Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջպարը գնում է հյուրախաղերի

Հուլիս 07,2005 00:00 Share

Վաղը
Արմավիրում կմեկնարկի «Պահպանենք մեր մշակույթը» փառատոնը «Մշակույթը այն
ցեմենտն է, որ ամրացնում է Հայաստան-Սփյուռք կամուրջը»,- երեկ հրավիրված ասուլիսում
նման անսպասելի համեմատություն արեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր
տնօրեն Թամար Պողոսյանը: Նա ներկայացրեց 2005թ. 1-ին կիսամյակում իրականացված ծրագրերը,
ինչպես նաեւ հուլիսի 8-ին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մշակույթի պալատում մեկնարկող
«Պահպանենք մեր մշակույթը» փառատոնը: Փառատոնի գեղարվեստական տնօրենն է պրոդյուսեր
Արմեն Մանուկյանը: Փառատոնի ծրագրում ընդգրկված են երաժշտարվեստ, թատերարվեստ, կերպարվեստ,
գրքերի ցուցահանդես-վաճառք, հանդիպումներ մշակութային գործիչների հետ եւ այլն: «Պահպանենք
մեր մշակույթը» կեզրափակվի դեկտեմբերի 5-ին, Երեւանում: «Այս փառատոնի առաջնահերթ
խնդիրն է Երեւանից մշակույթ արտահանել ոչ միայն մարզեր, այլեւ Արցախ, հանրապետության
մշակույթի ոլորտի կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվական մշակութային ծրագրերի,
նախագծերի բանկեր ստեղծել»,- ասաց տիկ. Պողոսյանը: Նաեւ խոստովանեց, որ 2004-ի «Մեկ
ազգ, մեկ մշակույթում» լուրջ թերացումներ կային, ինչ խոստացավ շտկել այս տարի: «Հանրապետության
մարզերից եւ Արցախից պետք է ընտրենք լավագույն խմբերը, պետք է նրանք որոշակի չափորոշիչների
համապատասխանեն, որպեսզի իրավունք ունենան մասնակցելու հանրապետական փառատոնին»,-
ասաց Թ. Պողոսյանը: «Առավոտը» հետաքրքրվեց, ինչո՞ւ նախորդ «Մեկ ազգ, մեկ մշակույթում»
ընդգրկված չէին հանրապետության լուրջ կոլեկտիվները, մի՞թե նրանք չեն համապատասխանում
նախարարության չափորոշիչներին: «Անցած տարի որոշվել էր փառատոնի բացման արարողությունը
անցկացնել մեր լավագույն պրոֆեսիոնալ խմբերի եւ կատարողների, մնացած ամբողջ ծրագիրը՝
հայտ ներկայացրած խմբերի մասնակցությամբ»,- պարզաբանեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի
հոգաբարձուների խորհրդի նախագահ, մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը: Հետաքրքրվեցինք
նաեւ, թե փառատոնի կազմակերպիչները ինչպե՞ս են պատկերացնում մարզերում գրքերի ցուցահանդես-վաճառքը,
եթե մարդկանց ձեռքին գումար չկա եւ բնամթերքով են առեւտուր անում: «Այդ վաճառքը խորհրդանշական
բնույթ է կրելու, մենք ուղղակի խնդիր ունենք ժամանակակից գրականությունը մարզերում
ներկայացնելու»,- պարզաբանեց գործադիր տնօրենը: Ա. Մանուկյանն էլ տեղեկացրեց,
որ կոնկրետ մեծամորյան համերգին կմասնակցեն էջմիածնի «Նավասարդ» կամերային երգչախումբը,
«Արտիմեդ», «Բարեկամություն» պարային համույթները, էմմա Պետրոսյանը, Արամոն, Աշոտ
Ղազարյանը եւ ուրիշներ: Իսկ երգչուհի Լեյլա Սարիբեկյանը նույնիսկ մինի-շուրջպար կկազմակերպի
Մեծամորում, կատարելով Միասնության շուրջպարի առիթով գրված իր երգը: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել