«Այդ սցենարը մենք կանխատեսել ենք, որովհետև ալիևյան սահմանադրությունը պիտի փորձի ընդունել տա, իր մոտ դա չի հաջողվում։ Ինքը բազմիցս ասել է, ահաբեկել է մեր ժողովրդին՝ ասելով, որ եթե չունենամ սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին տեղի է ունենալու աղետաբեր պատերազմ, և հիմա էլ շանտաժի հերթական արարն է մեր հայրենակիցներին»,- «18 արդարների» գործով նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով արտահերթ ընտրությունների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով, որ Փաշինյանը պարզ ասում է․ «թե չկարողանամ (ընդդիմության դաշտից մարդկանց իշխանական դաշտ-Ն․ Գ․) բերեմ ինչ-ինչ պատճառներով, դա չստացվի իմ մոտ, ապա ես ուրիշ ճար չունեմ, որովհետև Ալիևը իմ վրա ժամանակ է դրել։ Այսինքն՝ այս դեպքում էլ, եթե լինեն արտահերթ ընտրություններ, ևս մեկ անգամ վախի մթնոլորտ ստեղծելով պետք է հաջողության հասնի։ Իհարկե, վախի, շանտաժի իր գործիքակազմը լիուլի կիրառելու է՝ նորից հերթական անգամ փորձելով մոլորեցնել մեր հայրենակիցներին. «Չընտրեք՝ լինելու է պատերազմ»։
Պատասխանելով ստեղծված իրավիճակում ընդդիմության թերի գործունեության մասին հարցին էլ, Գառնիկ Դանիելյանն ասաց․ «Ասում են՝ ընդդիմությունն ինչ է, ընդդիմության շատ ժամանակ ձեռքերը ազատ չեն։ Ասում են՝ այս դեպքում չպետք է արդեն փողոցը եռա՞ր։ Դե սիրելիս, հարգելիս, պիտի եռար, պիտի իշխանությունը չլիներ էլ՝ պիտի այդ ցանկությունները ունենայինք, և այդ պահանջը կա։ Բայց, համենայնդեպս, իշխանությունն էլ իր հերթին ձեռքերը ծալած չի նստում։ Մենք անհավասար դաշտի մեջ ենք։ Մի տեղ իշխանությունն է զինված ամեն ինչով՝ ստով, կեղծիքով, հայհոյանքով, մարդկանց տները մտնելով, ուժային համակարգն իր ձեռքին… Այսինքն՝ մեղավորն այն մարդի՞կ են, որոնք որ պայքարում են, որոնք որ դատարաններով բան են անում, որոնց ընտանիքի անդամները տուժում են, որոնք առողջապես են տուժում ամեն ինչով… Այդ մարդիկ մեղավոր չեն, մեղավոր են ավանդաբար պայքարող, կռիվ տվող, զրկանքների ենթարկվող ընդդիմադիր մարդիկ։ Արդեն ութ տարի է՝ այս ամեն ինչի մեջ ենք մենք, մեր ընտանիքները, մեր հարազատները։ Մենք շարունակելու ենք պայքարելը, անտրտունջ պայքարը շարունակելու ենք։ Բայց շատ ժամանակ, կներեք, մենակ մեզնից չի կախված, մեր հայրենակիցներն էլ մեր այս պայքարին պիտի սատար կանգնեն, աջակցեն և չհոգնեն, չդադարեն պայքարելուց, չդադարեն իրենց հայրենիքի համար դուրս գալուց՝ իհարկե նաև փողոցներ դուրս գալուց, իհարկե նաև իրենց բողոքի ձայնը բարձրացնելուց»։
Գառնիկ Դանիելյանի բնութագրմամբ, Հայաստանն այն իրավիճակում է, որ եթե շարունակեն իշխանավարել գործող իշխանությունները, Հայաստանից ոչինչ չի մնալու։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































