Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՕԳՏԱԳՈՐԾՎԻ՞

Հունիս 14,2005 00:00

ԿՕԳՏԱԳՈՐԾՎԻ՞ ՀԱՐՄԱՐ ԱՌԻԹԸ Ռուսական «Սիբիր» ավիաընկերության տերերից հայկական «Արմավիայի» բաժնետոմսերը գնելու գործարքին ոլորտի մասնագետները հակասական գնահատականներ են տալիս: Ոմանք գործարքը գնահատում են միանշանակորեն դրական, հիմնավորմամբ, որ այժմ այն լիովին հայկական ավիափոխադրող դարձավ: Մեկ այլ տեսակետ ունեցողներ էլ կարծում են, որ ի դեմս «Սիբիրի», գործ ունեինք լուրջ, ավիացիոն շուկայում ճանաչում եւ դիրք ունեցող ավիաընկերության հետ: «Միկա լիմիթեդը» նման ճանաչում չունի: Հաշվի է առնվում նաեւ «Սիբիրի» հզոր «տանիքի» հանգամանքը, որը, շրջանառվող լուրերի համաձայն, կապվում է անմիջապես Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության անունների հետ: Ըստ այդմ՝ ոմանք գտնում են, որ «Սիբիրից» բաժնետոմսերը հետ գնելուց հետո ռեալ չէ ակնկալել հայկական ավիացիոն շուկայի ընդլայնում, ինչպես դա բավական ագրեսիվ տեմպերով (դրական իմաստով) տեղի էր ունենում «Սիբիրի» օրոք: Առավել տեղեկացվածները կարծում են, որ եւ «Սիբիրի» ներկայությամբ, եւ առանց «Սիբիրի», հայկական ավիացիայի համար գոյություն ունեն եւ՛ շահեկան, եւ՛ վնասաբեր կողմեր: Մասնավորապես, նրանք գտնում են, որ այն, ինչ հնարավոր էր ստանալ «Սիբիրից»՝ կապեր, շուկա եւ այլն, արդեն ստացել ենք, ավելին հնարավոր չէ ստանալ, ուստիեւ սա հիմնականում դրական ազդեցություն ունեցող գործարք է: Բացի այդ, ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովի պաշտոնանկությունից, ավիացիոն իշխանությունների փոփոխություններից հետո «Սիբիրը» կորցրեց իր ազդեցությունը, իշխանական օղակներում կապերի մի մասը: Ավելին, Ռուսաստանի ավիացիոն բարձրագույն ղեկավարությունը «Սիբիրի» մրցակցի՝ «Աերոֆլոտի» տնօրինության անդամ է: Այսինքն այս պայմաններում «Սիբիրից» ավելին, քան արդեն ստացել ենք, ոլորտի շատ աշխատակիցների կարծիքով, ակնկալելը ռեալ չէ: Իմիջիայլոց, տեղին է նկատել, որ «Սիբիրն» էլ իր շահերն ուներ «Արմավիայից». «Արմավիայի» միջոցով «Սիբիրին» հաջողվում էր միջազգային երթուղիների սպասարկման իրավունք ձեռք բերել՝ շրջանցելով ռուսական ավիացիոն իշխանություններին, որովհետեւ, ինչպես հայտնի է, Ռուսաստանում այդ իրավունքը վերապահված է միայն «Աերոֆլոտին»: Երկու ընկերությունների համար փոխշահավետ այս գործունեությամբ միաժամանակ իրականացվում էր Երեւանը տրանզիտ փոխադրումների կետ դարձնելու ծրագիր: Այս գործարքի ուշագրավ կողմերից մեկն էլ այն է, որ չի հաղորդվում, թե ում նախաձեռնությամբ է այն տեղի ունեցել: Մեզ հասած տեղեկություններով, բավականին երկար է ձգձգվել ընդունման-հանձնման գործընթացը: Իհարկե, բուն այս տեղեկությունը ոչինչ չի պարզաբանում այդ հարցում: Ինչպես նաեւ այն, որ ռուսական «Կոմերսանտ» թերթի տվյալներով, գործարքի համար հայկական կողմը «Սիբիրի» սեփականատերերին առաջարկել է մոտ 50 միլիոն դոլար: Նշենք, որ ներդրումային պայմանագրով «Սիբիրը» պարտավոր էր բաժնետոմսերի ձեռքբերման համար Հայաստանին 13 տարվա ընթացքում վճարել 15 միլիոն դոլար: Պաշտոնյաները դեռ հաշվարկում են, թե ով է շահում այս պատմության մեջ: Մեզ հասած տեղեկություններով, «Արմավիան» անցած տարին փակել է վնասով: Այդ ամենից առավել կարեւոր է երկու հարց. առաջին, արդյոք «Արմավիան» կշարունակի՞ կատարել ներդրումային պարտավորությունները, որոնք իրականացնելու պայմանով «Արմավիային» բացառիկ իրավունքներով սպասարկելու թույլտվությամբ մասնավորեցվեցին հայկական օդուղիները: Մեր տեղեկություններով, այժմ այդ հարցերը քննարկվում են միջգերատեսչական հանձնաժողովում, որը պետք է նոր պայմանագիր կնքի: Երկրորդ, Աղքատության կրճատման ռազմավարական ծրագրով, որը ստորագրվել է Համաշխարհային բանկի հետ, Հայաստանը պարտավորություն է ստանձնել ազատականացնել օդուղիները, վարել «բաց երկնքի» քաղաքականություն: Սակայն սա չէր անում «Արմավիային» տրված բացառիկ իրավունքների մասին միջազգային պայմանագրի պատճառով: Քանի որ այժմ այդ պայմանագիրը շուտով կլուծարվի, ուստի Հայաստանը հնարավորություն կստանա ազատականացնել իր օդային շուկան: Մեր տեղեկություններով, Համաշխարհային բանկը պնդում է, որ Հայաստանը կատարի՛ իր այդ պարտականությունը: ԼԻԼԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել