Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը, երբ ՀՀ ղեկավարությունը սպառնալիքներ չի տեսնում Ադրբեջանից և Թուրքիայից. «168 ժամ»

Նոյեմբեր 12,2026 11:24 Share
Աջակցեք aravot.am-ին

Լրատվական ռադիոյին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարելի  է այսօր գնահատել Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը շեշտել է.

«Հայաստանի շուրջ անվտանգային վիճակը հանդարտ է, բայց ռիսկեր կան և լինելու են միշտ: Պետությունը պիտի կարողանա այդ ռիսկերը զսպել»:

Ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը, երբ ՀՀ ղեկավարությունը սպառնալիքներ չի տեսնում Ադրբեջանից և Թուրքիայից, մի առիթով նույն այս լրատվամիջոցին ինքը՝ Վիլեն Գաբրիելյանը, ասել էր, որ ՀՀ զինված ուժերն այսօր հակառակորդ չունի: Ավելին, այս տարիներին մենք տեսել ենք, թե ինչպես է պատկերացնում Նիկոլ Փաշինյանը անվտանգային ռիսկերի զսպումը՝«տանք, որ պատերազմ չլինի»:

Բայց Վիլեն Գաբրիելյանի, այսպես ասենք, անկեղծությունն այսքանով չի սահմանափակվում, և նա շարունակում է.

«Պետությունը պիտի կարողանա այդ ռիսկերը զսպել, որ չլինի այն իրավիճակը, որը եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ։  Մեծ մասամբ պետությունը, ինստիտուտները չէին հասկանում, թե գլոբալ ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ է կատարվում և ո՞նց կարելի է դա «manage անել»։

Դեռ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանին ՀՀ զինված գլխավոր շտաբում զգուշացրել են, որ պատերազմի հավանականությունը ևս բարձր է գնահատվել, նույնիսկ նշվել է, որ հաջորդ պատերազմը լինելու է ավելի լայնածավալ, քան 2016 թվականի Ապրիլյան պատերազմը: Նույն ժամանակում նման զգուշացում է արել Բաքվում պահվող ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, որին Փաշինյանի «հրահանգով» ազատեցին ՊԲ հրամանատարի պաշտոնից:

 «Իրավիճակն արտաքինից, կարելի է ասել, որ հանգիստ է։ Եթե մենք իրավիճակին նայենք, կարող է սխալվենք: Հակառակորդն ամեն օր ձեռք է բերում նոր նմուշներ, ամեն օր ընդլայնում է իր զինանոցը, ամեն օր իրականացնում է դրանց յուրացման պարապմունքներ, դրա համար ընդգրկում է հրահանգիչներ տարբեր երկրներից, որի համար, իհարկե, վճարում է։ Չեմ կարծում, որ այդքանն արվում է խաղաղության համար: Պատերազմ լինելու է…»:

Այդ ժամանակ Փաշինյանը մի կողմից տարված էր վերելակային դիվանագիտությամբ, մյուս կողմից՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» տրամաբանությամբ՝ օգտվելով հրադադարի ռեժիմի խախտումների դադարից: Բայց դրանից նաև Ալիևն էր օգտվում և պատերազմի «լեգիտիմ» հիմքի սպասում:

Ավելին, 2020 թ. հունիսի 8-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը ստանձնելուց հետո Օնիկ Գասպարյանը զգուշացրել է, որ Հայաստանի հակառակորդն այլևս միայն Ադրբեջանը չէ, այլև Թուրքիան է, և ներկայացրել ռազմական, ռազմաքաղաքական, քաղաքական այն քայլերը, միջոցառումների ծրագիրը, որոնք պիտի արվեն, որպեսզի պատերազմը կանխվի, կամ՝ առնվազն ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն:

Ավելին, 2020 թ. պատերազմի 4-րդ օրը գեներալը ևս զգուշացրել է, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:

Ինչո՞ւ այս ամենն ի գիտություն չի ընդունվել, ո՞վ պետք է պատասխան տա պատերազմ վարելու պետության անկարողության համար, ինչի մասին ակնարկում է Վիլեն Գաբրիելյանը, եթե ենթադրենք, որ դիտավորություն չի եղել այդ «ի՞նչ անելը չհասկանալը»: Մի բան հստակ է՝ Գաբրիելյանը, ով մասնակցել է 44-օրյա քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, քաղաքական և ռազմական ղեկավարության հարցաքննություններին, ակնարկում է, որ պետությունն է ձախողել 44-օրյա պատերազմում՝ իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բայց պետական ինստիտուտներից միայն բանակի վրա է դրվել պարտության պատասխանատվությունը: Արդյո՞ք մի օր պատասխանատվություն կրողները կշատանան…. Հնարավոր է, բայց իշխանափոխությունից հետո:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30