Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց

Մայիս 28,2005 00:00

Ավարտվեց Նորատուսի դատաքննությունը «Վենդետա» իրականացրած ջարդարարները խորհրդանշական պատիժներ են ստացել Մայիսի 23-ին Գավառ քաղաքում ավարտվեց Գարիկ Գառնիկի Մանուկյանի, Սեւակ Ֆրունզի Մանուկյանի եւ Ալիկ Վանիկի Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում էին 2003թ. մարտի 10-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում Քնարիկ Գրիգորյանի բնակարանի հրկիզման, նրա փեսա Նովլեթ Խաչատրյանին դանակով կյանքին սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու, Սիրվարդ Անտոնյանի հղիության ընդհատման, Մուրադ Անտոնյանի ոտքին վնասվածք հասցնելու՝ 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակահերթ արձակելու ժամանակ պատից պոկված քարի բեկորը ընկել էր վերջինիս ոտքին: Մեկ տարի առաջ սկսված դատական նիստերի արդյունքում պարզվել էր, որ Գարիկ Մանուկյանը իր եղբոր՝ Գարունի սպանության համար վրեժխնդիր էր փորձել լինել Վրեժ Գրիգորյանից, որը վիճաբանության ժամանակ իբր սպանել էր Գարունին: Վրեժ Գրիգորյանը, որը ներկայումս գտնվում է փախուստի մեջ, Սեւանի ազգային պարկի տնօրենն էր: Գործով տուժող Քնարիկ Գրիգորյանը (Վրեժի մայրը) դատարանում իր ցուցմունքում քանիցս պնդել է, որ Վրեժը կապ չունի կատարված սպանության հետ եւ որ նա իր տեղակալ Ստեփան Ստեփանյանի հետ Սեւանից գալու ճանապարհին է հանդիպել Գարունին եւ իրենց միջեւ ծագած վեճի ժամանակ «ինքը փորձել է վերջինիս ձեռքից վերցնել դանակը եւ երկուսով ընկել են գետնին»: Ստեփանյանին Վրեժը տուն էր տարել եւ վերադարձել: Հիվանդանոցում Գարունի մահվանից հետո նրա բարեկամները կազմել էին «մարտական ջոկատ», մարտի 10-ի լույս 11-ի գիշերը ամբաստանյալները, վերցնելով դյուրավառ հեղուկ, մեկնել էին Գրիգորյանների տուն, կոտրել տան պատուհանների ապակիները եւ հրկիզել: Դատարանում ապացուցվեց, որ Գրիգորյաններին պատճառվել էր նաեւ նյութական վնաս. այրվել էին երկու ավտոտնակները՝ ներսի գույքի հետ միասին: Նկատենք, որ ամբաստանյալներից Ս. Մանուկյանը եւ Ա. Պետրոսյանը կալանքի տակ չէին, իսկ Գարիկ Մանուկյանը կալանքի տակ էր միայն 2004թ. հունիսի 29-ից: Նորատուսի այս դեպքերի մասին տեղյակ են եղել ոստիկանությունը, հրշեջները, սակայն նրանք, ժամը 19-ի սահմաններում ունենալով ահազանգ, դեպքի վայր են հասել բավականին ուշ, այն ժամանակ, երբ Ք. Գրիգորյանի տունը, ավտոտնակները՝ նրանցում եղած գույքով այրվում էին: Ոստիկանության Գավառի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետ Մալխաս Մաթեւոսյանը դատարանում ցուցմունք էր տվել, որ գնացել են Ք. Գրիգորյանի տուն, որտեղ եղել են Սեւանի բաժնի աշխատակիցները, «որոնց հետ զրուցելուց հետո, համոզվելով, որ ամեն ինչ նորմալ է, շրջել են գյուղում»: Դատաքննության ժամանակ նաեւ տեղեկացանք, որ դեպքի օրը, երբ տան առաջին հարկի պատուհանի ապակիները կոտրվել են ու վառվող գունդ է ընկել հատակին, ոստիկանության աշխատակիցները դուրս են փախել: Վրեժ Գրիգորյանի կինը՝ Մանուշ Անտոնյանը, իր երեք մանկահասակ երեխաների հետ գնացել է իր հոր տուն, որը քիչ անց նույնպես ենթարկվել է հարձակման: Դատավոր Ս. Չիչոյանի դատավճռով ամբաստանյալ Գարիկ Մանուկյանը դատապարտվեց 5 տարի ազատազրկման, Ալիկ Պետրոսյանը՝ 2 տարի 6 ամիս, սակայն նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, մնաց անփոփոխ: Սեւակ Մանուկյանի խափանման միջոցն էլ մնաց անփոփոխ, այն է՝ ստորագրություն չհեռանալու մասին: Վերջնական պատիժ նրա նկատմամբ սահմանվեց ուղղիչ աշխատանքներ 11 ամիս 22 օր ժամկետով, ընդհանուր վաստակի 20%-ի բռնագանձմամբ: Ամբաստանյալների տնտեսություններից հօգուտ տուժող Քնարիկ Գրիգորյանի պետք է բռնագանձվի 98.900. 000 դրամ՝ որպես հանցագործության պատճառած վնասի հատուցում: Երեկ տուժող Քնարիկ Գրիգորյանը հայտնեց, որ մտադիր է դիմել ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան, քանի որ համաձայն չէ պատժաչափերին: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել