Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆԸ ԺՈՂՈՎ ԱՐԵՑ

Ապրիլ 29,2005 00:00

Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆԸ ԺՈՂՈՎ ԱՐԵՑ «Արժանապատիվ ապագա» կուսակցության 5-րդ համագումարը պետք է կայանար դեռեւս անցած տարեվերջին: Սակայն անհայտ պատճառներով այն անընդհատ ձգձգվում էր: Երեկ, ի վերջո, կայացավ այդքան սպասված համագումարը, սակայն՝ գաղտնի, ինչը սպասելի կլիներ ՀՅԴ-ից, բայց ոչ՝ ազատական գաղափարներ դավանող «Արժանապատիվ ապագայից»: Վերջին պահին «Առավոտի» թղթակցին կուսակցությունից տեղեկացրին, որ համագումարի փոխարեն տեղի է ունենալու նիստ, որին լրագրողները չեն կարող ներկա գտնվել: Խոստացվեց ավարտին պես տեղեկություններ տրամադրել «նիստում» քննարկված հարցերի եւ կայացված որոշումների մասին: Սակայն հարցերի պատասխանները ստանալու երեքժամյա մեր ջանքերն ապարդյուն անցան: Կուսակցության տարբեր տրամաչափի գործիչները կամ զբաղված էին, կամ իրավասու չէին: Միակ բանը, որ հաջողվեց ճշտել, այն էր, որ նախորդ ինֆորմացիան սուտ էր եւ ոչ թե նիստ է եղել, այլ, այնուամենայնիվ, համագումար: Որոշակի փոփոխություններ են կատարվել նախագահությունում, եւ, ըստ էության, որոշվել է պահպանել սպասողական կեցվածքը: Տեղի տալով լրագրողական համառությանը՝ արժանապատիվ ապագայի ջատագովները անկեղծանալով խորհուրդ տվեցին մնացյալ հարցերի պատասխանները ստանալ կուսակցության նախագահ Արմեն Դարբինյանից: Այստեղ սկսվեց սպասումների նոր փուլ: Պարոն Դարբինյանի քարտուղարուհին չբավարարվեց այն տեղեկությամբ, որ իր շեֆի հետ ցանկանում է խոսել «Առավոտ» թերթի թղթակիցը: Հետաքրքրվեց՝ ճանաչո՞ւմ է իր շեֆն արդյոք ինձ, ի՞նչ հարցեր եմ պատրաստվում ուղղել եւ այլն: Այս ամենից հետո պարոն Դարբինյանի քարտուղարուհին հայտարարեց, որ շեֆը զբաղված է, խնդրեց հեռախոսահամար թողնել, պարտավորվեց 40 րոպեից միացնել: 40 րոպե հետո, սակայն, Արմեն Դարբինյանի գրասենյակում նույնիսկ քարտուղարուհին հեռախոսազանգերին չէր պատասխանում: Այսքանից հետո մնում է մեր հարցերը հրապարակայնորեն ուղղել Արմեն Դարբինյանին՝ ինչո՞վ էր պայմանավորված համագումարի գաղտնիությունը եւ այդ ինչի՞ն են նրա կուսակիցներն այդքան երկար սպասում: Գուցե արժանապատիվ ապագան մեզ սպասում է շա՜տ հեռավոր ապագայո՞ւմ։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել