Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձելու են շանտաժի միջոցով մարդագողությամբ զբաղվել»․ Մետաքսե Հակոբյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

Հոկտեմբեր 22,2026 17:12 Share
Աջակցեք aravot.am-ին

«Կարծում եմ, մենք բոլորս էլ վստահ էինք, որ հենց այս սցենարն ենք ունենալու նման խորհրդարանի ձևավորման պարագայում, որովհետև ամեն դեպքում, իշխանությունը չունեցավ այն խորհրդարանը, որն ինքը կանխատեսում էր, որով շատ արագ ինքը կկարողանար այս հարցը լուծել: Եվ տարօրինակ էլ չի նաև, որ հենց այդ մասին այսօր է հայտարարում կառավարության ղեկավարը»,- «18 արդարների» գործով նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով արտահերթ ընտրությունների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Ըստ բանախոսի, Ադրբեջանի հետ ՀՀ գործող իշխանությունների պայմանավորվածության համաձայն, «պիտի իրենք մինչև 31 թիվը հնարավորություն ունենային այսպես խեղկատակություն անելով ձգել, բայց Ադրբեջանը փոխել է իր դիրքորոշումը, որոշումը և հստակ հրահանգ իջեցրել, որ պետք է շատ արագ արվի այդ գործընթացը»։

«Այստեղ բնականաբար արդեն գնդակը նաև ընդդիմության դաշտում է, որովհետև այն փորձաշրջանը, որ իրենք պիտի հարմարվեին խորհրդարանում, կարծում եմ՝ այսօրվանից իրենք պիտի ընդունեն, որ ավարտվեց և հստակ սկսեն քաղաքական պրոցեսներ իրականացնել»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Հարցին՝ իր կարծիքով թերանո՞ւմ են խորհրդարանական ընդդիմադիրները քաղաքական գործընթացներում, պատասխանեց․ «Որևէ գնահատական չեմ ուզում բնավ տալ այդ առումով՝ պայմանավորված այն հանգամանքով, որ մենք ինքներս տեսնում ենք, որ շատ-շատերը ուղղակի անփորձ քաղաքական որևէ պրոցեսներում կամ գործընթացներում նաև չեղած մարդիկ են, միգուցե իրենք պիտի հարմարվեին։ Բայց կարծում եմ, որ այս ժամանակահատվածը, որ իրենք արդեն խորհրդարանում են, առավել ևս նման իշխանական ներկայացուցիչների հետ են խորհրդարանում, իրենք պիտի արդեն թրծված ու գոնե քաղաքական պրոցեսները․․․ որովհետև քաղաքական պրոցեսի ամենակարևոր հատվածը իրենք բաց թողեցին հենց ընտրության օրը՝ արդյունքների հայտարարման պահին, այո՛, պրոցեսներ քաղաքական չգեներացնելով։ Բայց քավ լիցի, անցել է ժամանակը: Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այլ իրավիճակի մասին, որտեղ առանց քաղաքական պրոցես իրականացնելու այլևս հնարավոր չէ, որովհետև մենք շատ լավ գիտենք այս իշխանության ղեկավարին՝ ինքը ի՞նչ է անելու. ինքը սկսելու է շանտաժի ենթարկել, սկսելու է շանտաժով այս խորհրդարանական ընդդիմությանը․․․ Եթե չի տրվում շանտաժի, բնական է, փորձելու են այդ շանտաժի միջոցով մարդագողությամբ զբաղվել: Եթե դա էլ չի հաջողվում, ի՞նչ է խանգարում այդ անձին, օրինակ, սահմանային միջադեպեր ստեղծելը, տպավորությունը պատերազմի ստեղծելը, ինչը մենք բազմիցս ժամանակ առ ժամանակ հենց տեսնում ենք այս իշխանությունների օգնությամբ նման պրոցեսներ»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել