Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՈՂԱԿԱՆԻ ՀԵՏ՝ ԳՈՂԱԿԱՆ, ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆԻ ՀԵՏ՝ ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆ»

Մարտ 04,2005 00:00

«ԳՈՂԱԿԱՆԻ ՀԵՏ՝ ԳՈՂԱԿԱՆ, ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆԻ ՀԵՏ՝ ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆ» Սա է մեր պատգամավորների նշանաբանը՝ նաեւ հայոց լեզվի կիրառման տեսակետից Նոր կանոնակարգի համաձայն, ազգային երեսփոխանները երեկ ջանք ու եռանդ չէին խնայում մի կերպ «գլորել» չորսօրյայի չորրորդ օրը: Անսովոր մտավոր ծանրաբեռնվածությունից պատգամավորները բառացիորեն ուժասպառ էին եղել. «Իբր երեք օրից շատ էինք գլուխ հանում, հիմա էլ չորրորդը մոգոնեցին»,- դժգոհ-դժգոհ փնթփնթալով՝ միջանցքում գնում-գալիս էր մի Հանրապետական պատգամավոր: ՕԵԿ-ականներից շատերն էին նրա հետ համամիտ, Դաշնակցությունը, գաղտնապահության կանոններին համապատասխան, պարտիզանի պես պահպանում էր կասկածելի լռություն: Դեռ կեսօրին պարզ դարձավ, որ օրենսդիրների մեծ մասն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները: Պատգամավորներին, գրանցվելու հրավիրելուն զուգահեռ, ԱԺ նախագահը հիշեցնում էր, որ մի քանի օրինագծեր հարկավոր է քվեարկել: Սակայն երբ գրանցման արդյունքները հայտնի դարձան, պարզ էր, որ հնարավոր չէ քվորում չունեցող խորհրդարանում քվեարկություն անցկացնել: Գրանցվածների թիվը հրապարակվեց շատ ավելի մեծ, քան ներկա էին դահլիճում: «Առավոտի» թղթակիցը մեկ առ մեկ հաշվելով դահլիճում այդ պահին ներկա պատգամավորներին՝ ցավով արձանագրեց, որ ընդամենը 50 մարդ կա դահլիճում, մյուս «գրանցվածները» վիրտուալ աշխարհից էին: Սակայն դա չխանգարեց նիստը սկսել եւ քննարկել ՀՀ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագիծը: Օրինագծի հեղինակները բացառապես ՕԵԿ խմբակցության անդամներ էին, որոնց «ձայնակցեց» միայն «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որը պարզապես չէր կարող չխոսել լեզվի մասին, քանի որ դա իր երբեմնի մասնագիտությունն է: Պրն Սահակյանի խոսքը, ինչպես միշտ, կուռ էր եւ տրամաբանական. «Այսօր ես այնքան չեմ էլ մտածում, թե որքանով է հայը հայերեն խոսում, ես մտածում եմ, թե ինչքանով է հայը հայերեն մտածում: Մենք արդեն մոռացել ենք, որ լեզվի բանաձեւը շարադասությամբ այն է, որ ենթական ստորոգրյալից առաջ է դրվում: Մենք արդեն մոռացել ենք, որ մեր առոգանությունը կախված է նրանից, որ միշտ շեշտը բառի վերջին վանկի վրա է դրվում: Այսօր շեշտերը հանել են, ծոր տալով երկարացման նշաններ են դրել»: ՕԵԿ խմբակցության անդամ, օրինագիծը ներկայացնող Արտակ Առաքելյանը, որպես լեզուն աղավաղելու օրինակ, հիշեց «Ուգլի մագազինումը կալբասի օչերեդ է» նախադասությունը, եւ խորհրդարանի երեկվա նիստի առաջին մասը վերածվեց հերթական գրական-երաժշտական ցերեկույթի: Պատգամավորներին բավականին զվարճացրել էր քննարկվող հարցը, քանի որ միջանցքներում արդեն փորձում էին միմյանց խոսքի մեջ սխալներ գտնել: Իսկ լրագրողների հարցերին պատասխանելիս շատ ավելի ուշադիր էին (լեզվի իմաստով), քան՝ սովորաբար: Բայց դա էլ չէր փրկում: Պատգամավորների ճնշող մեծամասնությունը տեխնիկական կրթություն ունի, բանասերները նրանց մեջ հատուկենտ են, շատերն այստեղ ֆիզկուլտուրնիկ են, իսկ մի զգալի հատվածը երեկ պարծենում էր, թե մի քանի ինստիտուտի դիպլոմ ունի, բայց դժվարանում էր նշել իր մասնագիտությունները: Ո՞նց հիշես մի բան, որից շատ ունես: Պատգամավոր Արտյուշա Սիմոնյանին հարցրինք, թե իր կարծիքով ինքն ինչպիսի հայերենով է խոսում. «Եթե երկար խոսենք՝ կզգաք»,- եղավ պատասխանը: Զգացինք: Դա գրական, տեղ-տեղ խոսակցական հայերենն էր: Հանրապետականներից շատերը խորհուրդ էին տալիս՝ «Սամվել Բալասանյանին խոսեցրու, տես կհասկանա՞ս, թե ինչերեն է խոսում»: Հասկացանք՝ Գյումրվա բարբառով: Հանրապետական Աշոտ Աղաբաբյանը իր մասին վատ կարծիքի չէ. նա վստահ է, որ ինքը խոսում է գրական հայերենով: Սակայն, իրականում, դա ավելի շատ խոսակցական հայերեն է: Համլետ Հարությունյանը առիթը բաց չթողեց բացատրելու հայերենի մասին իր գիտելիքները. «Հայերենը շատ դժվար լեզու է, եւ շատ քիչ մարդիկ են կարողանում մաքուր գրական խոսել»: Բայց խոստովանեց, որ ինքն էլ է սիրում խոսել ժարգոնով: Թերեւս սրանով է բացատրվում պատգամավորների ամենօրյա աշխատանքային լեզվում հնչող հետեւյալ «ոսկեղենիկ» բառաֆոնդի առկայությունը՝ «Արա, ի՞նչ ես յալվար ընկել, կգանք, կոճակը կսեղմենք», կամ՝ «Կարող ա՞ տեղը չես բերում», «Արա, էս ի՞նչ ռազբորկա ա», կամ՝ այնքան շատ գործածվող «Ազիզ ախպերը»: Շարքը կարելի է շարունակել, բայց արժե՞, արդյոք: Պատգամավոր Առաքել Մովսիսյանը /Շմայս/, որը համեմատաբար նոր մարդ է խորհրդարանում եւ առայժմ հանդես չի եկել հայտարարություններով կամ սեփական օրինագծերով, երեկ սիրահոժար պատասխանեց մեր հարցերին եւ ամենեւին չթաքցրեց, որ ինքը հաղորդակցման մի քանի լեզու գիտի. «Գողականի հետ՝ գողական, կուլտուրականի հետ՝ կուլտուրական»: Հետաքրքրվեցինք, թե, ըստ պատգամավորի, ԱԺ-ում ինչպիսի՞ միջավայր է՝ գողակա՞ն, թե՞ կուլտուրական. «Նայած՝ ո՞ւմ հետ ես կանգնում, ո՞ւմ հետ ես տալի- առնում»: Կրթությամբ բանասեր՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել