Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Հունիս 25,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Մենք մեր սուրճն ու կոնյակը գերագույն հաճույքով էինք ըմբոշխնում, որովհետեւ երեքս էլ կյանքից ու ամեն ինչից ավելցուկով գոհ էինք, եւ, չնայած իռլանդուհին էդ իրիկուն որեւէ մրցանակ չէր ստացել, բայց իմ ու Մարինայի մրցանակների համար ինքը մեզանից պակաս ուրախ չէր, որովհետեւ հասկանում ու գիտակցում էր, որ էդ ամենը տեղի է ունեցել իր ամենազոր կողակցի կամքով ու հովանավորությամբ, եւ քանի որ երեքս էլ էդ պահին կյանքից ու ամեն ինչից գոհ էինք, մեր զրույցը միանգամայն անկեղծ ու բնական հունով էր ընթանում, եւ քանի որ մենք իրարից թաքցնելու ոչինչ չունեինք, ես շուտով հասկացա, որ իռլանդուհին ու Մարինան էլ են կարծում, որ իմ ու Բախվայի բեմի վրայի հանդիպումը սարքովի էր, եւ երբ ես ասացի, որ Բախվային բանակիցս ութ տարի անց առաջին անգամ հենց էսօր հանդիպեցի, Մարինան միանգամայն անկեղծորեն ասաց. – Հասկացա, Արմե՛ն, բայց կարող էիք, չէ՞, էսօր էստեղ իրար հանդիպելով՝ էդ ամեն ինչը պայմանավորվել: – Ի՞նչ ամեն ինչ,- ապշեցի ես: – Ձեր էդ ամբողջ թատրոնը նկատի ունի,- ասաց իռլանդուհին: – Ի՞նչ թատրոն,- գոռացի ես: – Բեմի վրայի ձեր էդ զգայացունց հանդիպումը,- ասաց Մառան: – Մարինա ջան, որ ասում եմ՝ ես ու էդ ֆլեյտիստը բանակից հետո իրար առաջին անգամ ենք տեսնում, հենց բեմի վրայի մեր էդ զգայացունց հանդիպումը նկատի ունեմ,- հուզմունքս մի կերպ զսպելով՝ ասացի ես:- Մինչեւ իր բեմ բարձրանալը՝ մենք իրար ոչ տեսել էինք, եւ ոչ էլ ինքը գիտեր, որ ես բանաստեղծություն եմ գրում: – Հաստա՞տ,- զարմացավ Կուդիմովան: – Հաստա՛տ,- ասացի ես: – Սովետական մարդիկ, նկատել եմ, շատ անհավատ են. հեչ հրաշքների չեն հավատում,- ասաց իռլանդուհին: – Բայց ոնց որ դուք էլ առանձնապես չեք հավատում,- ասացի ես: – Ժենիչկան ինձ բացատրեց, որ բեմի վրայի ձեր էդ հանդիպումը նախապես բեմադրված թատրոն էր,- ասաց իռլանդուհին: – Ուրեմն, Եվգենի Ալեքսանդրովիչն է՞լ է էդպես կարծում,- զարմացած գոռացի ես: – Հա՛, ինքն էլ էր կասկածում,- ասաց Մարինան: – Տատյանաներն է՛լ են կասկածում,- ասացի ես: – Մենք որ կասկածել ենք, իրենք կկասկածեն ու կկասկածեն,- ասաց Մարինան: – Բայց իրենք կասկածում են, որ էդ ամբողջ թատրոնը Եվտուշենկոյի հետ միասին ենք բեմադրել,- ասացի ես: – Դա արդեն լրիվ ցնդաբանություն է,- ասաց Մարինան: – Հեչ էլ ցնդաբանություն չի,- ասացի ես.- իրենց մտածածն ավելի խելքին մոտ է, քան՝ ձերը: – Ես հիմա արդեն քե՛զ եմ հա վատում, Արմե՛ն,- ասաց իռլանդուհին: – Շնորհակալություն,- ասացի ես: – Ընդամենը մի քանի ամիս է՝ ինչ էս երկրում եմ ապրում, բայց արդեն լրիվ անհավատ եմ դառել,- ասաց իռլանդուհին: – Փաստորեն, քո ու էդ ֆլեյտիստի հանդիպումն իսկական հրաշքի պես բան է, մանավանդ որ՝ կարդացածդ բանաստեղծությունն էլ հենց իր մասին էր,- ասաց Մարինան: – Ես մի ժամանակ հրաշքներին լավ էլ հավատում էի,- ասաց իռլանդուհին: – Ես մի բան չեմ հասկանում,- ասացի ես.- եթե Եվտուշենկոն մտածել է, որ էդ ամենը սարքած գործ է, էլ ո՞նց էդ մրցանակն ինձ տվեց: – Մրցանակն ի՞նչ կապ ունի էդ ամեն ինչի հետ,- զարմացավ Կուդիմովան: – Եթե դուք էլ եք կարծում, որ իմ ու Բախվայի էդ հանդիպումն արհեստական ու սարքովի էր, էլ ինչի՞ համար եք շնորհավորում ինձ,- ասացի ես: – Արմե՛ն դառագոյ,- ասաց Մարինան,- մենք քեզ շնորհավորում ենք, որովհետեւ քո բանաստեղծություններն ամենաուժեղն էին: – Էդ տողացինե՞րս,- զարմացա ես: – Տողացի են՝ ինչ են, բայց շատ ուժեղ են,- ասաց Մարինան: – Ձեռ ե՞ս առնում,- ասացի ես: – Ամենեւին,- ասաց Մարինան: – Ես ու քույրս ընդամենը մի ժամվա մեջ ենք էդ տողացիներն արել,- ասացի ես: – Որ տողացիներն էդքան ուժեղ են, պատկերացնում եմ՝ բնագիրն ինչքան ուժեղ կլինի,- ասաց Մարինան: – Իսկապես լավ բանաստեղծություններ էին,- ասաց իռլանդուհին: – Հաստատ ձեռ եք առնում,- ասացի ես: – Արմե՛ն դառագոյ, դու մոռանում ես, որ տասը հազար տողից ավել մենակ վրացական պոեզիա եմ տողացիներից թարգմանել,- ասաց Մարինան:- Միշտ չի, որ էդ տողացիներում մի օրիգինալ միտք կամ զգացողություն է հանդիպում: Երբեմն շիվարում ես. մի միտք չես գտնում, որ կարողանաս ինչ-որ բանից կառչել: – Շատ զգացված եմ,- անկեղծորեն հուզվեցի ես:- Եթե չես կատակում, ուրեմն՝ եկեք նորից շնորհավորենք մեր մրցանակները: Մենք մեր բաժակները չխկացրինք, մեր կոնյակները կում արինք ու շարունակեցինք խոսակցությունը: – Իրականում հենց քո՛ բանաստեղծություններն էին ամենաուժեղը, Մարի՛նկա,- ասացի ես: – Ես քեզ չեմ շողոքորթել, որ դու ինձ շողոքորթում ես. ես քեզ ընդամենը պարզ ճշմարտություն եմ ասել,- ասաց Մարինան: – Ես էլ եմ պարզ ճշմարտություն ասում,- ասացի ես: – Սխալ ես ասում, որովհետեւ ես այսօր իմ ուժեղ գործերից չեմ կարդացել,- ասաց Մարինան: – Եթե դրանք ուժեղները չէին, պատկերացնում եմ՝ ուժեղներն ինչքան ուժեղ են,- իրեն նմանակեցի ես: – Իզուր ես տնազս անում,- ասաց Մարինան.- ես քեզ լուրջ բան եմ ասել, բայց դու անլրջացնում ես մեր էս ամբողջ խոսակցությունը: – Հեչ էլ չեմ անլրջացնում,- ասացի ես: – Անլրջացնում ես,- ասաց Մարինան:- Քո կարդացածներն իսկապե՛ս ուժեղ էին եւ, եթե ճիշտը կուզես իմանալ, միայն քո կարդացածներն էին արժանի Մայակովսկու անվանը: – Քո կարդացածներն էլ էին ուժեղ, Մարի՛նըչկա,- ասաց իռլանդուհին: – Չեմ հասկանում՝ ինձ սփոփում ե՞ք,- անսպասելի գոռաց Կուդիմովան:- Ես որ իմ ուժեղ գործերը կարդայի, էդ դահլիճում ոչ մեկը չէր հասկանա. երեւի դուք ու Եվգենի Ալեքսանդրովիչն էլ չհասկանայիք: Իմ ուժեղ գործերը հեչ ի՛նքս չեմ հասկանում: – Եթե իմ գրածը դահլիճը հասկացել է, ուրեմն՝ դրանք հեչ էլ ուժեղ չեն. քո ասածից էդպես է ստացվում,- ասացի ես: – Ամբողջ հարցն էլ հենց էն է, որ դու ընդհա՛նրապես դահլիճի պրոբլեմ չունես,- ասաց Մարինան: – Այսինքն՝ ո՞նց,- հարցրի ես: – Հենց էդպե՛ս,- ասաց Մարինան:- Դու երջանիկ մարդ ես, դրա համար էլ ասածս չես հասկանում: – Ես էլ ասածդ լավ չեմ հասկանում,- ասաց իռլանդուհին: – Ես որ էդ բանաստեղծությունները գրել եմ, հեչ մտքովս էլ չի անցել, որ դրանք մի օր դահլիճի առաջ արտասանելու եմ,- ասացի ես: – Դու դահլիճի համար չես գրում, ճիշտ է, բայց, փաստորեն, դահլիճի համար ես գրում,- ասաց Մարինան:- Հենց դրա համար եմ ասում, որ երջանիկ մարդ ես: – Էլի լավ չհասկացա,- ասաց իռլանդուհին: – Ես մեղավոր չեմ, որ դուք չեք հասկանում,- հուսահատված գոռաց Մարինան:- Ինձ, փաստորեն, ստիպում եք, որ Արմենին Մայակովսկու ու Վիսոցկու հետ համեմատեմ. ստիպում եք, որ վուլգարացնեմ էս ամբողջ ասածս: – Ախր էդ տողացիները քրոջս հետ ընդամենը մի ժամվա մեջ ենք սարքել,- Մարինայի տված անուններից ցնցվելով՝ կմկմացի ես: – Դու ընդամենը իմ ասածն ես հաստատում, Արմե՛ն,- ասաց Մարինան.- արդեն հինգ տարի է՝ կռիսի պես էս վրացիների տողացիներն եմ կրծում, բայց քո էդ արտասանածների մեջ ավելի շատ բռնվելու տեղեր կային, քան՝ իմ էդ մի լիքը չամադան տողացիների: Ես ոչ թե շոյվում էի Մարինայի գովեստից, այլ, ընդհակառակը, փշաքաղվում էի, որովհետեւ Կուդիմովա Մառան արդեն իսկապես չափն անցնում էր, եւ, չնայած ինքը մտածել էր, որ իմ ու Բախվայի բեմական էդ հանդիպումը միանգամայն սարքովի թատրոն էր, այդուհանդերձ, էդ թատրոնից ամենից շատ հենց ի՛նքն էր ազդվել, եւ իմ ու Բախվայի էդ, ուրեմն, թատրոնից ամենից ավելի հենց ի՛նքն էր հիպնոսվել: Ինչ վերաբերում է էդ իրիկուն արտասանածս բանաստեղծություններին, ապա էդ բանաստեղծություններիս հաշվով ոչ էն ժամանակ Կուդիմովա Մառայի մոտ էի կեղծ համեստություն անում եւ ոչ էլ հատկապես հիմա, երբ էդ ամենը հիշում ու գրում եմ, որովհետեւ ընթերցողներիս մեջ կան նաեւ էնպիսիք, ովքեր ժամանակին առաջին գրքիս մեջ կարդացել են էդ իրիկուն արտասանածս ոտանավորներն ու հիմա ինձ հետ միասին կարող են վկայել, որ դրանք առանձնապես մի բան չէին: Իռլանդուհին դեմքով դեպի սրճարանի դուռն էր նստած եւ առաջինը նկատելով իր ամուսնուն ու Ջանսուղին՝ բացականչեց. – Անհավատները եկա՜ն: – Ի՞նչ անհավատներ,- զարմացավ Մարինան: – Մերո՛նք,- ասաց իռլանդուհին, եւ իր լայնարձակ ժպիտը մատնում էր, որ էդ անհավատներից մեկին ինքը շատ է սիրում: Ես կողքի ազատ սեղանից երկու աթոռ բերեցի, եւ Ջանսուղն ու Եվտուշենկոն տեղավորվեցին մեր սեղանի շուրջ: – Կոնյակ կխմեք, չէ՞,- հարցրի նրանց: – Չէ,- ասաց Ջանսուղը,- բանկետն արդեն սկսվում է. էնտեղ մեզ են սպասում: – Բա մեզ չեք շնորհավորո՞ւմ,- հարցրի ես: – Էնտեղ կշնորհավորենք,- ասաց Ջանսուղը:- Էնտեղ բոլորը հիմա մեզ են սպասում: – Իբր Ջանսուղը շատ գոհ է, որ քեզ մրցանակ ենք տվել, դեռ ուզում ես շնորհավորի՞ էլ,- ասաց Եվտուշենկոն: – Արմենը միանգամայն արժանի է էդ մրցանակին, բայց, ցավոք սրտի, դրանից իմ վիճակը չի փոխվում,- մտահոգ ասաց Ջանսուղը: – Չարժե տրագեդիա սարքել,- ասաց Եվտուշենկոն.- վաղը որ հեռուստատեսությամբ էդ երեկոն ցուցադրեն, բոլորն էլ կհամոզվեն, որ էդ ղազախին մրցանակ չէր հասնում: – Ես Արմենի համար իսկապե՛ս ուրախ եմ,- ասաց Ջանսուղը,- մենակ թե՝ էս ամեն ինչին քաղաքական աստառ չտան: – Ոչ մի աստառ էլ չեն տա,- ասաց Եվտուշենկոն.- եթե հանկարծ տհաճ խոսակցություն բացվի, ես կասեմ, որ ե՛ս եմ ինքնագլուխ կայացրել էդ որոշումը: – Վերջիվերջո, էդ ժյուրի կոչվածի նախագահը դու ես, չէ՞, Ժենիչկա,- ասաց իռլանդուհին: – Համ էլ՝ Արմենն ու էդ վրացի ֆլեյտիստը գլխներիս էնպիսի թատրոն չսարքեցին, որ կարողանայինք ուրիշ տեսակ որոշում կայացնել: Փաստորեն, Արմենն ու էդ տղան մեզ փաստի առաջ կանգնեցրին: Մինչ ես պատասխան կմտմտայի, սրճարանի աշխատողը լիքը սկուտեղով մոտեցավ մեր սեղանին եւ ասաց, որ անկյունի սեղանից մեզ պատիվ են տվել: Մի շիշ կոնյակ էր ու մրգեղեն: – Ստիպված պիտի խմենք,- ասաց Եվտուշենկոն:- Էս երեւի բատոնո Ջանսուղի պատվին են ուղարկել. ինքը Վրաստանի ամենաճանաչված բանաստեղծն է: – Ավելի շուտ քո՛ պատվին են ուղարկել, բատոնո Եվտուշենկո,- ասաց Ջանսուղը.- դու ամբողջ աշխարհում ես ճանաչված: – Շատ հնարավոր է, որ Արմենի պատվին էլ ուղարկած լինեն,- բաժակները լցնելով ու ժպտալով՝ ասաց Եվտուշենկոն.- ինքն ու ձեր էդ ֆլեյտիստն էսօր էնպիսի թատրոն չսարքեցին, որ որեւէ մեկն անտարբեր մնար: Մինչ ես դարձյալ պատասխան կմտմտայի, մեր սեղանի գլխին շողշողաց Բախվայի լուսավոր ճաղատը: – Էս մայթով տուն էի գնում, տեսա նստած եք, մտածեցի մտնեմ, Արմո՛ ջան,- մեղավոր ժպտաց Բախվան: – Շատ ճիշտ ես արել, Բախվա ջան,- ասացի ես՝ կողքի ազատ աթոռներից եւս մեկը բերելով: – Երեւի ես գնամ,- ասաց Բախվան,- ուղղակի քեզ որ տեսա, մտածեցի՝ մտնեմ հրաժեշտ տամ: Ջանսուղը Բախվային վրացերեն ինչ-որ բան ասաց, եւ Բախվան գնաց, իր համար բաժակ վերցրեց ու եկավ, նստեց իմ կողքին: – Շնորհավորենք մրցանակակիրներին,- Բախվայի բաժակը լցնելուց հետո իր բաժակը բարձրացրեց Եվտուշենկոն:- Ե՛վ Մարինկան, ե՛ւ Արմենը շատ ավելի մեծ մրցանակների են արժանի: – Սա էլ փոքր մրցանակ չի,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Ջանսուղ Չարքվիանին:- Արմե՛ն, Մարի՛նա, ձեզ նորանոր հաջողություններ եմ ցանկանում: – Շնորհակալություն,- ասաց Մարինան: – Շնորհակալություն,- ասացի ես՝ բաժակս մյուսների բաժակներին խփելով: – Ես է՛լ եմ շնորհավորում, Արմո՛ ջան,- ոտքի կանգնելով՝ ասաց Բախվան:- Եթե ինձ ասեին, որ տիեզերագնաց ես դառել, երեւի էնքան չէի զարմանա, քան որ իմացա՝ բանաստեղծ ես: – Բախվա ջան,- բաժակս իր բաժակին խփելով՝ ասացի ես,- իրենք համոզված են, որ էսօրվա բեմի վրայի մեր հանդիպումը երկուսիս սարքածն է. չեն հավատում, որ մինչեւ արտասանելս իրար չենք էլ տեսել: – Աստված է վկա,- բաժակը ձախ ձեռքով բռնելով ու աջով խաչակնքելով՝ ասաց Բախվան.- Աստված վկա է, որ ես մինչեւ քո արտասանելը հեչ չէի էլ նկատել, որ բեմի վրա նստածների մեջ ես: – Բայց իր արտասանած բանաստեղծությունը քո մասին էր, չէ՞,- ասաց Ջանսուղը: – Դա ի՞նչ կապ ունի,- զարմացա ես: – Արմենն առաջին երկու բանաստեղծությունները որ արտասանեց, էլի հաստատ համոզված չէի, որ ինքն է, չնայած անունն ու ազգանունը մեկին մեկ բռնում էին,- ասաց Բախվան: – Հաստա՞տ,- զարմացավ Ջանսուղը: – Ու մենակ էն ժամանակ, որ իմ մասին էդ բանաստեղծությունն արտասանեց, արդեն հարյուր տոկոսով համոզվեցի, որ ինքն է,- ասաց Բախվան: – Էդ ո՞նց եք իրար հետ ծառայել, որ իրար հազիվ եք ճանաչում,- ասաց Ջանսուղը: – Ախր, բատոնո Ջանսուղ, մենք իրար ոչ մի անգամ էսպես՝ գրաժդանսկի շորերով չենք տեսել,- ասաց Բախվան: – Բանաստեղծության մեջ էլ էդ միտքը կար. եթե իրար տեսնենք՝ չենք ճանաչի,- ասաց Եվտուշենկոն: – Հաստատ չէինք ճանաչի,- ասաց Բախվան:- Համ էլ՝ ո՞ւմ մտքով կանցներ, որ մեր Արմոն բանաստեղծ է դառել: Ախր ինքը մեր չաստի նկարիչն էր: – Բատոնո Արմե՞ն, պարզվում է՝ նկարիչ էլ ես, հա՞,- զարմացավ Եվտուշենկոն: – Ոչ նկարիչ եմ, ոչ էլ՝ բանաստեղծ,- ասացի ես.- ընդամենը մրցանակակիր եմ, էն էլ՝ ձեր ու Բախվայի շնորհիվ: – Բատոնո Եվտուշենկո,- ասաց Բախվան,- մեր էս կյանքում էնքան հազվադեպ են հրաշքներ պատահում, որ, ինձ թվում է, չարժե եղածն էլ կասկածի տակ դնել: – Ես հրաշքների հավատում եմ,- ասաց իռլանդուհին: – Հիմա արդեն մենք էլ ենք սկսում հավատալ,- ասաց Եվտուշենկոն: – Ես առաջարկում եմ խմել Եվգենի Ալեքսանդրովիչի կենացը,- ասաց Մարինան: – Հրաշալի կենաց ես առաջարկում, Մարի՛նա,- ասաց Ջանսուղը: – Ես հենց ձեր ասած հրաշքի կապակցությամբ եմ էս կենացն առաջարկում,- ասաց Մարինան: – Կենացների ժամանակ չէ, Մարի՛նկա,- ասաց Եվտուշենկոն.- էնտեղ մեզ են սպասում: Կենացները բանկետի ժամանակ կխմենք: – Ասա՛, Մարի՛նա, ասա՛: Մարդիկ կոնյակ են ուղարկել. հո էս շիշն էսպես լիքը չե՞նք թողնելու,- ասաց Ջանսուղը: – Էս կենացը ես դժվար թե բանկետի տեղում ասեմ,- աչքերը լցնելով՝ ասաց Մարինան: – Ասա՛, Մարի՛նկա, ասա՛,- համաձայնվեց Եվտուշենկոն: – Ես ուզում եմ խմել Եվտուշենկո բանաստեղծի ու Եվտուշենկո մարդու կենացը,- լացակումած խոսեց Մարիան.- մի մարդ, որ պատասխանատվությունն իր վրա վերցնելու եւ ինքնուրույն որոշում կայացնելու քաջություն ունի: – Իսկապե՛ս. քո մրցանակի համար Եվգենի Ալեքսանդրովիչը շատ պայքարեց, Մարի՛նա,- ասաց Ջանսուղը: – Ես միայն իմ մրցանակը նկատի չունեմ, բատո՛նո Ջանսուղ,- ասաց Մարինան: – Արմենի մրցանակը նկատի ունի,- ժպտաց Եվտուշենկոն: – Նաեւ Արմենի մրցանակը նկատի ունեմ,- ասաց Մարինան, ու նրա աչքերից արցունքներն ուղղակի չռռացին: – Արմենը գլխներիս էնպիսի թատրոն սարքեց, որ նույնիսկ Ստանիսլավսկին կնախանձեր,- ասաց Եվտուշենկոն: – Հույս ունեմ, որ կատակում եք, Եվգենի Ալեքսանդրովիչ,- ասաց Բախվան: – Որ մեկ-մեկ չկատակենք, լրիվ կգժվենք, բատո՛նո ֆլեյտիստ,- ասաց Եվտուշենկոն: – Մի խոսքով՝ ձեր կենացն եմ խմում, Եվգենի Ալեքսանդրովիչ,- թաց աչքերը Եվտուշենկոյին հառեց Մարինան: – Իզուր ես էդքան հուզվում, Մարի՛նկա,- ասաց Եվտուշենկոն.- տես՝ Արմենը հեչ էլ չի հուզվում: – Ախր էս անտեր կյանքում ոչ մեկից ոչ մի լավություն չեմ տեսել,- հեկեկաց Մարինան: – Ես էլ էս անտեր կյանքում շատ քիչ մարդկանց եմ լավություն արել,- լրջացավ Եվտուշենկոն: – Չէի ասի,- ասաց Մարինան: – Դու իմ միակ արդարացումն ես, Մարինկա,- ասաց Եվտուշենկոն.- քեզ պաշտպանելով՝ փորձում եմ մեղքերս քավել, փորձում եմ Աստծո առաջ գոնե մի քիչ պարզերես դուրս գալ: – Պարզերեսն էն խոսքը չի,- պայուսակից թաշկինակը հանելով ու արցունքները սրբելով՝ ասաց Մարինան: – Իմ հաշվով էլ, փաստորեն, պարզերես դուրս եկաք, Եվգենի Ալեքսանդրովիչ,- ասացի ես: – Քոնը լրիվ ուրիշ հոդվածով էր,- ժպտաց Եվտուշենկոն:- Քոնը լրիվ ուրիշ օպերայից էր. դու, փաստորեն, Ստանիսլավսկու ու Տովստոնոգովի բաղչեքն ես քար գցում: Եվտուշենկոն, իհարկե, կատակում էր, եւ իր էդ կատակը շարունակեց ու հասավ ընդհուպ էն թվերը, երբ ես Մոսկվայի Լիտինստիտուտում էի սովորում, ու մենք հաճախ էինք ՃԺխ-ում հանդիպում, եւ երբ իրեն մոտենում ու բարեւում էի, ինքը ժպտալով բարեւս առնում ու միշտ նույն հարցն էր տալիս՝ «բեմական գործերը ո՞նց են, ախպերի՛կ», ու ես միշտ նույն ձեւով էի պատասխանում՝ «կամաց-կամաց»: Ես ամենավերջին անգամ Եվտուշենկոյին հանդիպեցի նույն ՃԺխ-ում՝ իր իսկ նկարահանած գեղարվեստական ֆիլմի պրեմիերայից անմիջապես հետո, եւ երբ մոտեցա արդեն կինոռեժիսոր Եվտուշենկոյին, շնորհավորեցի ու ասացի՝ «շատ լավն էր, իսկական կինո էր», ինքն ինձ ասաց. «Շատ ուրախ եմ, որ հավանել ես, ախպերի՛կ, բայց համաձայնվիր, որ իմ կինոն քո թատրոնին չի հասնի»: Եվտուշենկոն անունս հաստատ չէր հիշում, ու երեւի էդ պատճառով էր ինձ միշտ «բռատոկ» ասում, ու ես էդ հանգամանքից բացարձակապես չէի նեղվում եւ ոչ էլ իր էդ թատերական հիշեցումներից էի նեղվում, ու Աստծուց էլ ավելցուկով գոհ ու շնորհակալ էի, որ ութսունմեկի հուլիսի կեսերին Քութայիսում ինձ միանգամայն մոտիկից ցուցանեց Եվտուշենկո կոչվող էդ, ուրեմն, երկրային աստղը: Դուք հիմա վկա եք, որ ես բանակիցս կրկնակի թռիչք կատարելով՝ էս էլ որերորդ անգամ անդրադարձա նաեւ Լիտինստիտուտի տարիներիս, ու էսքանից հետո էլ, ամեն անգամ փողոցում ինձ տեսնելիս, Լիտինստիտուտի իմ հանրակացարանային ընկեր Հակոբյան Տիկոն դժգոհում է ինձանից՝ ասելով. «Ա՛յ ախպեր, էդ բանակիդ կյանքով շատ ե՞ս զահլահան անելու. ե՞րբ ես մեր Լիտինստիտուտի վախտերը հասնելու»: Այդուհանդերձ, Հակոբյան Տիկոն ուզի թե չուզի, դուք ուզեք թե չուզեք, ես ուզեմ թե չուզեմ, պիտի վերստին վերադառնամ հազար ինը հարյուր յոթանասունչորսի դեկտեմբերի մեկից ծայր առած իմ բանակային կյանքին, բայց, նախքան վերադառնալս, պիտի մի քիչ էլ մնամ ու մլուլ տամ Քութայիսում ու Վրաստանում, որովհետեւ մեր բանկետին ու գործուղմանս ֆինալին չանդրադառնալն իմ կողմից պարզապես անշնորհքություն կլինի: Եվ վերջապես. հեչ էլ պարտադիր չի, որ գրական երկի ու մանավանդ վեպի բոլոր հատվածները հավասարապես հետաքրքրեն բոլորին, որովհետեւ ինքս էլ դասականների շատ գործեր թռնելով եմ կարդացել, իսկ որոշ հեղինակների որոշ գործեր էլ պարզապես ինձ զոռելով եմ հաղթահարել, որովհետեւ գրողական իմ շրջապատում էդ հեղինակներին ու էդ գրվածքներին ծանոթ չլինելն ուղղակի խայտառակություն էր համարվում, ու ես շատ հաճախ իմ էդ շրջապատից հետ չմնալու համար էի էդ գրքերը կարդում ու շատ հաճախ ինքս ինձ խաբում էի, թե կարդում եմ, այսինքն՝ թռնելով տեղ-տեղ էի միայն կարդում, քանի որ իմ նախընտրածը ոչ թե գրականությունն էր, այլ կյանքը, ներառյալ գրողական կյանքը, որից հետ չմնալու համար, փաստորեն, ստիպված էի թերթել էդ, ուրեմն, ամբողջ պարտադիր գրականությունը: Այնպես որ, հեչ էլ պարտադիր չի, որ բոլորը կարդան իմ էս գրվածքի բոլոր հատվածները, մանավանդ որ՝ «Առավոտի» էս շաբաթօրյա համարներում կարդալու ուրիշ էջեր էլ կան: Ինչ վերաբերում է անձամբ Հակոբյան Տիկոյին, Տիկոն հաստատ կհամբերի՝ ճա՞րն ինչ: Իսկ ինչ վերաբերում է Լիտինստիտուտի մեր հանրակացարանային օրերին, ես դրանց հաստատ կանդրադառնամ: Եթե, իհարկե, Աստված կամենա: Գլուխ քսաներկուերորդԳլուխ քսաներեքերորդԳլուխ քսանչորսերորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել