլսարը» գրությամբ հագուստով էի։ Եթե նույնիսկ դա հագուստին չի վերաբերվում, ոչ մի պատճառաբանություն չի տրվում, թե ինչու պետք է սահմանափակվի իմ տեղաշարժվելու ազատությունը։ Ոստիկաններն ասում էին, որ իրենք կատարում են հրահանգ․ ինչ-որ բաներ պետք է ճշտեն»։
Օրհուսի կոնվենցիայի ներքո բնապահպանների հարցերով հատուկ զեկուցող Միշել Ֆորսթն ասաց, որ այս հարցով կխոսի ՀՀ կառավարության հետ ու հավելեց․ «Եթե մեզ պաշտոնապես չդիմեք, մենք չենք կարողանա գործողություններ իրականացնել։ Կխնդրեմ, որ ինձ հակիրճ մեյլ ուղարկեք, նշեք, որ Ձեզ խոչընդոտել են։ Եթե անվտանգության աշխատակիցները գերազանցել են իրենց լիազորությունները, ես էլ համապատասխանաբար կդիմեմ ՀՀ կառավարությանը, որ այս մասով իրենց հանձնառությունները չեն կատարել։ Կարող եմ Ձեզ հետ քայլել COP17-ի կապույտ գոտի, տեսնենք՝ ինչ է տեղի ունենում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































