Լրահոս
Օրվա լրահոսը

Տարօրինակ վիճակ. սպառվում է շատ էական մի բան

Նոյեմբեր 12,2026 10:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, որ պաշտոնից ազատվելուց հետո աշխատում է արեւմտյան խորհրդատվական ինչ- որ կառույցում, հայտարարում է, որ ինչքան Հայաստանը ինտենսիվ գնում է դեպի Արեւմուտք, այնքան ավելի խորը հայտնվում է ՌԴ ազդեցության ներքո։ Նա ասում է, որ այդպես է եղել պատմականորեն, ու ներկայումս էլ վկայակոչում, որ մինչեւ ԵՄ անդամակցության մասին հայտնի օրենքն ընդունելը Հայաստանը կարողանում էր հանդարտ կերպով թուլացնել կախվածությունը Ռուսաստանից, բայց այդ օրենքն ընդունելուց հետո պատկերը փոխվում է եւ մեծ է հակառակի վտանգը։

Հայաստանի ԱԽ նախկին քարտուղարին այս հարցում հակաճառելը իսկապես բարդ է։ Զարմանալին այն է, որ նա այդ մասին բոլորովին չի բարձրաձայնել, երբ զբաղեցնում էր այդ պաշտոնը։ Որովհետեւ, ի վերջո հենց այդ ժամանակ է Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունն ընդունել այդ օրենքը, որը բացառիկ օրենք է թերեւս համաշխարհային պառլամենտարիզմի պատմության մեջ, որովհետեւ ըստ էության օրենք է ոչ մի բանի մասին։ Արմեն Գրիգորյանը այդ ժամանակ բարձրաձայնե՞լ է իր մտահոգությունը, ասե՞լ է Նիկոլ Փաշինյանին, որ այդ օրենքն ընդունելը ավելի վատ է եւ խանգարող, որ դա ավելի շատ կօգնի Ռուսաստանին։ Համենայնդեպս, հրապարակավ նա չի արտահայտել որեւէ մտահոգություն։

Իրավիճակի պարադոքսն այն է, որ այդ օրենքը ընդունվել է Հայաստանում իշխանամերձ եւ վառ արեւմտամետ, ընդգծված հակառուսական դիրքորոշումներով քաղաքացիական ու քաղաքական ուժերի նախաձեռնությամբ։ Արմեն Գրիգորյանն էլ եղել է Հայաստանի իշխանության ընդգծված արեւմտամետ գործիչներից, Արեւմուտքի վստահությունը վայելող գործիչներից։ Ստացվում է, որ մի խիստ արեւմտամետ գործիչը շատ թափանցիկ ակնարկով քննադատում է մյուս խիստ արեւմտամետ գործիչների եւ ուժերի նախաձեռնությամբ ընդունած օրենքը, ոչ ուղղակի, բայց այն ներկայացնելով որպես ծառայություն Ռուսաստանին։

Ստացվում է, որ Հայաստանի կառավարող համակարգի շրջանակում «կռիվ» է ընկել «արեւմտամետների» շրջանո՞ւմ։ Սովորաբար, այդպիսի վիճակ առաջանում է, երբ սկսում է սպառվել որեւէ բան եւ չբավարարել բոլորին։ Ի՞նչն է սպառվում Հայաստանում ներկայումս կառավարող համակարգի համար։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել