Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՌԻՑ,

Դեկտեմբեր 03,2004 00:00 Share

ՇԱՌԻՑ, ՓՈՐՁԱՆՔԻՑ ՀԵՌՈՒ՝ ԴԵՊԻ ԴԱՏԱՐԱՆ Ոչ պետական բուհերին ձեռնտու չէ հավատարմագրվել բնականոն ճանապարհով Վերջերս դատարանի միջնորդությամբ «դեղագործություն» եւ «բուժական գործ» մասնագիտությունների համար հավատարմագիր ձեռք բերեց Սուրբ Թերեզայի անվան գթության քույրերի ինստիտուտը: ՀՀ ԿԳ նախարարության լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայությունից տեղեկացանք, որ ինստիտուտը հուլիս ամսին նշված մասնագիտությունների գծով հրաժարվել է մասնակցել քննություններին՝ պատճառաբանելով, թե իրենց ուսանողները բացակայում են քաղաքից: «Երբ ինստիտուտի ներկայացուցիչների հետ հավաքվեցինք խորհրդակցության, ոչ ոք չասաց, որ իրենց ուսանողներն այստեղ չեն: Բայց քննությունից երկու օր առաջ, երբ արդեն ամեն ինչ պատրաստ էր եւ մնում էր միայն պայմանավորվել տեղի եւ ժամի համար, հանկարծ ռեկտորից գրություն է գալիս նախարարի անունով, որ իրենց ուսանողները բացակայում են քաղաքից եւ իրենք չեն մասնակցելու քննությանը: Ես ինքս ընկա անհարմար վիճակի մեջ, քանի որ արդեն պայմանավորվել էի հանձնաժողովի անդամների հետ եւ ստիպված էի նրանց փոխարեն ներողություն խնդրել»,- «Առավոտին» պատմեց լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության պետի տեղակալ Անահիտ Մելքոնյանը: Նրա կարծիքով, ոչ պետական բուհերն ընտրում են հավատարմագիր ստանալու «դատական» ճանապարհը, քանի որ չունեն բավարար մակարդակ՝ քննություններին մասնակցելու համար: Դատարանի միջոցով հավատարմագիր ստանալը սկսվել է 2002-ից, երբ, ըստ Ա. Մելքոնյանի, անհրաժեշտություն առաջացավ որոշ ժամանակով հետաձգել հավատարմագրման գործընթացը՝ օրինական հիմքեր, այսինքն՝ չափանիշներ մշակելու համար: Ոչ պետական բուհերի ռեկտորների կարծիքով, ստեղծված պայմաններում բուհերը հայտնվել էին անհավասար կարգավիճակներում. մեկին հնարավորություն էր տրվել առանց չափորոշիչների քննություններ հանձնել եւ հավատարմագիր ստանալ, իսկ մյուսներին՝ ոչ: Նրանք համոզված են, որ այդ ժամանակ հավատարմագրվեցին միայն որոշ «ընտրովի» բուհեր, իսկ հետագայում «քննություններին մասնակցելու արգելքների նպատակը բուհերի քանակի կրճատումն էր»,- վստահ է «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանը: Որ հավատարմագրման գործընթացում հենց սկզբից եղել են մի շարք թերություններ եւ բացթողումներ՝ ընդունում է լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության պետի տեղակալը: «Բայց մեզ չի սազում, որ կրթության հարցերը լուծենք դատարաններում,- ասում է Անահիտ Մելքոնյանը,- եթե իսկապես կրթության նվիրյալներ եք, եկեք մակարդակ ապահովենք»: Նա առաջարկում է ստեղծված իրավիճակից ելք փնտրել ոչ թե դատարանների, այլ համագործակցության միջոցով: ԶԱՐՈՒՀԻ ՍԱՐԳՍՅԱՆՀ. Գ. «Առավոտին» հաջողվեց որոշ մանրամասներ իմանալ հավատարմագրման գործընթացների ներքին խոհանոցից: Ըստ մեր տվյալների, շատ հաճախ բուհը տվյալ մասնագիտության հավատարմագրման համար ներկայանում է ընդամենը 3-4 ուսանողներով: Եվ այդ մի քանի հոգու 60 տոկոսի դրական գնահատականները որոշում են բուհի տվյալ մասնագիտության ճակատագիրը: Կա եւս մի «խորամանկություն». քննությունների ընթացքում բուհի ղեկավարությունը հեռացնում է վատ սովորող ուսանողներին, որոնք կարող են ազդել արդյունքների վրա, եւ հետո, երբ լիցենզիան ստանում է, նորից այդ ուսանողներին հետ է ընդունում՝ արդեն հավատարմագրված մասնագիտությամբ սովորելու: Լիցենզավորման եւ հավատարմագրման գործընթացներում, ըստ մեր աղբյուրի, ներգրավված են մեծ թվով կոռումպացված մասնագետներ: Մինչ ատեստացիոն քննությունների անցնելը, «անկախ աուդիտորները» (ԿԳՆ եւ տարբեր բուհերի մասնագետներ) ուսումնասիրություններ են անցկացնում բուհում, տալիս իրենց գնահատականը, որից հետո միայն կազմակերպվում են քննությունները: Այս «անկախ աուդիտը» շատ հաճախ տալիս է այնպիսի եզրակացություն, որն իրականությունից բավական հեռու է: Օրինակ՝ բուհը հաճախ չունի անհրաժեշտ պայմաններ՝ ուսումնական գործընթաց կազմակերպելու համար, չունի լաբորատորիայից օգտվելու պայմանագիր՝ այն պետական բուհի հետ, որի ներսում ինքը գործում է, կուրսերը ճիշտ չեն կոմպլեկտավորված եւ այլն: Էլ չենք ասում այնպիսի բուհերի մասին, որոնք կարող են գործել 3-4 սենյականոց բնակարաններում՝ ընդամենը մի քանի հոգով: Սակայն այդ բոլոր թերությունները ի հայտ են գալիս միայն լիցենզիա ստանալուց հետո: Պետական բուհերն էլ առիթը բաց չեն թողնում՝ ժամանակ առ ժամանակ հայտարարելու, որ ոչ պետական բուհերը չեն կարող համեմատվել պետականների հետ՝ իրենց ուսուցման մակարդակով: Սակայն այն հանձնաժողովները, որոնք ոչ պետական բուհերում անցկացնում են ատեստացիոն քննություններ, կազմված են նաեւ պետական բուհերի ռեկտորներից: Այդ ինչպես է, որ քննություն հանձնելիս այդ նույն ռեկտորների համար որակը բավարար է, իսկ ընդհանուր առմամբ՝ բավարար չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել