Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՏԱԾԵԼ

Հոկտեմբեր 19,2004 00:00

«ՄՏԱԾԵԼ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» Կոչ է անում դաշնակցական պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը Ընդդիմադիր խմբակցություններին պատգամավորական մանդատներից զրկել-չզրկելու հարցը ժամանակ առ ժամանակ դառնում է քննարկումների եւ վերլուծությունների առարկա, բայց այդպես էլ պաշտոնական լուծում չի ստանում։ ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը վերջերս մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ընդդիմադիր բացակաների հարցը չի կարող լուծվել, քանի դեռ բոյկոտի հարցը չի կանոնակարգվել։ Իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը գտնում է, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելը չի կարող ելք լինել ստեղծված իրավիճակից. «Դա ելք չէ, որովհետեւ եթե նույնիսկ առանց ընդդիմության ինչ-որ օրենքներ են ընդունվում, դա չի կարելի խորհրդարանի լիաթոք աշխատանք համարել։ Ենթադրենք զրկվեցին եւ իրենց ցուցակներում բոլորն էլ հրաժարվեցին գալ խորհրդարան, կնշանակի, որ աշխատանքները ձախողվում են։ Եվ եթե քայլերը հաշվի առնված չեն, նշանակում է՝ ամբողջ խորհրդարանը պետք է ցրել։ Սա ելք չէ, ելքը՝ համոզելն է, խորհրդարան վերադարձնելը»։ Ըստ Ռուբեն Հովսեփյանի՝ «դատարկ տեղեր բնությունն ու հասարակությունը չեն սիրում. եթե ընդդիմություն չկա խորհրդարանում, ուրեմն դրա տեղը ինչ-որ բան պիտի առաջանա։ Մի առիթով կեսկատակ-կեսլուրջ ես ասացի՝ մենք կդառնանք ընդդիմություն, ես կդառնամ ընդդիմություն։ Որովհետեւ այդ տեղը, որ գոյություն ունի ընդդիմության համար, դատարկ է մնում, իսկ դա գայթակղող է, կանչող է, փոս է, իսկ դատարկությունը պետք է լցվի։ Նոր ընդդիմություն էլ կարող է առաջանալ, ոչ թե արհեստականորեն, այլ՝ իրականում էլ կարող է առաջանալ»։ Ռուբեն Հովսեփյանին ուղղված մեր հաջորդ հարցը այն մասին էր, թե ինչո՞ւ են վարչապետը կամ մի շարք այլ պաշտոնյաներ վրդովվում կամ նեղանում, երբ հարցնում ենք կոալիցիայում եւ խորհրդարանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի մասին։ Ռուբեն Հովսեփյանն այն կարծիքին է, որ հարցը իր մեջ սուր ենթատեքստ ունի. «Եվ եթե փորձում ես պատասխանել, ընկնում ես կրակը։ Բարոյահոգեբանական մթնոլորտը ոչ միայն խորհրդարանում կամ կոալիցիայում, այլեւ ամբողջ երկրում լավ վիճակի մեջ չէ։ Ե՞րբ է մարդը իր կյանքից գոհ լինում, միշտ էլ սոցիալական հարցեր կլինեն, որ լուծված չեն լինի, բայց բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է բարձր լինի՝ մեզ պահողը դա է եղել։ Հիմա կարծես թե հավասարակշռությունը փոխվել է, եւ առաջիկա տարիներին, երբ մեզ շատ փորձություններ են սպասվում, երեւի թե ամենակարեւորը բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավումն է։ Հենց այստեղ է, որ ընդդիմությունը իր հերթին պետք է այդ գործին մասնակից լինի։ Քայլեր են անում, որ զարմանում ես։ Չէ՞ որ այդ րոպեին դու քո րոպեական հարցն ես ուզում կարծես թե լուծել, եւ էլի չես կարողանում, գոնե լուծեիր։ Ոչ էլ կարողանում է լուծել, բայց հետեւանքների մասին չի մտածում։ Սա է ամենավատը։ Թե չէ՝ ո՞վ է ասել, որ իշխանության համար պայքար չկա, կամ անթույլատրելի է։ Պայքարիր, ամեն ինչի համար պայքարիր, բայց այնպես պայքարիր, որ հասարակության վրա վատ անդրադարձներ չունենա»։ Հոկտեմբերի 26-ին ընդդիմությունը հրավիրում է հանրահավաք՝ «Ո՛չ ահաբեկչությանը» կարգախոսով, եւ երթ դեպի Բաղրամյան փողոց՝ ի հիշատակ «Հոկտեմբերի 27»-ի զոհերի։ Արդյո՞ք պատգամավոր, գրող եւ հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանը կմիանա այդ հանրահավաքի մասնակիցներին: Ըստ Ռ. Թորոսյանի «շատ ընդունելի, շատ մարդկային բան է, որ պիտի արվի։ Բայց ես ավելի շատ անհանգիստ եմ, որ նրանք այդ մարդկային, այդ անհրաժեշտ բանը վերածեն ուրիշ բանի։ Ես կուզենայի, որ առանձին արվեր, ահաբեկչության դեմ հանրահավաքը ի՞նչ կապ ունի մեր զոհերի հիշատակի հետ»։ Պատգամավորին ուղղված մեր վերջին հարցը Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու հնարավորությունների մասին էր։ Հասկանալի է, որ ոչ ոք Հայաստանի կամքը չի հարցնելու այդ հարցը վճռելուց առաջ, այնուամենայնիվ, մերոնք անհասկանալի իրարանցման մեջ են։ Ռուբեն Հովսեփյանի կարծիքը սա է. «Ես չեմ իրենց ԵՄ ընդունողը, մնում է հասկանանք՝ այդ քայլը մեզ օգո՞ւտ է, թե՞ ոչ։ Հարցը երկու կողմ ունի. ես կուզենայի, որ նրանք ընդունվեին ԵՄ, եթե ընդունվելու հետ կապված շարունակությունը, հետեւանքները իրոք հաշվի առնվեին, չանտեսվեին այն բոլոր պարտականությունները, ու պարտավորությունները հաշվի առնվեին։ Եթե իրոք պատրաստ չի լինում այդ չափանիշներին եւ նրան ընդունում են, ամեն դեպքում նրա խախտումներին ներողամիտ են լինում՝ հույս ունենալով, որ կուղղվի, կշտկվի։ Բայց այդ պրոցեսը երկար կտեւի։ Ուրեմն՝ եթե Թուրքիան պատրաստ է ըստ Եվրոպայի եւ ինքը պետք է ենթարկվի եվրոպական ընտանիքի կանոններին, ուրեմն դա մեզ օգուտ է, որովհետեւ ինքն այնպիսի ընտանիքում կլինի, որ իրեն թույլ չեն տա, որ ինչ-որ քայլեր անի։ Բայց այսօրվա վիճակն այնպիսին է, որ ես ոչ Եվրոպայի վրա եմ վստահ, ոչ էլ Թուրքիայի։ Այդ իմաստով, իհարկե, չարժե»։ Զրուցեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել