Լրահոս
Օրվա լրահոսը

Կովկասը՝ մամուլում

Նոյեմբեր 23,2004 00:00

Կիրակի օրը «Թերջյան» հյուրանոցում հրավիրվել էր կլոր
սեղան՝ «Հայ-ռուսական հարաբերությունների եւ Հարավային ու Հյուսիսային Կովկասի խնդիրների
լուսաբանումը մամուլում» թեմայով: Ներկա քաղաքական գործիչները, ոլորտին առնչվող
մարդիկ, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջին քարտուղար Նիկոլայ
Սկրիպկան եւ դեսպանի խորհրդական Ալեքսանդր Զուգայնովը համոզված էին, որ հայ-ռուսական
հարաբերությունների շարունակական գործընթացը պետք է դրվի ամուր հիմքերի վրա: ԱԺ պաշտպանության,
ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը
նշեց, որ այս քննարկումը կարող է սկիզբ հանդիսանալ մի գործընթացի, որը կարող է հետաքրքրել
երկու ժողովուրդներին եւ գտնել այնպիսի կետեր, որ կբերի պրոֆեսիոնալ մոտեցում ինֆորմացիային:
«ԶԼՄ-ներում Կովկասի խնդիրների լուսաբանման չափանիշների օբյեկտիվությունը եւ ամբողջականությունը»
թեմայով իր զեկույցում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը համոզված
էր, որ օբյեկտիվության բանալին գնահատականների վերլուծական ամբողջականության եւ բազմակարծության
մեջ է: «Առավոտի» համար նա մանրամասնեց. «Մեր լրագրությունը չպետք է կրկնօրինակի
արեւմտյանին: Այն ավելի շուտ պիտի փորձի լինել ընկալող, քանի որ մեզ մոտ կայացած
չեն ո՛չ քաղաքական ինստիտուտը, ո՛չ էլ արդյունավետ գործող կուսակցական համակարգը:
Մեր պրոբլեմները գալիս են նրանից, որ մեզանում կա հոգեւոր, գաղափարական, քաղաքական
ճգնաժամ՝ որպես հետխորհրդային պետություն եւ չունենք ապագայի պատկեր: Մենք չենք հաղթահարել
անցումային շրջանը: Եվ թող չխաբի մեզ գործող ապիկար վարչակազմը»: «Լեռնային
Ղարաբաղի խնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ներում» թեմայով էր ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի
զեկույցը: «Մենք ունենք կարեւոր գործնական խնդիր՝ կազմակերպել դրական վերաբերմունք
Հայաստանի նկատմամբ, ձեւավորել ժողովրդի իմիջ եւ կերպար»,- ասաց Ա. Սարգսյանը: Իսկ
ղարաբաղյան խնդրի վերաբերյալ պրն Սարգսյանը տարօրինակ համարեց, որ ռուսական կենտրոնական
թերթերն ու հեռուստատեսությունը կամ չեն անդրադառնում Հայաստանին եւ ղարաբաղյան խնդրին,
կամ հաղորդում են ոչ կարեւոր ինֆորմացիա: «Առհասարակ, Ռուսաստանում բացակայում է
ինֆորմացիոն քաղաքականությունը Հայաստանի վերաբերյալ, ինչը չես ասի Վրաստանի կամ
Ադրբեջանի մասին, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում Ի. Ալիեւը ստեղծել է ինստիտուտ,
որը զբաղվում է ղարաբաղյան խնդրով,- տեղեկացրեց Ա. Սարգսյանը:- Չնայած Ռուսաստանը
չի ուզում տեսնել այն խնդիրնեը, որ կան Ղարաբաղում, մենք պետք է անենք քայլեր, որոնք
կբեւեռեն անհրաժեշտ ուշադրություն մեր պրոբլեմներին: Պետք է ԱԺ-ի միջոցով փոխել իրավիճակը,
քանի դեռ ուշ չէ»: ԱՊՀ-ի հայկական սփյուռքի խնդիրներին եւ հայկական ինֆորմացիոն
քաղաքականությանն էր վերաբերում Հայկ Բաբուխանյանի ելույթը: Իսկ «Առավոտին» նա ասաց,
որ կան լրատվամիջոցներ, որոնք ուռճացնում են հայ-ռուսական հարաբերությունների բացասական
կողմերը: «Մեր քաղաքականությունը պետք է հավասարաչափ բարիդրացիական լինի բոլոր հարեւանների
նկատմամբ: Հայաստանի նման փոքր երկիրը ցանկալի է, որ միայն բարեկամներ ունենա: Իսկ
կովկասյան իրադարձությունները լուսաբանող լրատվամիջոցները պետք է ազնիվ լինեն, ինչը
հաճախ չենք հանդիպում եւ դա մեզ մտահոգում է»,- ասաց Հ. Բաբուխանյանը: Գիտաժողովի
վերջում աշխույժ քննարկում ծավալվեց, ընդունվեցին ներկաների առաջարկները եւ կազմվեց
ամփոփագիր: Գործարար Տարոն Սահակյանը հայ-ռուսական հարաբերություններում կարեւոր
համարեց համակարգված աշխատանքը. «Իմ կարծիքով, պետք է ստեղծվի կենտրոն, որտեղ լինեն
ե՛ւ մասնագետներ, ե՛ւ ժուռնալիստներ, ե՛ւ մտավոր կարողություն եւ փորձ ունեցող մարդիկ,
որոնք կապահովեն այդ համակարգի կենսունակությունը եւ կբերեն ճիշտ համագործակցության»:
ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930