«SLAPP գործերի առաջին նպատակը հանրային մասնակցությունը սահմանափակելուն է ուղղված։ Երկրորդ սահմանափակումը ֆինանսական պաշտպանությունն է, երբ խոշոր հանքարդյունաբերողները, իշխանական լծակներ ունեցող ինստիտուտներ դիմում են դատարաններին, հիմնական ճնշման գործիքը հենց ֆինանսականն է, երբ դատարանները կիրառում են հայցապահովման միջոցներ, որոնք արդեն հասնում են մեծ թվերի»,-«Պահպանել բնությունը և պաշտպանել բնապահպաններին․ քննարկում մարտահրավերների մասին» խորագրով հանրային քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց «Մարդու իրավունքների տուն Երևանի» համակարգող Նվարդ Մարգարյանը։
Ասաց, որ նամակ են ուղղել ՀՀ կառավարությանը, հիմնական պահանջը եղել է, որ պաշտպանեն բնապահպան-իրավապաշտպաններին, ներդնեն հակա-SLAPP օրենսդրություն ՀՀ-ում․ «Քանի որ ՀՀ-ն ԵԽ անդամ պետություն է, մենք հղում ենք անում ԵԽ-ի 2024 թիվ 2 հանձնարարականին, որն առաջին հերթին սահմանում է, թե ինչ է SLAPP-ը, ավելի լայն է, քան ԵՄ դիրեկտիվն է։ Առաջարկում է պետություններին այնպիսի մեխանիզմներ ներդրել, որոնք կկանխարգելեն SLAPP-երը, կտրամադրեն աջակցության մեխանիզմներ տուժողներին։ Մեր պահանջն է, որ ներդրվեն առաջին հերթին հայցերի վաղաժամ մերժման մեխանիզմներ SLAPP դեպքերի հետ կապված, որ դրանք նույնիսկ չհասնեն դատարաններ, այլ հենց առաջին ատյանում մերժվեն դեպքերը»։
Ըստ Նվարդ Մարգարյանի՝ SLAPP-երը նպատակ ունեն ազդակիր համայնքների ներկայացուցիչներին լռեցնելու։ Նա այս առիթով բերեց Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ջերմուկցիների օրինակը․ «Այս ռազմավարական հայցերն ունենում են վախեցնող, զսպող մեխանիզմներ մնացած բոլոր համայնքների կամ ազդակիր համայնքների բնակիչների համար, որ իրենք ընդհանրապես մոտիվացված չլինեն խոսել հանրային հարցերի մասին, որոնք անհանգստացնում են իրենց։ Կան դեպքեր, երբ Ամուլսարի ազդակիր համայնքից Ջերմուկի բնակիչներն անցել են SLAPP գործերի միջով, և տեսնում ես, որ դատական գործերը տևում են 3-4 տարի, երբ հանքարդյունահանողը միջնորդել է դատարանին ապահովել հայցապահովման միջոց․ այդ մարդկանց հաշիվները կալանքի տակ են դրվել»։
Կարդացեք նաև
«Պահպանել բնությունը և պաշտպանել բնապահպաններին․ քննարկում մարտահրավերների մասին» խորագրով հանրային քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































